Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԲԸՄիությունը պարգեւատրել է  Դոկտ. Արտեմ Փաթափությանին

«Հիմա մրցանակներ կստանամ՝ մրցանակ ստացած ըլլալուս համար», կատակով ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը իրեն ի պատիվ Լոս Անջելեսի «Բեվերլի Ուիլշայր» հյուրանոցի դահլիճում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված գնահատանքի հանդիսության ժամանակ, որին մասնակցել են, ըստ «Պայքար» շաբաթահանդեսի մայիսի 6-ի համարում լույս տեսած թղթակցության, շուրջ 600 հանդիսականներ, որոնց թվում՝ ՀԲԸՄիության ղեկավար կազմը նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, Արեւելյան թեմի առաջնորդ Յովնան արք. Տերտերյանը, ամերիկահայ հայտնի դեմքեր, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը Դոկտ. Փաթափությանի ծնողներին` Սարգիս եւ Հայկուհի Փաթափությանների հետ «ՀԲԸՄ-ի Նախագահի մրցանակը» ներկայացնելուց հետո: Լուսանկարը` ARKA Photography

Պերճ Սեդրակյանի ձեռամբ ստանալով ՀԲԸՄ-ի «Նախագահի մրցանակը» եւ Յովնան Սրբազանի ձեռամբ՝ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի շնորհած «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանն ու կոնդակը, Արտեմ Փաթափությանը երախտագիտական խոսքեր է ասել ՀՄԲԸՄիությանը, որի բեյրության դպրոցներից շրջանավարտ է եղել ինքը եւ, այնուհետեւ տեղափոխվելով Մ. Նահանգներ՝ բարձրագույն կրթության համար կրթաթոշակ է ստացել հարազատ կազմակերպությունից: Ներկաներին նա խորհուրդ է տվել ամենաբարձր կրթությունը տալ իրենց երեխաներին եւ թողնել, որ նրանք, իրենց կյանքային ու մասնագիտական վերելքի ճանապարհին՝ նաեւ… սխալվեն: «Սխալելու իրավունք տվեք ձեր զավակներուն», ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Հրավիրյալների շարքում են եղել նաեւ Արտեմ Փաթափությանի ծնողները: Հայրը՝ գրական անունով ծանոթ արձակագիր Սարգիս Վահագնը եւ լիբանանահայ դպրոցներում երկար ծառայած ուսուցիչ եւ տնօրեն Հայկուհի Աճեմյան-Փաթափությանը:

Օրվա գլխավոր բանախոս Պերճ Սեդրակյանը գնահատանքի խոսքեր է ասել ոչ միայն Արտեմի, այլեւ նրա ծնողների հասցեին ու շեշտել, որ նրանց որդին, իր բառերով, համաշխարհային քաղաքացի է ու հպարտ հայ, որով հպարտանում ենք նաեւ մենք:

Ճաշկերույթ-հանդիսության ընթացքում, ինչպես սովորություն է սփյուռքում նման պարագաներում, հօգուտ ՀԲԸՄ-ի համաշխարհային աջակցության հիմնադրամի հանգանակվել է ավելի քան 1,6 միլիոն դոլար, որի 1 միլիոնը նվիրաբերել է ՀԲԸՄ-ի Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Վաչե Մանուկյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Դոկտ. Արտեմ Փաթափությանը շնորհավորանքներ է ստանում Վաչե Մանուկյանից (ձախից) եւ Պերճ Սեդրակյանից` «ՀԲԸՄ-ի Նախագահի մրցանակը» ստանալու պահին. Լուսանկարը` ARKA Photography