Պերճ Թերզյան. Եգիպտոսի հայագաղութի նահապետը, որ վերջին 25-30 տարիներին լինելով Թեմական խորհրդի անդամ, երբեմն՝ ատենապետ, հաճախ նաեւ ՀԲԸՄիության շրջանային վարչության ղեկավար, իսկ հաճախ էլ՝ առանց որեւէ պաշտոնի, բոլո՛ր պարագաներում, պետական մարմինների մոտ թե այլուր միշտ եւ շարունակ տեր է կանգնել հայագաղութի շահերին, օգտակար դառնալով նաեւ, ՀՀ անկախությունից հետո, Կահիրեում մեր դեսպանությանը:
Լինելով հարգված գործարար, առեւտրային տպարանի սեփականատեր, միաժամանակ՝ քաջահմուտ արաբերեն լեզվին, եգիպտական բարքերին, պետական գրասենյակների ավանդական գործելակերպին, նրա խորհուրդները որոշիչ են եղել մեր ազգային, հասարակական կյանքի կազմակերպական գործերում, իսկ տագնապալի ժամանակներում, ինչպես 2010-ականներին, երբ ծայրահեղ լարվեցին հարաբերությունները Եգիպտոսի արմատական մահմեդականների եւ 8-10 միլիոն հաշվող ղպտի քրիստոնեական համայնքի միջեւ, նա բնավ չլքեց մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում գտնվող եւ Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ վեր խոյացող մեր առաջնորդանիստ տաճարն ու հարակից գրասենյակը: Նա իսկապես հարգված էր տեղի պետական պաշտոնյաների ու տարբեր համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից որպես պարկեշտ, լուրջ հեղինակություն: Նրա խոսքը հարգում էին:
Միաժամանակ՝ նա ջատագովն ու պաշտպանն էր եգիպտահայ մամուլին, հատկապես «Արեւ» օրաթերթին, իսկ վերջին տարիներին կանոնավոր պարբերականությամբ լույս էր ընծայում «Տեղեկատու» բուլետենը, որտեղ հրապարակում էր իր հոդվածները, որոնցից վերջինը նվիրված էր արեւմտահայերենի պահպանման դժվարին խնդրին:
Փառասեր չէր Պերճ Թերզյանը, հետեւաբար՝ ոչ էլ ցուցամոլ: Լուրջ եւ լրջախոհ՝ սիրում էր գործել անաղմուկ, բայց արդյունավետ: Նրա աշխատանքը տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ մի այնպիսի մարզում, որին մեր ազգայիններից միայն քչերն են եղել հետամուտ՝ ծագումով հայապատկան կալվածների ու շինությունների վերատիրացում՝ հնարավորության սահմաններում եւ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Եվ հենց նրա ջանքերով է, որ Հայ եկեղեցին եւ ՀԲԸՄիությունը վերստին տեր են դարձել հանգամանքների բերումով կամ 50-ականների պետականացման հետեւանքով իրենց կորցրած ունեցվածքներին: Այդ կալվածներից մեկը, թերեւս ամենից նշանավորը, Ջանիկ Չաքըրի վիլլան էր, որը փաստաթղթերի կարգավորումից հետո, Եգիպտոսում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի պաշտոնավարության ժամանակամիջոցում, նվիրվեց Հայաստանի Հանրապետությանը որպես դեսպանատուն գործածելու պայմանով:
Պատկերացում կազմելու համար ասենք, որ այդ վիլլան, բավական մեծ առանձնատունն իր գողտրիկ այգով, գտնվում է օտարերկրյա դեսպանատներին հատկացված եւ անվտանգային զոննա համարվող փողոցի վրա, որտեղ միայն մեր դեսպանությունը ունի ամռան շոգ երեկոներին, պաշտոնական բացօթյա ընդունելություններ կազմակերպելու հնարավորություն՝ կանաչ գազոնային տարածքում՝ նախանձը շարժելով հարեւանությամբ գտնվող մեծ, շատ հարուստ երկրների դեսպանությունների:
Հայրենասեր մարդ էր Պերճ Թերզյանը: Տարին առնվազն մեկ անգամ, տիկնոջ՝ Սեդայի հետ նա այցելում էր Երեւան եւ հանդիպումներ ունենում տարբեր մտավորականների հետ, ներկա լինում համերգների, մշակութային միջոցառումների:
Վերջին անգամ, երբ ոսկրահոդային հիվանդությունը խորացած էր նրա մոտ, անվասայլակով, հոգատար եւ ուշադիր իր կողակցի ուղեկցությամբ նա կրկին այցելեց Երեւան,- աւա՜ղ, վերջին անգամ,- մասնակցեց Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի 25-ամյակին նվիրված ԹՄՄիության կազմակերպած երեկոյին:
Հարուստ կենսագրություն, ամուր հետագիծ թողած մարդ է Պերճ Թերզյանը, կառուցողական ոգով, միշտ հանրօգուտ աշխատանքի հետամուտ: Նա գնաց միանալու այն հույլին, այն փառավոր սերնդին, որը կերտեց այժմ նոսրացած եգիպտահայ գաղութի մտավորական, լրագրողական, գրական, քաղաքական, կուսակցական, բարեգործական փառավոր անցյալը, ազգային դեմքը:
Հանգիստ իր ոսկորներին:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





