ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարան

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնում բանասիրական գիտությունների դոկտոր, այս բուհի երկարամյա դասախոս, երջանկահիշատակ Սերգո Երիցյանի անունով լսարան է բացվել:
Հեռուստալրագրությունը Սերգո Երիցյանի կենսակերպն էր, նրա էությունը: Պատահական չէ, որ նա տասնամյակների իր փորձառությունը բանաձեւել է այսպես. «Հեռուստատեսությունը մոտեցնում է հեռավորը», «Հեռուստատեսության այցեքարտը լրագրողն է», «Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն անհնար է»:
Այս տողերը պատգամի նման գրված-փակցված են իր անունը կրող լսարանի պատերին՝ ի գիտություն լրագրողի մասնագիտությունն ընտրած ուսանողների:
Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարանը բացվել է Երիցյան ընտանքիի ջանքերով: Այն հիմնանորոգված է, կահավորված, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Դարակներում՝ Երիցյանի հեղինակած գրքերն ու ժողովածուներն են՝ հեռուստալրագրության մասին:
«Սերգո Երիցյանը միայն հեռուստալրագրող չէր: Նա իր հանրահայտ «Կարծիք» հաղորդաշարով տաղավարային, սենյակային լրագրությունը դուրս բերեց ու ցույց տվեց բոլորին, հետագայում նաեւ ուսանողներին, որ հանրային կյանքի իսկակական լուսաբանումը պետք է կատարել տեղերում, շփվել ժողովրդի հետ, հաղորդակցվել նրա հոգսերին, խնդիրներին: Եվ դա արեց մեծ վարպետությամբ: Նրա ճամփորդական ակնարկները, բազմաթիվ այլ նախաձեռնություններ շատերն են հիշում: Սերգո Երիցյանը լրագրությունը դրեց ակադեմիական հիմքերի վրա: Այսօր լրագրության ասպարեզում անհնար է բարձրագույն կրթություն կազմակերպել՝ առանց նրա ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների»,-լսարանի բացման առիթով՝ համալսարանի ու ֆակուլտետի ղեկավարության, դասախոսների եւ ուսանողների առաջ ելույթ ունենալով ասաց ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը:
Սերգո Երիցյանը եղել է Կրթության և գիտության նախարար, ԱԺ պատգամավոր, Լեզվի պետական տեսչության ղեկավար, սակայն երբեք չի թողել լրագրությունը: Անգամ ճամփորդելիս իր տեսածն արձանագրել է լրագրողի աչքերով՝ շերտատելով թեմաները, առանձնացնելով ամենահետաքրքրական ու բացառիկ երեւույթներն ու ամենուր փնտրել հայկական հետքեր: Նրա հեռուստատեսային հաղորդաշարարերը, գրքերը, հոդվածները ստեղծվել են փաստավավերագրության սկզբունքներով եւ ուղենիշով:
Սերգո Երիցյանի անունը կրող հեռուստալրագրության լսարանը բացելու պատիվը տրվարծ էր նրա որդուն՝ Սարգիս Երիցյանին, որը շարունակում է հոր թողած ժառանգության շուրջը համախմբել նրա ընկերներին, մտերիմներին, գաղափարակիցներին… շարունակում է հոր հիշատակը վառ պահել:
ՆԱԻՐ ՅԱՆ
