ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը 2023թ. մարտի 23-ին իրականացրեց միջոցառում-քննարկում «Թվային տնտեսություն. ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» խորագրով գրքի շուրջ:
Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի, ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի, Ռուսաստանի Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի, Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոսներ, ուսանողներ, «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, «Էնթերփրայզ Արմենիա» (Ներդրումների աջակցման կենտրոն) հիմնադրամի, «Էներգետիկայի ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ եւ ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:

Ներկաներին ողջունեց ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Նարինե Սիրականյանը՝ իր խոսքում կարեւորելով արդի ժամանակներում թվային տնտեսության զարգացումը Հայաստանում՝ որպես առաջնահերթություն: Նա նշեց, որ գիտատեխնիկական գրադարանը որդեգրել է առաքելություն՝ դառնալ տնտեսության զարգացման գերակա ոլորտներում արդիական թեմաների շուրջ քննարկումների, հանդիպումների եւ այլ ձեւաչափով միջոցառումների կազմակերպման եւ իրականացման հարթակ:
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը ներկայացրեց ագրարային ոլորտում թվային տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրները, թվայնացման մարտահրավերները, ոլորտի նորարարական ներուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վերափոխման վրա եւ նոր սերնդի թվային տեխնոլոգիաների մի շարք առավելությունները, ինչպես նաեւ անդրադարձավ թվային տնտեսության զարգացմանը ՀՀ-ում:
Մասնակիցները ծանոթացան նաեւ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից մշակված խելացի գյուղատնտեսության առցանց հարթակին, որը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից:
Հարթակը ներկայացրեց խելացի գյուղատնտեսություն ծրագրի հաղորդակցության փորձագետ Օնիկ Սանջյանը՝ խոսելով հարթակի բավականին հարուստ գործիքակազմի մասին, որը հնարավորություն է տալիս խելացի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին կապեր հաստատել Սեւծովյան ավազանի տարածաշրջանի երկրների գործարարների, ֆերմերների, տեխնոլոգիա առաջարկողների եւ փնտրողների միջեւ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում թվային տնտեսության հարցերի շուրջ: Ուսանողների համար անցկացվեց թվային տնտեսության վերաբերյալ վիկտորինա:
Մասնակիցները ծանոթացան գրադարանի մասնագիտական տեղեկատվական պաշարների թեմատիկ ցուցահանդեսին:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ