Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մ. Նահանգներն արդեն դիրքավորվո՞ւմ է Կովկասում

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խիստ ծածուկ ու խորհրդավոր մի իրավիճակ է ձեւավորվում Հայաստանում եւ նրա շուրջը, հաշվի առնելով, որ վերջերս մեկը մյուսի անմիջական հաջորդականությամբ Երեւան ժամանեցին աշխարհի երեք գերտերությունների անտվանգության գերատեսչությունների ղեկավարները։ Առաջինը Ալի Շամխանին էր, Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը։ Հաջորդը՝ ԿՀՎ-ի (CIA) տնօրեն Ուիլյամ Բըրնսն էր, որին էլ անմիջապես հետեւեց Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունների (FIS) տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցելությունը։

Արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների այսքան բազմակի այցելությունները որոշակի սահմանափակ ժամանակաշրջանում շփոթություն առաջացրեցին քաղաքական շրջանակներում եւ զանգվածային լրատվության միջոցներում։ Քննարկման ենթակա հարցն այն էր, թե արդյոք Հայաստանը այդքան կարեւոր երկի՞ր էր դարձել, որ արժանացել էր նման ուշադրության, թե՞ տարածաշրջանում ինչ-որ աղետաբեր իրադարձություն էր ձեւավորվում։

Հանդիպումների վերաբերյալ տեղեկությունը չափազանց սահմանափակ էր։ Կողմերի ներկայացուցչական խոսափողերը պարզապես տեղեկացրին, որ քննարկումներ են տեղի ունեցել համապատասխանաբար հայ-իրանական, հայ-ամերիկյան եւ հայ-ռուսական հարաբերությունների հարցերի շուրջ։

Միամտություն կլիներ հավատալ, որ ծանրակշիռ այդ պետական գործիչները ինչ-որ աննշան հարցեր քննարկելու համար էին կտրել այդքան երկար ճանապարհ։ Հրապարակված լուրերի ծխածածկույթի ետեւում վստահաբար կարեւոր զարգացումներ էին թաքնված։

Մասնակից բոլոր կողմերն էլ չափազանց զուսպ էին իրենց արտահայտություններում, թույլ տալով մեկնաբաններին, որ համարձակ ենթադրություններ կատարեն։

Քննարկման ենթակա կարեւոր իրադարձությունների շարքում էին հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հեռախոսազրույցը եւ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հրավերով Թբիլիսիում կազմակերպված հանպատրաստից եւ առանց միջնորդների հանդիպումը արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ուշի-ուշով հետեւում էր այդ զարգացումներին եւ արձագանքում յուրաքանչուր դեպքից անմիջապես հետո։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի կապակցությամբ, իսկ նրա տեղակալ Քերըն Դոնֆրիդին Միրզոյանն ու Բայրամովը զեկուցեցին թբիլիսյան հանդիպումից անմիջապես հետո։ Դրանց հետեւեցին Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեվանի իր գործընկերների հետ։ Ավելացնենք, որ Դոնֆրիդը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան էր այցելել մեկ ամիս առաջ։

Վերոնշյալ շփումներին Մ. Նահանգների մասնակցությունը եւ, հետեւաբար Ռուսաստանի բացակայությունը, տեղիք է տալիս որոշ ենթադրություններ կատարել հատկապես այն դեպքում, երբ հանդիպումներում չէր շոշափվել 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ պատերազմից հետո Ռուսաստանն էր բանաձեւել։

Բացահայտ ճշմարտություն է, որ Մ. Նահանգների եւ ընդհանրապես արեւմտյան երկրների քաղաքականությունը Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից հեռու պահելուն է նպատակաուղղված եւ վերոնշյալ քայլերը այդ քաղաքականության գործնական հետեւանքներն են։ Երեւանում դեսպանատներ բացելու Կանադայի եւ Իսպանիայի կառավարությունների նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանի վերադարձը Իսրայել նշանակում են, որ Հայաստանի դերը տարածաշրջանում մեծանում է։ Դինամիկ զարգացումների մյուս, ավելի լայն հատկանիշների թվում են Ուկրաինայում ընթացող պատերազմն ու դրան ուղեկցող պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։ Նաեւ հուլիսի 18-ին Թեհրանում կայացած գագաթաժողովը, որին մասնակցեցին Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին։ Ենթադրվում է, որ օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է եղել, որտեղ երեք պետությունները անընդհատ առճակատման մեջ են եւ պայքարում են չզիջել իրենց դիրքերն այնտեղ։ Էրդողանը ծրագրում է մի նոր հակամարտություն ծավալել Հյուսիսային Սիրիայում ընդդեմ քրդական YGP խմբավորման, որին պաշտպանում է Մ. Նահանգները։ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի ընթացքում նրան չհաջողվեց այդ հարցում համաձայնության գալ նախագահ Բայդենի հետ։ Ռուսաստանն ու Իրանն էլ դեմ են նրա սանձազերծելիք հարձակումներին, քանի որ դրանք է՛լ ավելի են խորացնելու անկայունությունը առանց այն էլ անկայուն այդ տարածաշրջանում։ Նրան, սակայն, հաջողվեց որոշ հաղթանակներ գրանցել իր հաշվին։ ՆԱՏՕ-ում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը չխոչընդոտելու փոխարեն նա ստացավ զենք ձեռք բերելու արգելքը վերացնելու թույլտվություն եւ այդ երկու երկրներից իր անվտանգությանն սպառնացող քուրդ ներգաղթողների արտահանձնումը իրականացնելու հավաստիացում։

Գագաթաժողովի օրակարգում կան նաեւ այլ հարցեր, որոնց թվում են պատժամիջոցները։ Ռուսաստանն ու Իրանը խիստ պատժամիջոցների են ենթարկված Արեւմուտքի կողմից, եւ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, հրաժարվում է մասնակից դառնալ այդ պատժամիջոցների իրականացմանը։ Թուրքիան, այդպիսով, ամենահարմար երկիրն է դառնում շրջանցելու համար սահմանված պատժամիջոցները, եւ Էրդողանն անշուշտ այդ հնարավորությունը տալիս է նրանց, բայց ի գին որոշակի զիջումների նրանց կողմից։ Մնում է տեսնել, թե ինչ ձեւակերպում են ստանալու այդ զիջումները։

Ռուսաստանն ու Ադրբեջանը խիստ մտահոգված են Բըրնսի Հայաստան այցելությամբ։ Նարիշկինի անակնկալ այցելությունը Երեւան այդ է վկայում։ Այդ այցը, ի դեպ, վատ նախանշան է ենթադրում, քանի որ Նարիշկինը ծանոթ է իր ադրբեջանական հակվածությամբ։ Ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ նրա մտերմությունը նպաստեց Մոսկվայի երկերեսանիությանը` 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած իր վերջին այցելության ժամանակ հայտարարեց, որ պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը, ի հեճուկս Հայաստանի։ Նա բառացիորեն կրկնեց նախագահ Ալիեւի խոսքերն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ տասնամյակներ շարունակ պարտավորված էր խաղաղ լուծում գտնել Ղարաբաղի հակամարտությանը, այժմ արդեն մեռած է եւ նոր զարգացումներ են ի հայտ եկել 44-օրյա պատերազմի հետեւանքում։ Հայաստանն իր հույսերը կապել է այդ խմբի հետ, որ դեռեւս շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ եւ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանի ուժի գործադրումը հակասում է այդ խմբի սկզբունքներին, որոնք հաստատված են Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։

Ակներեւ է, որ գործնական ամեն տեսակի նպատակների համար Կրեմլը մտադիր է խորապես սառեցնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ որեւէ լուծում սասանելու է իր դիրքերը Կովկասում։ Ինչ լուծում էլ ստանա հարցը` հօգուտ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի, Մոսկվայի համար միեւնույն է, քանի որ երկու դեպքում էլ իր ներկայությունը ադրբեջանական տարածքում վերջ է գտնելու։

Ցարդ Մոսկվան Հայաստանին համարել է անառարկելի ճշմարտություն, նրան ընդունել է հալած յուղի տեղ. երկու երկրները անվանապես դաշնակից պետություններ են, սակայն Մոսկվան քանիցս չի կատարել Հայաստանի անվտանգությանն ուղղված իր պարտականությունները։

Այժմ, երբ Մ. Նահանգներն է ակտիվություն ցուցաբերում տարածաշրջանում, Մոսկվան մտահոգությամբ է հետեւում նրա քայլերին։ Հայաստանն, այս իրավիճակում, պարտավոր է չափազանց ձեռնհասորեն առաջ տանել իր դիվանագիտությունը կարողանալ կացությունից օգուտ քաղելու համար։ Որոշ քաղաքագետներ, ինչպես օրինակ` Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, հավատացած են, որ «Հայաստանի ապագաղութացումը սկսված է»։

Հակառակ իր փոքր չափին եւ վարկին, Հայաստանը կարող է տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունենալ գերտերությունների հակամարտության ներկա փուլում։ Բարձրաստիճան պաշտոնյաների վերոնշյալ այցելությունները ասվածի վառ վկայությունն են։

Կարեւորագույն զարգացումների ներկա փուլում, հավաստի լրատվության բացակայության պայմաններում, բազմաթիվ տեսություններ են առաջ քաշվում։ Յուրաքանչյուր մեկնաբան ազատ է զգում ներկայացնելու իր սեփական տեսակետը։

Աշխարհին պատուհասած գլխավոր ճգնաժամի պայմաններում մի երկրորդ ճգնաժամի առաջացումը անսովոր երեւույթ չէ միջազգային քաղաքականության ոլորտում։ Այնպես որ, չենք կարող բացառել որեւէ ժամանակ Միջին Արեւելքում մի նոր տագնապի բռնկումը` հատկապես նախագահ Բայդենի այցելությունից հետո. նրա այցի գլխավոր նպատակը Իրանի դեմ պայքարելու համախոհներ գտնելն էր։ Այն բանից հետո, երբ Իրանի միջուկային զենքի վերաբերյալ Քաթարի բանակցությունները ձախողվեցին, Բայդենը հայտարարեց, որ իրեն համբերությունից հանելու դեպքում չի բացառվում, որ օրակարգում հայտնվի ռազմական միջամտությունը։

Նախագահ Բայդենի որդեգրած «հարատեւ պատերազմներից անցում դեպի հարատեւ դիվանագիտություն» քաղաքականությունը կարող է հօգուտ Հայաստանի գործել, հաշվի առնելով, որ Վաշինգտոնն այժմ փորձում է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

Իսրայելը, մյուս կողմից, միշտ էլ իրեն իրավունք է վերապահել կանխարգելիչ հարվածներ հասցնել սպառնալիք ներկայացնող որեւէ թիրախի։ Վաշինգտոնի դերը եղել է զսպել Իսրայելին եւ, միաժամանակ, պատասխանատվություն ստանձնել նման արարքի համար, որովհետեւ ճիշտ է, որ Իսրայելը ի վիճակի է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն նա չի կարող հակակշռել դրա հետեւանքում ստեղծվելիք պատերազմական ծավալուն իրավիճակը ամբողջ Միջին Արեւելքում, որտեղ Թեհրանը ամուր հենարաններ ունի։ Մինչդեռ Վաշինգտոնը կարող է դա անել եւ նույնիսկ առաջարկել այդ ամենից ելք գտնելու մարտավարություն։

Կարելի է ենթադրել, որ Բըրնզի Հայաստան այցելությունը հենց այդ կոնտեքստում է տեղի ունեցել, որպեսզի Հայաստանի ղեկավարների հետ կապ հաստատվի։ Նման սցենարի իրականացման պարագայում, Հայաստանը ընտրության երկու տարբերակ ունի, կա՛մ պահպանել բացարձակ չեզոքություն, կա՛մ էլ ժամանակավորապես համագործակցել Ադրբեջանի հետ եւ որպես հարթակ ծառայել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումներ իրականացնելու համար, որոշակի պարգեւատրման արժանանալու եւ հետո ցինիկորեն դատապարտելու ագրեսիան եւ կարեկցանք հայտնելու Թեհրանին, ինչպես վերջինս կատարեց 44-օրյա պատերազմի օրերին, շնորհավորելով Բաքվին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ տարածքային ամբողջականության որեւէ խախտում «կարմիր գիծ» է հանդիսանալու Թեհրանի համար։

Ոչ ոք, անշուշտ, չի ցանկանում, որ նման մռայլ սցենարը գործի դրվի տարածաշրջանում, բայց համաշխարհային քաղաքականությունը, դժբախտաբար, լի է ամեն տեսակի խելացնոր գործողություններով աշխարհի բոլոր անկյուններում։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպարապետի աչքերն էին ասում՝ Արցախը պիտի մե՛րը լինի, մե՛րը

Հաջորդ գրառումը

«Նրանց ժամանակը». սպիտակ հագած հրեշտակների մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք. Աշոտյան

07/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բավական է առաջնորդվել վերջին 7 տարվա իմ հրապարակումներով, արդյունքում կառավարության անդամների կեսը կհայտնվի ԱԱԾ-ի պադվալներում. Հայկ Դեմոյան

07/05/2025
Հաջորդ գրառումը

«Նրանց ժամանակը». սպիտակ հագած հրեշտակների մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո...

ԿարդալDetails

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025

Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական