Իսլամական պետության դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից, Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Էբդի Քոբանին հաստատել է, ըստ «France Presse» գործակալության, որ անցյալ ուրբաթ օրը իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանեյե նահանգի միջազգային օդանավակայանի մոտակայքում պայթած դրոնը (ԱԹՍ) նպատակ ուներ սպանել իրեն: Չնայած թուրքական պաշտպանության նախարարության պաշտոնյաները հերքում են, սակայն ընդհանուր կարծիք կա այն մասին, որ հենց Թուրքիան է կանգնած այդ պայթյունի ետեւում: «Ալ-Մոնիտորին» բառացիկ հարցազրույց տալով SDF-ի գլխավոր հրամանատարը նշել է, որ ինքն ու Սիրիայի հյուսիսարեւելյան քրդական մասի ժողովրդավարական խորհրդի գլխավոր կառավարիչներից Իլհամ Ահմեդը եւ Միացյալ Նահանգների երեք զինվորականներ գտնվում էին դեպի օդանավակայան տանող ավտոշարասյան մեջ, երբ տեղի ունեցավ պայթյունը: Կատարվածը նա «վրդովեցուցիչ հարձակում է» որակել ընդդեմ Իրաքի ինքնավար հանրապետության, իսկ Պենտագոնը այն համարել է «Ամերիկյան անձնակազմի անվտանգությանը սպառնացող գործողություն», բայց չի հստակեցրել, թե ո՞վ է պատասխանատուն: Քոբանին օդանավակայան էր գնում ամերիկյան մեկ այլ ինքնաթիռով Սիրիայի հյուսիսարեւելյան մաս վերադառնալու եւ այնտեղ ԻՊ-ի դեմ համատեղ գործողությունների մանրամասնությունները մշակելու համար:
Սպիտակ տունը չի արձագանքել կատարվածին, բայց ըստ «Ալ-Մոնիտորի» հավանական է, որ Բայդենի վարչակազմը ուժեղագույն ճնշման ենթարկվի կոնգրեսի կողմից, որտեղ հակաթուրքական տրամադրությունները ծայր աստիճան լարված են սիրիացի քուրդերի նկատմամբ Անկարայի սանձազերծած թշնամանքի պատճառով:
Անկարան պնդում է, որ Քոբանին եւ մյուս սիրիացի քուրդերը ոչնչով չեն տարբերվում PKK-ի անդամներից, որոնց «ահաբեկչական խմբավորում» է որակում: 2016-ից սկսած Թուրքիան SDF-ի դեմ երեք մեծածավալ հարձակում է իրականացրել, որոնց հետեւանքում Աֆրինի անկլավի քուրդ բնակիչների մեծամասնությունը զոհվել է:
Ըստ Քոբանիի, Թուրքիան մտադիր է ապակայունացնել մթնոլորտը տարածաշրջանում եւ մշտական քաոս ստեղծել այնտեղ: «Էրդողանն ամեն ինչ է անելու իշխանությունից կառչելու համար», նշել է նա ավելացնելով. «Նա ամեն առիթ օգտագործելու է հարվածի տակ պահելու համար մեր համագործակցությունը ԱՄՆ-ի եւ միջազգային այլ կառույցների կոալիցիայի հետ»: Քոբանին նաեւ շեշտել է, որ իր խմբավորումը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Թուրքիային: «Մենք երբեք կրակ չենք բացել թուրքական զորքերի ուղղությամբ, լինեն նրանք Սիրիայի ներսում, թե սահմանից այն կողմ: Մենք կազմակերպչական ոչ մի կապ չունենք PKK-ի հետ, բայց հարգում ենք բանտարկված առաջնորդ Աբդուլահ Օջալանին», նշել է նա:
Քուրդիստանի հայրենասիրական միությունը` PUK-ը մեղավոր է ճանաչել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությանը (KDP-ին), որը իրաքյան Քուրդիստանի շրջանը կառավարող կոալիցիայի մաս է կազմում, բայց իբր սերտ կապեր է պահպանում Թուրքիայի հետ: «Նախապես ծրագրավորված հետախուզական համագործակցության արդյունքն էր Սուլեյմանիյե օդանավակայանի մոտակայքում կատարված հրաձակումը, որը հավասարազոր էր Քուրդիստանի շրջան օկուպացիոն ուժեր ուղարկելուն: Մենք վճռականորեն դատապարտում ենք կատարվածը եւ ակնկալում էինք, որ համապատասխան իշխանությունները կնքննարկեն հարցը եւ որոշակի քայլեր կձեռնարկեն, բայց տեսնում ենք, որ ինչպես անցյալում, այս անգամ էլ նրանք աչք են փակում եւ սատարում այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցող ուժերին, ի վնաս Քուրդիստանի եւ Սուլեյմանիյե նահանգի անվտանգությանը», ասված է PUK-ի, ըստ լրագրող՝ Ամերին Զամմանի՝ սադրիչ հայտարարության մեջ: Քոբանին այդ հայտարարությանը արձագանքելով մի անգամ եւս ընդգծել է, որ կարիք չկա KDP-ի շուրջ ստեղծված լարվածությունը թեժացնել: «Կատարվածի միակ պատասխանատուն Թուրքիան է», նշել է նա, ավելացնելով, որ KDP-ի եւ Վաշինգտոնի հարաբերությունները այնքան էլ բարվոք չեն: Վաշինգտոնը անընդհատ քննադատում է Քուրդիստանի շրջանային կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոչ պատշաճ մակարդակի համար:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)