Երեկ հայկական մեդիան անդրադարձավ նույն օրը՝ ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի հրավիրած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային 12-րդ գիտաժողովին, որի նպատակը հայկական հետքը ջնջելն է: «Ահավոր է, ապշած եմ ուղղակի, որ Վատիկանում այսպիսի գիտաժողով է անցկացվում», մեզ հետ երեկ կայացած զրույցում զարմանքով եւ զայրույթով արտահայտվեց հայագետ Յասմին Դում Թրագութը, որ շեշտեց, թե Յոստ Գիպպերտը մերժել է հրավերը, չի մասնակցում Վատիկանում կազմակերպվածին: Դում Թրագութի եւ Յոստ Գիպպերտի համահեղինակությամբ 2023- ի հունիսին Գերմանիայում լույս էր տեսել «Կովկասյան Աղվանքի» մասին միջազգային մեծածավալ ձեռնարկը: Գիտական միտքը կանգ չէր առել 2024-ին էլ՝ Բեռլինում, ի հեճուկս ադրբեջանական խոչընդոտների, կայացավ Անդրեաս Մյուլլերի, Հարություն Հարությունյանի, Դագմար Հելլերի, Մարտին Տամքեի «Արցախի մշակութային ժառանգությունը» հատորի շնորհանդեսը: «Ինչպե՞ս է այսպիսի հակագիտական միջոցառումը հնարավոր դառնում », մեր հարցին ի պատասխան Յասմին Դում Թրագութը արձագանքում է՝ «Այն, ինչ կատարվում է մեր աշխարհում, երեւակում է միայն մեկ բան՝ ով փող ունի, ո՛ւժ ունի: Հավանաբար հայագետներս, գիտնականներս, որ ճշմարտության համար ենք պայքարում, ուժ ու ձայն չունենք: Ժամանակն է, որ Հայաստանի ներկայացուցիչները՝ դիվանագետները, դեսպանությունները, եկեղեցիները խոսեն: Ադրբեջանը միջազգային մասնագետներին թող արտոնի Արցախ գնալ, իրենց՝ այսպես կոչված «աղվանական եկեղեցիները» հետազոտելու, դրա հետ մեկտեղ հնագիտական և պատմական փաստերը թող ուսումնասիրեն», ասում է Յասմին Դում Թրագութը: «Ինձ համար ամենատխուրն այն է, որ հենց Վատիկանում է տեղի ունենում: Եթե ուզում են իսկական գիտաժողով անցկացնել Հռոմում, Աղվանքի և աղվանական, ավելի ճիշտ՝ նոր ուդիական եկեղեցու հարցը քննարկել, թող ամբողջ աշխարհից մասնագետներ հրավիրեն, լուրջ գիտնականների, ոչ թե փողով գնվածներին: Թող հրավիրեն հայ մասնագետներին, չեզոք մասնագետներին եւ ադրբեջանցի մասնագետների հետ քննարկեն հարցը: Աշխարհում հազիվ 20 հոգի լինի, որ ճշմարիտ ու ճշգրիտ հետազոտություն են անում Աղվանքի մասին», առաջարկում է «Կովկասյան Աղվանք» հատորի համահեղինակ Դում Թրագութը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ