«Երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Պատրաստվում էի բարձրագույն կրթություն ստանալ սպորտի ուղղությամբ: Ընդունելության քննություններից միայն մեկ օր առաջ իմացա, որ հայրս թղթերս տեղափոխել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետ: Այդպես ես դարձա Մայր բուհի, ապա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող». Էդուարդ Ղազարյան
Ականավոր ֆիզիկոս, Հայաստանում նանոֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն օրերս նշեց ծննդյան 80-ամյակը: Գիտական գործունեության շուրջ վեց տասնամյակների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ Կրթության եւ գիտության նախարար, Մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԳԱԱ փոխնախագահ եւ այլն. կրթության եւ գիտության հմուտ կազմակերպիչը, պետական եւ հասարակական գործիչն իր գործունեության բոլոր ոլորտներում կարեւորել է կրթության դերը, գիտության զարգացումը, բարձրացրել է խնդրահարույց հարցեր, հետամուտ եղել դրանց լուծմանը: Այսօր էլ անվանի գիտնականն անհանգստացած է. կրթության եւ գիտության ոլորտում շատ բան ենք կորցրել:

«Խորհրդային կրթական համակարգն ուներ բացահայտ ընդգծված երկու առավելություն՝ հիմնարարությունն ու հանրագիտայնությունը: Դա տալիս էր հիմնարար գիտելիքներ՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ էր դառնալու աշակերտը: Իմ գործունեության տարբեր շրջաններում մշտապես խորհուրդ եմ տվել պահպանել այս երկու կարեւոր առավելությունները: Ցավոք՝ չպահպանվեց.դա մեր կարեւոր կորուստն էր»,-մեզ հետ զրույցում նշում է Էդուարդ Ղազարյանն ու թվարկում այն խնդիրները, որոնք անկախությունից հետո ավելի խորացրին կրթական համակարգի խնդիրները:

Որպես կրթության փորձագետ՝ նա բազմիցս ներկայացրել է իր դիտարկումներն իրականացվող բարեփոխումների համատեքստում: Նկատում է՝ խնդիրներից մեկն անցումն էր 12-ամյա կրթության.նախարար լինելու ընթացքում Էդուարդ Ղազարյանն առաջարկում էր անցնել 11-ամյա կրթությանն ու թեթեւացնել միջին դպրոցի ծանրաբեռնվածությունը. «Նախկին 18 ժամի փոխարեն ուսուցիչն այսօր շաբաթը 22 ժամ է պարապում. օրական 4-5 ժամ պարապող ուսուցիչը սպառվում է, էներգիա չի մնում վերապատրաստման, նոր գրականության ընթերցման, կարողությունների զարգացման համար: Նա իր հիմնական առաքելությունը չի հասցնում կատարել: Դասարանների խտությունը եւս մեծացավ.երկու քայլն էլ եղավ՝ ի վնաս կրթության որակի»,- հավելում է Էդուարդ Ղազարյանը:
Որակյալ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, ուսումնական լավ ծրագիր եւ լավագույն ուսուցիչ. ըստ ակադեմիկոս Ղազարյանի՝ սա է որակյալ կրթական համակարգ ունենալու գործիքակազմը: Նկատում է՝ շենքային պայմանների բարելավման, բնագիտական առարկաների գծով ուսումնական լաբորատորիաներով դպրոցները հագեցնելու տեսանկյունից դրական տեղաշարժ, կարծես թե կա, սակայն կարեւոր է, որ դպրոցաշինությունը դառնա հանրային պատասխանատվություն:
«Որակյալ կրթության գլխավոր դերակատարը ուսուցիչն է: Նա պետք է համապատասխանի երեք կարեւոր չափանիշի՝ դպրոցական ծրագրի շրջանակներում կատարյալ տիրապետի իր առարկային, ապա մեթոդական հմտություններին եւ տեխնոլոգիաների կիրառմամբ նյութն աշակերտներին մատուցի մատչելի, բայց գիտական մակարդակում»,- նշում է Էդուարդ Ղազարյանն ու հավելում ուսուցչի երրորդ եւ ամենակարեւոր չափանիշը՝ տիրապետումը մայրենի լեզվին՝ անկախ նրանից, թե ինչ է դասավանդում ուսուցիչը. հայերենի ուսուցիչը միայնակ չի կարող երեխային գրագետ դարձնել:
Էդուարդ Ղազարյանը նաեւ վաստակաշատ մանկավարժ է, գիտական գործունեությանը զուգահեռ՝ դասավանդել է հանրապետության մի շարք դպրոցներում, ունեցել ֆիզիկայի բնագավառում օլիմպիական հաջողություններ վաստակած աշակերտ: Սեփական փորձով գիտի՝ առանց նվիրումի, լավ ուսուցիչ չես կարող լինել: Ափսոսանքով է նկատում՝ արժեքային դաշտն ենք կորցրել եւ գլուխ է բարձրացրել մի բան, որը կոչվում է «սպառողական հոգեբանություն»:
«Գիտելիքն ու իմացությունը հայ ընտանիքներում մշտապես ազգային արժեք են եղել: Երանելի էին անցած դարի 60-ականները, երբ ուսուցիչն անառարկելի հեղինակություն էր, նա հպարտ կեցվածքով մտնում էր դպրոց, դասախոսը՝ բուհ, գիտնականը՝ ինստիտուտ: Դրան նպաստում էր առաջին հերթին պետության վերաբերմունքը, երբ երկրում ամենաբարձր աշխատավարձ ստանում էր դոկտոր, պրոֆեսորը, ոչ թե նախարարը»,-նշում է անվանի գիտնականն ու թվարկում նաեւ այն գրական ու մշակութային ստեղծագործությունները, որոնք մեծարում էին գիտնականին ու նրա գործունեությունը:
Նրա կարծիքով՝ ներկա իրադրության պայմաններում, երբ ծնողը մեղադրում է ուսուցչին, ուսուցիչը ընտանիքին եւ մանկավարժը հեղինակազրկվել է, մեկ նախարարությունը չի կարող լուծել խնդիրը. ազգովին պետք է վերականգնել այն մթնոլորտը, որ հայ ընտանիքներում նորից գիտելիքն ու իմացությունը դառնան նույնքան կարեւոր:
«Կրթությունը միայն ինտելեկտ չէ: Այն նաեւ բնավորություն պետք է լինի, հատկապես այսօր՝ մեր երկրի անվտանգային խնդիրների պայմաններում պետք է յուրաքանչյուրը հստակ գիտակցի, որ ինքն է այս երկրի տերն ու սահմանների պահապանը: Արցախյան 1-ին պատերազմում հաղթեց հայ ուսուցիչը»,-վստահեցնում է աշակերտների եւ ուսանողների տարբեր սերունդներ կրթած մանկավարժ-գիտնականը:
Էդուարդ Ղազարյանն այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, բարձրաձայնում կրթության եւ գիտության ոլորտների խնդրահարույց կողմերի մասին: Անհանգստացած է՝ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում, երբ նոր գիտական ուղղություններ ու մասնագիտություններ են առաջանում, երիտասարդ որակյալ գիտնականներ են անհրաժեշտ. «Քիմիան, ֆիզիկան եւ կենսաբանությունը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն են ապահովում: Սկզիբը դրվում է դպրոցում, այնինչ այդ առարկաների գծով ուսուցիչների պակաս արդեն ունենք: Այս հարցի համար ոչ ստանդարտ լուծումներ են պետք»,-նշում է էդուարդ Ղազարյանն ու եւս մեկ անգամ ընդգծում՝ այս պահին երկրի համար կարեւորագույնը պետք է լինեն մանկավարժական եւ ինժեներական ուղղությունները:
Գիտության բարձունքները նվաճած գիտնականը տարիների հեռվից վերանայում է ֆուտբոլի եւ ֆիզիկայի միջեւ կատարած ընտրությունն ու առանց ափսոսանքի վստահեցնում. «Միշտ էլ ինչ-որ կիսատ թողած բանի համար ափսոսում ես, բայց, մեծ հաշվով, ճիշտ քայլ էր, քանի որ սպորտը երիտասարդ տարիքի համար է: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, եւ ցանկալի է, որ ընտրածդ մասնագիտությունը քեզ ուղեկցի մինչեւ կյանքի վերջը»,-նշում է Էդուարդ Ղազարյանն ու ասվածը վերահաստատում իր գործունեությամբ: Մինչ օրս նա ե՛ւ կրթության, ե՛ւ գիտության մեջ է. դասավանդում է երկու բուհում, վերապատրաստում ուսուցիչներին, հիմնադիր-խմբագիր է գիտական երեք ամսագրի՝ «Բնագետ», «Գիտության աշխարհում» եւ «Դպրոցականի գրադարանի մատենաշար»՝ բնագիտական առարկաների գծով: Պրոֆեսորը հավատում է պատահականություններին եւ լիահույս է, որ մի օր այդ ամսագրերում երեխան մի բան կկարդա, կոգեւորվի եւ կընտրի հենց այդ ուղին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ