Օրեր առաջ ՀՀ վարչապետը հայաստանյան հանրությանը ներկայացրեց երկրի բյուջե համարվող փաստաթղթի 2024 թվականի ցուցանիշները, դրանք ներկայացնելով ոգեւորության գերադրական մեկնաբանություններով, գովեստի յուրօրինակ, այսպես բնորոշենք` հեղեղային որակումներով: Փորձ արվեց այն ներկայացնել մի գործընթաց, որն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, մտնում է նրա տուն, անգամ խոհանոցի կաթսայի մեջ: Կարճ ասած, առանց բյուջե մենք կյանք չունենք, այն մեզ հետ է օրվա յուրաքանչյուր ակնթարթ, շքամուտքից բակ, ավտոբուսից գործատեղ, աշխատանքային պահերին եւ ընդմիջումներին, այն բազմակի անգամներ գերազանցում է հանրային միջավայրում վխտացող գերգաղտնի գործակալներին, իր տեսանելի ու անտեսանելի դրսեւորումներով: Այնպես որ պատահական չէր բյուջե արտահայտության վերաբերյալ ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս հետաքրքրությունը: Բացում եմ հոմանիշների ամենահայտնի բառարաններից մեկը, որը հրատարակվել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ: Բյուջե – ֆինանսական արտահայտությամբ՝ ելեւմտացույց – մասնագիտական հազվադեպ հանդիպող – հաշվեցույց:
Փորձում եմ ինչ-որ կապ փնտրել վարչապետի խոսույթի ու մեզանից յուրաքանչյուրի առօրյայի անբաժանելի մաս կազմող վերոհիշյալ արտահայտությունների միջեւ, եւ՝ կարծես զուր: Ոչ այնքան՝ իհարկե, քանզի բնակվում եմ տասնամյակներ առաջ իշխանությունների կողմից սեփականաշնորհված բնակարանում, բակի ասֆալտը փռվել է թերեւս արգիշտյան տարիներին, իսկ ավտոբուսային տեղափոխման նոր սակագինը, հայտնի 150 դրամը, սահմանվել է մեր օրերում, շաբաթներ առաջ: Եվ այս ամենը՝ իշխանության կողմից ՀՀ մեկ բնակչի հաշվով տարվա արդյունքով հավաքվող 2000 դոլարի պարագայում: Պատկերն առավել տպավորիչ դարձնելու նպատակով օգտագործվում է ՀՀ արժույթի ցուցանիշը, ստացվում է 800000 դրամ թիվ: Եվ հարցը՝ ինչո՞ւ է հայաստանյան հանրության որոշիչ-որոշակի մասն այս պայմաններում փորձում հեռանալ ծննդավայր երկրից, ավելին՝ չի նկատվում հայրենիք վերադարձի նվազագույն նկատելի շարժ, հնչում է ինքնաբերաբար: Թող վարչապետը հանրության ինչ-որ մասին շարունակի համոզել, որ նրանք մի 5-6 տարվա համեմատ նկատելի բարեկեցիկ պայմաններում են ապրում, մեր մարդիկ ո՛չ պանրային մթերք ներկայացվող կաթնամթերքից են օգտվում, ո՛չ վաճառվող մսատեսակների կես գնից էլ պակաս գնով վաճառվող երշիկեղենի առկայությունից են ոգեւորվում, ո՛չ էլ հանգստի ներգնա պայմաններից են օգտվում: Մեկ անգամ չէ, որ հայտարարվում է, որ ասենք Եգիպտոսում հանգիստ անցկացնելը թե՛ ֆինանսական, թե՛ բովանդակային առումներով շատ ավելի գրավիչ են, քան ՀՀ տուրօպերատորների առաջարկներն են: Լավ, ո՞րն է Աֆրիկայում գտնվող այս երկրի առանձնահատկությունը, որ հայաստանցիները բազմակի այցելություններ են կատարում դեպի Եգիպտոս, երբ հակառակը գրեթե չի նշմարվում: Փորձեցի թող որ սիրողական մակարդակով պատասխաններ գտնել: Նախ պարզվեց, որ երկրի բնակչությունը վերջին 20-ամյակում 70 մլն-ից հասել է 110 մլն-ի, ՀՆԱ-ն 250 մլրդ դոլարից 1,7 տրիլիոն դոլարի, մասամբ տարօրինակ է, որ ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունն ընդամենը 5-6 տոկոս է, երբ մեզանում այն փորձում են 23 տոկոսից 25 տոկոսի հասցնել: Պատերազմասեր հրեական պետության հարեւանությամբ ապրելու պայմաններում երկիրը 450000-անոց բանակ է պահում, որը տարածաշրջանում ամենամեծաքանակն է: Գյուղնշանակության առումով սակավահող այս երկրում վերջին տարիներից յուրաքանչյուրում 5 մլն տոննա բրինձ են արտադրում, 8 մլն տոննա եգիպտացորենի հատիկ, 10 մլն տոննա ցորեն, հավի մսի արտադրությունը 600 հազար տոննայից հասցրել են 3 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով տարեկան 30 կգ-ի, երբ մեր ցուցանիշը հազիվ 5 կգ է: Հայաստանյան առեւտրային ցանցում, տարվա բոլոր եղանակներին անխափան վաճառվում են եգիպտական հողերում աճեցված թե արեւադարձային մրգերն ու բանջարեղենը, թե՝ ինչքան էլ տարօրինակ համարվի կարտոֆիլն ու ստեպղինը, գազար անվանվողը:
Մեզ համար ոչ նպաստավոր այսօրինակ փաստարկումը կարելի է անվերջ շարունակել, հիշելով այն ոլորտները, որտեղ ՀՀ գործադիր մարմինն անելիք ունի: Անունով գործադիր այս կառույցն առերեւույթ ինչ-որ բան անում է, խելացի հռչակված անասնագոմերի ու սպանդանոցների ծրագրեր է ֆինանսավորում, ինտենսիվ այգիների ու սահմանամերձ համայնքներում հացահատիկային բույսերի աճեցման նպատակով էլ բյուջեից գումարներ է հատկացնում, որոնց գրեթե բոլորի վերջնարդյունքները կա՛մ տեսանելի չեն, կա՛մ ընդգծված ձախողված են: Այստեղ տեղին է հիշել մարդկության հանճարներից Էյնշտեյնի այն դիտարկումը, ըստ որի ժրաջան մեղուների վերանալու պարագայում երկրագնդի վրայից կվերանա նաեւ մարդկությունը: Թե ինչու է տեղին հիշելը, ստորեւ: 2018 թվականին նշվում էր ՀՀ-ում առկա 450.000 մեղվաընտանիքների մասին, մեղրի կգ-ի գինը միջինում 3000 դրամ էր: Օրեր առաջ Երեւանում կայացավ մեղվաբուծությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով, ուր մեղվաընտանիքների քանակ հայտարարվեց 200.000 թիվը, որի արդյունքում մեղրի կգ-ի գինը հասել է 5-7-հազարական դրամի:
Ամենայն վստահությամբ հայտարարում եմ հայաստանյան որեւէ պատասխանատու պաշտոնյա այս մասին անգամ շշուկով ու ակնարկի տեսքով չի խոսել, կարծես նախազգուշացնողը հանճար Էյնշտեյնը չէ: Պարզորոշ ուրվագծվում է, որ մեղվաընտանիքների այսօրինակ կտրուկ նվազման արդյունքում, ՀՀ տնտեսության պատասխանատուների մոտեցումներով նպատակահարմար չի դիտարկվում հայաստանցուն առաջնահերթ սննդահումքով ապահովումը, նախապատվությունը տրվում է համաշխարհային շուկայում գնողունակ հատվածին ինչ-որ էկզոտիկ մշակաբույսերով սպասարկմանը, մեզ բաժին հասցնելով հիվանդածին սննդակարգը:
Իրոք կարելի է մոլորվել մերօրյա միջավայրում: Իմա՝ տիեզերք արբանյակ ենք արձակում, երբ կենցաղում անզորի ու անօգնականի վիճակում ենք, ներքին պատերազմ ենք սանձազերծում, երբ անբարտավան թշնամին մեր տարածքներն է ոտնատակ տալիս, սրբություն սրբոցներն ենք անարգում, ուրացումը հրճվանք հռչակում, հարկերի հավաքագրումից ենք խոսում, հավաքվածն աջ ու ձախ շռայլում, էլ որն ասեմ, էլ որը…
Այսպես էլ ապրում ենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ