Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայկական ատոմակայանի առօրյան

Հայկական ատոմային էլեկտրակայանը կարեւոր նշանակություն ունի էներգահամակարգի հուսալի աշխատանքի համար: Ներկայում մեծ ծավալի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այն անտարակույս կնպաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացմանը:  Աշխատանքներում ներգրավվել են ինչպես ՀԱԷԿ-ի աշխատակիցները, այնպես էլ փորձառու մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից եւ այլ երկրներից:

Իրականացվել են թիվ 2 էներգաբլոկի պոմպային ագրեգատների շրջակապի խողովակաշարերի փոխարինման, ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի կիպացման, բորի հանգույցի օդահովացման նոր համակարգի մոնտաժման, խողովակաշարերի մոնտաժման, հովացման աշտարակ տանող շրջանառու ջրատարների հատվածամասերի մոնտաժման եւ այլ աշխատանքներ:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար իրականացվել են էներգաբլոկի համակարգերում տեղակայված փականների փոխարինում նոր տիպի փականներով եւ ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի օդահովացման համակարգերի ագրեգատների փոխարինում:  Կատարվել են  նաեւ թիվ 3-4 տուրբագեներատորների օժանդակ սարքավորումների մոնտաժման աշխատանքներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ