Կայացավ Բախի «Միտքն ու հոգին շփոթված են» կանտատի հայաստանյան պրեմիերան
Ես նրան բեմին տեսա՝ ամբողջապես մխրճված այն զգացմունքի մեջ, որը կրում է բախյան երաժշտությունը, ես նրան բեմին տեսա՝ իբրեւ Արարչին ուղղված աղոթքի ամեն մի ելեւէջի, խոսքի եւ հնչման մարմնացում, եւ դա այն ժամանակ, երբ ռեչիտատիվ ընթերցում, երգում էր խոկում եւ սեր, խոնարհում եւ երկրպագություն, հայց ու սպասում, հոգով անկեղծ նվիրում եւ ապաքինման ու հարության հավատ:
Լուսինե Մարկոսյանի լռությունն անգամ բեմին խոսուն էր: Յ. Ս. Բախի 340-ամյակին նվիրված համերգին առաջին անգամ հնչեց բոլոր ժամանակների քննությունը բռնած, իրապես հանճարեղ կոմպոզիտորի «Միտքն ու հոգին շփոթված են» կանտատը: Բախի ծով ստեղծագործության հայաստանյան պրեմիերայի գաղափարը դեռ ամիսներ առաջ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանն իրագործեց 2025-ի մարտյան համերգին: Բախի երկերը պարբերաբար հնչում են «Տաղարանի» համերգներին, եւ այս կատարումը եւս մի տուրք էր կոմպոզիտորին, որի բոլոր գործերը ներկայացնելու համար մի քանի կյանք պիտի ունենաս:

Իսկ ի՞նչ էր գերմաներենով հնչում այս երեկո (թեեւ առանց բնագրից թարգմանության էլ Լուսինե Մարկոսյանի կատարումը՝ զուսպ – հուզական, խորն – ապրված, ռեչիտատիվ երգեցիկ պատումից սահունորեն դեպի աղոթարար մեղեդայնություն, ունկնդրի համար «ընթեռնելի» էր):
«…Ի վերջո, հզո՛ր, Աստված, թու՛յլ տուր, որ ես միշտ դա հիշեմ, որպեսզի ուրախությամբ կարողանամ սուզել Քեզ իմ հոգում»,- անմիջնորդ հայցով դիմում էր Վերինին մարդը՝ հողեղենը, որ աշխարհ է եկել երջանկության ըղձանքով եւ բացարձակ խաղաղություն ու ներդաշնակություն է փնտրում՝ երկխոսելով Աստծո հետ: Բախի հանճարով մարդը հայցում է, որ Արարիչը փափկեցնի իր կարծրացած սիրտը: Մի՞թե մեր ժամանակների համար չեն գրված այս տողերը. հոգիների նման կարծրացումը չէ՞ մեր ապրած ժամանակների բնութագրումը, բայց կա՛ նաեւ նա, ով հակադրվում է իրականությանը, մղվում դեպի աստվածայինը, տենչում հոգով մաքրագործման. «Ա՜խ, միայն շնորհքի մատը մխիր ականջներս, թե չէ ես իսկույն կկորչեմ»:

Խոսքից առավել, սակայն, հզոր եւ համոզիչ էր երաժշտական մարմնացումը՝ Լ. Մարկոսյանի մեցցո-սոպրանոյով՝ «Տաղարանի» նվագարանների հնչման եւ Թերեզա Ոսկանյանի երգեհոնային կատարման համադրմամբ: Տեղ-տեղ այդ համահունչն ընդմիջվում էր կլավեսինի նվագակցությամբ՝ երգչուհու ռեչիտատիվ ընթերցմամբ. եւ այդ ժամանակ Ս. Երկանյանը դիրիժորից վերածվում էր կլավեսինահարի՝ ավելի հետաքրքրական դարձնելով համերգային երեկոյի այս «բեմադրությունը»: Իսկ մարդը տոչորում էր. «Երբ նա նայում է Քեզ, Աստվա՛ծ իմ, միտքն ու հոգին խառնվում են…»:
Զուր չէր կատարման համար բավական բարդ այս գործը վստահվել «Տաղարանի» փորձառու մեներգչուհուն: Այն հնչեցնելու համար ձայնային տվյալներից բացի պետք է ապրումի անկեղծ, ապրված խորություն ունենալ: Սա անհատի աղոթքն ու հիացումը չէ՛ միայն. այն մեղապարտ մարդկության՝ մեղքերից թողության եւ շարունակական ինքնազտման ճանապարհն է, որ գեղարվեստական արտահայտություն է ստանում հանճարների քանքարով: Բախի այս հրաշք գործով խոսվում է Աստծո գործած հրաշքների եւ դրանց նորանոր ակնկալիքների մասին. «Սրանք հրաշք գործեր են, եւ նույնիսկ հրեշտակների երգչախումբը չի կարող զորավոր արտահայտել դրանց ուժը»:
Մեծ պահքի այս օրերին, երբ անցողիկ մարմնականից հրաժարման եւ հոգեւոր վերազարթոնքի խոսքեր են հնչում հոգեւոր տաճարներում, մշակութային մի այլ տաճարում, որն է Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տունը, հնչում էին հանուն մարդկության փրկության խաչի ելած Փրկչին ուղղված տողերը. «Իմ սիրելի՛ Հիսուս, խնդրում եմ՝ բաց թողնես ցավով լի թշվառությունը, եւ թույլ տաս, որ շուտով ավարտեմ իմ դաժան տանջանքների կյանքը քո ձեռքերում»:
Բախյան երեկոյին մենանվագեց թավջութակահար Աշխեն Գասպարյանը: Բախի՝ թավջութակի BWV 1009 թիվ 3 դո մաժոր սյուիտը հնչեց հանդարտ – հանդիսավոր, միջնադարյան հոգեւոր հանգերգի, ներքին մտածումի եւ աշխարհիկության սահմանագծին: Կատարողը զուսպ – ներփակ պահվածք ուներ բեմին, եւ իր նվագն էլ ընկալվեց այդ ներկայացմանը համապատասխան:
Սաքսոֆոնահար Նարինե Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ համագործակցում է «Տաղարան»-ի հետ: Համագործակցության եզրեր կարելի է գտնել, երբ երաժշտական նյութը մեկնաբանելու նոր հեռանկարներ են բացվում, երբ արվեստագետները նայում են «նույն ուղղությամբ», երբ երաժշտական ճաշակները համընկնում եւ փոխլրացնում են մեկմեկու, երբ մարդկայնորեն հետաքրքրական որակներ են հայտնաբերում համագործակցող կողմերը, երբ նորն ու թարմը ներկայացնելու երկուստեք ցանկությունն իրականացնելու ճանապարհին հայտնություններ են կատարվում: Ահա, այս ամենն էր այն հիմքը, որի վրա կառուցվեց երիտասարդ ու շատ օժտված երաժշտի եւ հայտնի համույթի բարեկամությունը: Շատերի համար զարմանալի է, որ բարոկկո շրջանի գործերը կատարվում են սաքսոֆոնով: Ս. Երկանյանը գտնում է, որ եթե Բախի ժամանակներում սաքսոֆոն նվագարանը գոյություն ունենար, ապա կոմպոզիտորն անպայման կգործածեր իր երկերում: Եվ թե՛ նախորդիվ՝ ուշ միջնադարյան եվրոպական հեղինակների երաժշտական երկերը ներկայացնելիս, եւ՛ հիմա՝ Բախի 340-ամյակին նվիրված համերգին, ապացուցվեց, որ մաեստրոն ճիշտ է: Բախի «Ագնուս դեի» սի մինոր մեսսայի BWV 232 մասը կատարվեց սաքսոֆոնով: Մարդկային ձայնի փոխարեն հնչեց Ն. Ղուկասյանի սաքսոֆոնը: Նարինեն ասում է, որ ինքն էլ սաքսոֆոնո՛վ է երգում. նա խորանում է տեքստի բովանդակության մեջ, նա կարող է ձայնով երգել այն, եւ ահա իր երգեցողությունը հաղորդում է սաքսոֆոնի յուրահատուկ, դասական երաժշտությանը, իրոք որ, շատ սազական եւ գործածելի հնչմամբ, միայն թե փոխադրումը ճաշակով եւ ճշգրիտ կատարվի: Շատ շուտով տարբեր ձեւաչափի համերգներին դարձյալ կհնչի Նարինեի սաքսոֆոնը: Սրանով երաժշտի կյանքում նոր հորիզոն է բացվում, նոր հայտնություններ կատարելու, նոր սահմանագծեր հաղթահարելու հնարավորություն ընձեռնվում:
Այս տարի լրանում է բարոկկո դարաշրջանի եւս մի գերմանացի հանճարեղ կոմպոզիտորի՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի 340-ամյակը: Սա առիթ էր, որ նույն համերգի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կատարվեր Հենդելի՝ երգեհոնի եւ նվագախմբի համար գրված 12 կոնցերտներից մեկը (ռե մինոր, op. 7, թիվ 4): Սա այն երգեհոնային ստեղծագործությունների շարքից է, ինչպես երգեհոնահար Թ. Ոսկանյանն է բացատրում, որոնց որոշ հատվածներում երաժիշտ-կատարողին հեղինակը հնարավորություն է ընձեռում ազատ մեկնաբանելու, ասես՝ անձամբ ստեղծագործելու: Փորձառու երաժիշտ լինելով՝ Թ. Ոսկանյանը նվագեց, ներդաշն Հենդելի երաժշտական մտածողությանը եւ ողջ ստեղծագործության զարգացման տրամաբանությանը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ