Ժամանակին հին մոսկվաբնակներից լսածս հետաքրքրաշարժ պատմություններից մի քանիսը սիրով ներկայացնում եմ «Ազգ»ի ընթերցողին:
1922 թվականի մայիսի 29-ն էր: Ներկայացման ժամանակ թատրոնի բեմ է դուրս գալիս կոնֆերանսիեն եւ հայտարարում.
– Ընկերնե՛ր, մի քանի րոպե առաջ վախճանվել է մեծ ռեժիսոր Վախթանգովը…
Մի գռեհիկ հանդիսատես դահլիճից գոռում է.
– Ոչի՛նչ, կփոխարինե՛նք:
– Ափսո՜ս, որ չփոխարինեցիք նրան մի քանի րոպե առաջ…,- պատասխանում է կոնֆերանսիեն:
Ռեժիսոր եւ դերասան Ռուբեն Սիմոնովը անհատի պաշտամունքի տարիներին մեծ վախ ուներ, որ ինքն էլ դրա զոհը կդառնա: Ամեն դեպքում, նա չէր կորցնում իր մարդկային արժանիքները: Պատմում են, որ մի անգամ նրա ղեկավարած Վախթանգովի անվան թատրոնի ժողովում պետք է միաձայն որպես ժողովրդի թշնամի դատապարտվեր թատրոնի նվագախմբի մի հայ երաժիշտ: Որպեսզի կողմ չքվեարկի, Սիմոնովը դուրս է եկել՝ իբր ծխելու: Տարիներ անց, լսելով այս պատմությունը, դրամատուրգ Նիկոլայ Էրդմանն ասել է. «Այն սարսափելի տարիներին ծխելու դուրս գալն էլ մեծ հերոսություն էր»:
Ռուբեն Սիմոնովը կարծում էր, որ Ստալինյան մրցանակն իրեն կպաշտպանի բռնադատման զոհ դառնալուց, ու թախանձագին խնդրում է այդ մրցանակը շնորհող հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ֆադեեւին՝ օգնել իրեն: 1947 թվականին Ստալինի ներկայությամբ հավաքվում է մրցանակային հանձնաժողովը: Ֆադեեւը, որին Ստալինը համակրում էր, թվարկում է մրցանակ ստանալու համար առաջադրվող արտիստներին.
-Ռուբեն Սիմոնովին առաջարկում ենք մրցանակ տալ «Ծովակալ Նախիմով» ֆիլմում թուրք փաշայի դերի կատարման համար:
Դա անհաջող մի ֆիլմ էր, իսկ Ստալինը բոլոր ֆիլմերը դիտում էր: Նա խոժոռվում է.
-Իսկ նրան այդ ինչի՞ համար…
Ֆադեեւը, իր մեջ ուժ գտնելով, պարզաբանում է.
-Ընկե՛ր Ստալին, ընկեր Սիմոնովը շատ է ուզում ստանալ այդ մրցանակը:
Մի փոքր մտածելով՝ Ստալինը պատասխանում է.
-Եթե շատ է ուզում, ուրեմն պետք է տալ…
Ռուբեն Սիմոնովը արժանանում է Ստալինյան մրցանակի:
Հանդիպելով իր հայրենակից ռոստովահայ գրող-երգիծաբան Գեորգի Տերիկովին՝ Ռուբեն Սիմոնովը չի կողմնորոշվում, թե ինչպես նրան կոչի՝ հայրենակի՞ց, բայց երկուսն էլ խորհրդային քաղաքացիներ էին, ներկաները կարող էին վատ աչքով նայել. համերկրացի՞, սակայն չէ՞ որ նրանք տարբեր քաղաքներում էին ծնվել: Ուստի ասում է.
– Բարեւ, իմ… համագյուղացի:
Անաստաս Միկոյանի ազգական Հայկազ Միկոյանը «պրոդտորգի» ղեկավարներից էր եւ մոսկովյան հայտնի «Հայաստան» խանութը նրա ջանքերով էր Կուրսկի կայարանից տեղափոխել Գորկու փողոց: Այս պատմությունը լսել եմ նրա որդուց՝ Կառլենից:
1949 թ. հայերը զանգվածաբար աքսորվում էին Ալթայ եւ Սիբիր, քանի որ ՀԿԿ առաջին քարտուղար Հարությունովը բողոքում էր, թե Խորհրդային Հայաստանում հացահատիկը չի բավականացնում ու հանրապետությունում սով է: Անաստաս Միկոյանն ուզում էր միջամտել, բայց վախենում էր: Նա Հայկազ Միկոյանին խնդրում է գնալ Հայաստան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանին իր մոտ հրավիրել: Կաթողիկոսը գալիս է Մոսկվա, խոսում Անաստաս Իվանովիչի հետ ու այնտեղից գնում Ստալինի մոտ: Ստալինը չի ուզում ընդունել կաթողիկոսին, ասում է՝ հաղորդեք, որ տեղում չեմ ու չեմ հրավիրել նրան: Երկու օր շարունակ Գեւորգ Զ կաթողիկոսը նստում է Ստալինի ընդունարանում, հրաժարվում է հեռանալ, մինչեւ չտեսնի Ստալինին: «Ժողովուրդների հայրը» ի վերջո անհարմար է զգում ու ընդունում կաթողիկոսին: Հայերեն հարցնում է նրան.
-Ի՞նչ է պատահել, տե՛ր Հայր (կաթողիկոսին դիմելու ճիշտ ձեւն է՝ Վեհափա ռ Տեր – Ա.Գ.):
Կաթողիկոսը խնդրում է հայերին այլեւս չարտաքսել Ալթայ:
-Հարությունովն է բողոքում, որ սնունդ չկա,- պատասխանում է Ստալինը:
-Այո, բայց հայերը չեն կարող առանց Սուրբ Էջմիածնի:
-Ես Ալթայում նրանց համար Էջմիածին կկառուցեմ,- իրենն է պնդում Ստալինը:
-Բայց նրանք առանց Արարատի էլ չեն կարող ապրել…
Ստալինը մտածում է ու պատասխանում.
-Այս հարցում օգնել չեմ կարող:
Հայերի աքսորը դադարեցվում է…
Պատմում են, որ Արամ Խաչատրյանը անձնական շփումներում պարզ էր եւ մարդամոտ: Նաեւ կատակում են, որ ինչպես շատ այլ մեծեր, նա էլ հոգով ու մտքով ավելի շատ երկնային աշխարհներին էր պատկանում, հեռու էր նյութական խնդիրներից ու տարբեր ֆինանսական հարաբերություններից:
Երբ Արամ Խաչատրյանը ուսանում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, այնտեղի հայ դռնապանը շատ էր հարգում իր հայրենակցին ու ամեն անգամ տեսնելով նրան՝ վազում-բաց էր անում նրա առջեւ կոնսերվատորիայի մուտքի մեծ, ծանր դռները: Նման պատվի չէին արժանանում նույնիսկ ժամանակի ամենանշանավոր կոմպոզիտորներն ու դասախոսները: Տարիներ անց, երբ Խաչատրյանը մեծ համբավ է ձեռք բերում, դռնապանը նույն հարգանքով շարունակում է ամեն անգամ նրա առջեւ բաց անել դռները:
Ու օրերից մի օր այդ դռնապանը մահանում է: Կոնսերվատորիայի արհմիության ներկայացուցիչը այցելում է Դմիտրի Շոստակովիչին ու ասում, թե քանի որ դռնապանն աղքատ պայմաններում էր ապրում, կոնսերվատորիայի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է գումարով օգնի նրա թաղումը կազմակերպելու համար: Հայտնի էր, որ Խաչատրյանը խնայողաբար էր մոտենում ամեն մի ծախսի, տնտեսում էր դրամը: Եվ Շոստակովիչը հարցնում է իր ընկերոջ մասին.
-Իսկ որքան գումար է հատկացրել Արամ Իլյիչը, չէ՞ որ նա եւ դռնապանը հայրենակիցներ էին:
-Երեք ռուբլի,- լինում է պատասխանը:
-Մի ամբողջ երեք ռուբլի՞,- հիանում, թե զարմանում է Շոստակովիչը:- Այդ դեպքում թաղումն իմ հաշվի՛ն արեք…
Մի առիթով Կառլեն Միկոյանը, որ հմուտ շինարար էր, ծանոթանում է Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանը նրան բողոքում է, որ իր մերձմոսկովյան ամառանոցը բոլորովին խարխլվել է ու այն պետք է վերակառուցել: Միկոյանն իսկույն իր ծառայություններն է առաջարկում մեծ հայրենակցին ու այլ հայ շինարարներ բերելով Սնեգիրի ամառանոցային ավան՝ գործի է լծվում: Անցնում են շաբաթներ, որի ընթացքում Խաչատրյանը պարբերաբար այցելում է շինարարներին, վերահսկում աշխատանքի ընթացքը, նաեւ իր կյանքից մանրամասներ պատմում Միկոյանին, որը նույնպես թիֆլիսեցի էր: Մասնավորապես պատմում է, որ ժամանակին կոմպոզիտոր դառնալու վճիռը կայացրել է՝ ներշնչվելով հայ եւ ընդհանրապես կովկասյան երաժշտությամբ, ու հաճախ որեւէ նոր գործ ստեղծելուց առաջ հայկական երաժշտություն է լսում, երբեմն հայ ժողովրդական երաժիշտների հրավիրում իր տուն՝ նվագելու:
Եվ ահա նոր ամառանոցը պատրաստ է, Խաչատրյանը գոհունակությամբ ընդունում է այն ու որոշում երախտիքը հայտնել առանց որեւէ վճարի աշխատող հայ շինարարներին: Նա գրպանից հանում է մի շատ փոքր գումար՝ կարծեմ 100 ռուբլի ու մեկնում Կառլեն Միկոյանին.
– Վերցրո՛ւ, բաժանի՛ր տղաներին, թող ուրախանան:
Միկոյանը վերցնում է գումարը, բայց Խաչատրյանը թերեւս նրա դեմքից կռահելով շվարումը՝ ձեռքը տանում է գրպանը, եւս մի 10-ռուբլիանոց հանում, մեկնում Միկոյանին.
-Սա էլ վրան ավելացրու: Թող շատ լինի, քիչ չլինի…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նկարում. Ռուբեն Սիմոնով եւ Արամ Խաչատրյան