Երբ տարիներ առաջ երաժշտական խմբերից մեկը «մի գդալ սեր է պակասել» երգը թողարկեց, այն ժամանակ, իսկապես, բոլորիս թվում էր, թե մարդիկ պակաս են իրար սիրում, մեկը մյուսին չեն հանդուրժում, ու, իրավամբ, մի գդալ սիրո պակաս կա: Այն ժամանակ, անխոս, ո՛չ ես, ո՛չ հասակակիցներս, ո՛չ մեր՝ կնեսափորձով հարուստ դասախոսները, ծնողներն ու առհասարակ բոլորը չէին էլ կարող մտածել, թե աղետալի պատերազմ կլինի, տարածքային ու մադկային կորուստներ կունենանք, Արցախը շրջափակման մեջ կհայտնվի եւ այլն, եւ այլն: Չէինք կարող մտածել նաեւ, որ հասարակությունն այն աստիճան կարող է երկփեղկվել, որ դասարան մտնող ուսուցիչը, որ աշակերտի համար լավագույն օրինակն է, նրանց մոտ կամ Facebook սոցիալական ցանցի իր էջում կարող է ատելության խոսք տարածել քաղաքական այս կամ այն ուժի, դեռ չասած՝ իր գործընկերոջ հասցեին: Գոնե ես չէի կարող հավատալ, ընդունել ու համակարեպվել, որ Նիկոլ Փաշինյանի ոտնատեղին մատաղ լինելու պատրաստ կինը կարող է լքել ամուսնուն, ինչ է թե վերջինս Սերժ Սարգսյանի հավատարիմ «երկրպագուն» է: «Նախկինների» ժամանակ մեզ՝ երիտասարդներիս, հուզող հարցերը հասարակական տրանսպորտի ու էլեկտրաէներգիայի գնի թանկացման շրջանակներում եւ դրանց դեմ պայքարելով էին սահմանափակվում:
Այժմ սակայն մտածում ենք պետականության ու մի բռաչափ հողը պահպանելու մասին: Բայց պահպանելուց առաջ նախ այն պաշտպանել է պետք՝ զենքից բացի՝ սիրով: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմը հանձն առավ մեզ «սեւերի» ու «սպիտակների» բաժանել, հայ հասարակությունը միմյանց ատելու համառ պայքարի մեջ է: Բնությանն, ըստ երեւույթին, անհայտ այս երեւույթը, երբ մի տեսակը մյուսին պարզապես խժռել ու կուլ տալ է փորձում, ոչ միայն մեր՝ միմյանց հետ ունեցած հարաբերությունները, այլ նաեւ պետության հիմքերն է խարխլում: Ինչպես կարող է մի երկիր հզոր լինել, որի ղեկավարն իրեն չաստվածացնողներին «պատերին ծեփել» ու «ասֆլատներին փռել» է հրահանգում: Երկիրն ամուր հիմքի վրա լինել չի կարող նաեւ, երբ քաղաքական դաշտի ընդդիմությունը ոչ թե փորձում է հեռացնել իր իսկ կողմից «դավաճան» պիտակը ստացած իշխանությանը, այլ իր՝ անդուլ ու անմիտ քայլերով, դեռ մի բան էլ ամրապնդում է նրան, օգնում՝ առավել քան երկարակյաց լինել: Ինչքան էլ տարօրինակ թվա՝ երկրի քաղաքական տաշտում վխտացող ատելությունը, փաստորեն, առ այս պահը միայն մեկ նպատակի է ծառայել ու ծառայում՝ երկարացնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Պատկերացնո՞ւմ եք՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները, թե՛ տաքսու վարորդները, թե՛ փողոցում հանդիպող մարդիկ ու թե՛ բոլոր-բոլորը ատելության, հայհոյանքի ու անեծքի կողքին (չեմ ասում փոխարեն, քանզի մարդն իր բնույթով ի սկզբանե է նախանձոտ) նաեւ մի պտղունց սեր ցանեին: Հայաստանի ու հայ հասարակության թիվ մեկ խնդիրն այն է, որ մարդիկ դադարել են սիրել մեկը մյուսին՝ պարզ, մարդկային սիրով: Բոլորը միայն ատում են, ու որպես բացարձակ արժեք՝ ոչ թե Աստծուց ընծայված սերը, այլ սատանայից բխող անեծքն ընկալում, ընդունում: Իսկ սատանայի հետեւից գնացողը, գիտենք, ինչ վերջաբան է ունենում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ