«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են»:
Ալ Պաչինո
Ապշելու աստիճանի ճշմարիտ է ասված: Արդյունքում 35-ամյա պայքարը, զրկանքը, արյուն ու քրտինքը, հաղթանակը ու վերջապես հազարամյա պատմությունն ու մշակույթը կործանեցին: Ու դեռ, ցավոք, սա վերջը չէ: Ցավոք, ազատ անկումը շարունակվում է: Դատելով շրջապատում կատարվողից՝ կրկին ցավոք, բոլորը դեռ չեն այս ամենը գիտակցում: Կարծում եմ, որ ղարաբաղցին չպետք է լքեր իր հողը եւ ենթարկվեր այն մութ ձեռքին, որն այսպես արագ ու միանգամից կազմակերպեց կործանարար բռնագաղթը: Մեր իշխանություններն էլ, որ պարտավոր էին պաշտպանել եւ ազատագրական պայքար կազմակերպել, մտահոգ դեմքերով ու անթաքույց հպարտությամբ թվեր են հրապարակում, թե քանիսը եկան եւ որ մարզերում տեղաբաշխվեցին: Չմոռանալով ներկայացնել նաեւ տվյալներ դիերի ու անհայտ կորածների մասին:
Հազարամյակների ընթացքում, ցավոք, հաճախ է այսպես եղել: Հայը գաղթել է եւ իր հողնուջուրը տվել շան բերան: Գոնե այսօր հարկավոր էր լավ մտածել: Ո՞ւմ ենք թողնում մեր հայրենիքը, մեր արարածը, հայրենի մշակութային-հոգեւոր կառույցները, հարազատների գերեզմանները: Արդեն տաս դարից ավելի լավ թե վատ մենք ապրել ենք քոչվոր թուրքերի հարեւանությամբ: Այժմ էլ ճիշտ կլիներ կառչել ու ապրել հայրենի հողում, առժամանակ հարմարվել, հետո կտեսնեինք: Հյուսիսի մեծ հարեւանը, որին Եսայի Հասան-Ջալալյանի ժամանակներից օհրնել ու պաշտել ենք, հիմա օրը ցերեկով կեղտոտ խաղ խաղաց եւ մեզ գցեց էս օրը: Մնում էր ճիշտ հետեւություն անել եւ հույսը ինքներս մեր վրա դնել, քանզի մնացյալը խաբկանք է:
Դժվար է պատկերացնել, թե ի՞նչ աստիճան է մեր երկիրը զավթված թշնամի ուժերի կողմից, որ բոլոր երեւացող երեւույթները՝ սկսած իշխանության, ընդդիմադիր ղեկավարների, բանակի հրամանատարների կազմերից, տարատեսակ ակտիվիստներից, մեդիա դաշտից ու շարժումներից, շատերը բացահայտ կամ գաղտնի գործակալներ են, եւ այնպես են անում, որ աշխարհը մեզ մեղավոր է համարում բոլոր հարցերում: Ազերիները գիշեր ցերեկ ոռնում ու աշխարհին ապացուցում են, որ Արցախը եւ նույնիսկ Հայաստանն իրենց պատմական հողերն են: Ոռնում են, որ պետք է փախստական ազերիները վերադառնան Հայաստան, բայց մեր իշխանությունները ոչ մի օր, ոչ մի տեղ չեն ասում, որ Արցախը եւ յոթ շրջանները մեր պատմական հայրենիքն են: Միայն կմկմալով երբեմն ասում էին, որ Արցախում հայ բնակչություն կա, 500 հազար փախստական ունենք ազերստանից: Հիմա էլ, երբ Արցախը հայաթափում են, թուրքերը պահանջում են, որ բռնի տեղահանված ազերները վերադառնան: Իսկ մեր իշխանավորները լուռ են եւ ոչ մի պահանջ չեն ներկայացնում: Դրա համար էլ էս օրին ենք, երկիրը ամբողջովին գտնվում է թշնամի ուժերի ձեռքում: Իսկ հայ ժողովրդի մեծ մասը՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում, միգուցե ցավը սրտում, բայց փաստացի ապրում է իր կյանքով ու առօրյայով: Ավելին, ԶԼՄ-ներում ու սոցցանցերում կատաղի հարձակում է սկսվել ռուս խաղաղապահների եւ ընդհանրապես Ռուսաստանի վրա: Այն դեպքում, երբ հենց այդ ռուս խաղաղապահներն են մեր՝ հայերիս փոխարեն Արցախում մեր հայրենակիցներին սատարում, աջակցում, վտանգելով եւ զոհելով սեփական կյանքը պաշտպանում նրանց: Միթե՞ դժվար է հասկանալ, որ ամբողջ աշխարհում միայն ու միայն մեզ՝ հայերիս է հարկավոր, որ ռուս խաղաղապահները լինեն Արցախում…
Այդ կատաղի ռուսատյացներին թվում է, թե ռուսը, որն այս պահին Ուկրաինայում կռվում է ավելի քան հիսուն պետության դեմ, որի սահմանները ողողում են աշխարհի չորս օվկիանոսներից երեքը, իր աշխարհաքաղաքական ողջ շահերը թողած` երկրորդ ճակատ բացի եւ ընդդեմ թուրք ադրբեջանաիսրայելական ոհմակից Արցախի շահերը պաշտպանի, երբ ինքներս մեր ձեռքերը վաղուց լվացել ենք: Դա կարծես քիչ է, դեռ մերօրյա ամենակարող իշխանությունները տարիներ շարունակ ու այսօր էլ թմբկահարում են, որ Արցախին ամենաշատ գումարը իրենք են տվել: Լավ, ընդունենք, որ այդպես է եւ ՀՀ բյուջեով Արցախին տրված գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձեւակերպեն բյուջեի այդ տողը եւ այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120 հազար մարդկանց, որոնք զրկվել են գոյատեւելու տարրական պայմաններից: Պարզ թվաբանություն է, եթե 140 մլրդ բաժանես 120 հազարի, ստացվում է, որ յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1167000 (մեկ միլիոն, հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսեկան 97 հազար դրամ փող ստանա: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր քաղաքցի, ոչ թե ընտանիք: Հետեւաբար տեղին կլինի, որ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկելու եւ հաստատելու փոխարեն, շտապ վերաձեւակերպվի բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան, գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը:
Արձանագրենք, որ աշխարհը, միջազգային հանրությունն ու հատկապես ժողովրդավար Արեւմուտքն Արցախյան Մեծ ողբերգության այս օրերին իր կրավորական պահվացքով սպանեց եւ թաղեց միջազգային իրավունքի սրբազան նորմը` ինքնորոշման իրավունքը: Աշխարհը հերթական անգամ ճանաչեց ուժի եւ նենգության իրավունքը: Ոչ միայն ճանաչեց, այլեւ խրախուսեց այդ իրավունքի սպանության հեղինակներին` լեգիտիմացնելով դրանց զազրելի գործարքները: ՀՀ-ն այդպիսով լեգիտիմ իրավունք ստացավ ճիշտ պահին ջնջխելու եւ քարտեզի վրայից վերացնելու իր համար գոյության սպառնալիք համարվող ցանկացած պետական գոյացություն` հիշելով ու հիշեցնելով, որ աշխարհում այլեւս գործում է ուժի իրավունքը: Հետեւաբար միանգամայն տրամաբանական է, որ կորուստների ու կորստյան ցավի այս պայմաններում նախաձռնենք նորովի դաստիարակության գործընթաց. ժողովրդին ամեն օր ու ամեն ժամ ներշնչենք վստահություն սեփական ուժերի, վաղվա օրվա, համաշխարհային գործընթացներում իր կարեւորության, պատմության թատերաբեմում իր անփոխարինելիության հանդեպ: Իսկ դա ապահովելու համար պետք է սկսենք թե՛ պաշտոնական, թե՛ միջանձնային հարաբերություններում կարգապահությունից, պետք է սովորենք հարգել իրար, ներենք միմյանց վրիպումները: Դադարենք սեւերի ու սպիտակների բաժանել, հիշենք, որ արդարամիտ ու ազնիվ մարդիկ եղել են ու կան թե «հների» եւ թե «նորերի» մեջ: Արատներ եղել են նախկինում եւ կան այսօր, ատելությունը ներսից քայքայում է սեփական անձին եւ այրում է դիմացինի հետ շփվելու կամուրջները: Քանի որ համատարած մերժման ու ատելության պայմաններում նոր սերունդներին զրկում ենք սովորել, դաստիարակվել, պատասխանատու զգալ սեփական անձի ու երկրի ճակատագրի հանդեպ: Կարճ ասած՝ հարկավոր է նախապատրաստել նոր հասարակություն, որտեղ ըտրական կեղծիքը կհավասարեցվի պետական դավաճանության, քաղաքացու իրավական եւ սոցիալական պաշտպանությունը կլինի պետության երկրորդ առաջնահերթությունը երկրի պաշտպանությունից հետո, մարդը կլինի բարձրագույն արժեք: Բարդությունների դեպքում հարկավոր է ուսումնասիրել այլոց փորձը, հասկանալ, թե նրանք դա ո՞նց են արել: Չմոռանանք, որ Արցախի կորստից հետո էլ ՀՀ-ի հանդեպ վտանգը շարունակվում է, հայ-ադրբեջանական սահմանին դարձյալ կրակոցներ են հնչում:
«Վարդանանք» վեպում, Ավարայրի ճակատամարտը նկարագրելիս, Դեմիրճյանն հանճարեղ միտք է արտահայտում.«Ժողովուրդը գիտակցեց ինքն իրեն…»:
Սա է մեր արմատը սնուցող կենսատու ուժը, մեր գոյատեւման բանաձեւը: Երբ գիտակցում ես կարողություններիդ հզորությունը, ներսդ փոթորկող լավայի տաք հալոցքը, պիտի ժայթքես, պիտի այրես այն ամենը, ինչ միտում է ոչնչացնելու ազատությունդ, այս մոլորակի վրա ապրելու, սիրելու, արարելու իրավունքդ: Մեր բոլոր գոյապայքարներից հաղթանակած դուրս գալու հիմքում այդ ինքնագիտակցումն է եղել: Ահա թե ինչու, թեկուզ փոքրաթիվ ենք եղել, սակայն ազգովին չենք ցեղասպանվել ոչ Ավարայրում, ոչ Սարդարապատում, ոչ արաբական անապատներում: Անցյալի ուրվականներն էլի գարշահոտ գյոռներից հառնել, մահվան շուրջպար են բռնել մեր շուրջ, վամպիրական խնջույքներում հայի արյուն են տենչում: Եթե եղաններով կարող էինք կռվել ու չհաղթվել, այսօր հզոր բանակ ունենք` հայոց բանակ` Վարդանների, Տիգրանների, Անդրանիկների, Նժդեհների, Սասնա Դավիթների բանակ, զենք, պետություն ու հող-հայրենի, որ հացի նման սուրբ է, որին գազազած շների արյունոտ երախներից հեռու պիտի պահենք: Չմոռանանք, որ բոլորիս մեջ ցեղասպանների նկատմամբ վրեժի մագման է եռում, չխաբվենք ատոմի փոքր լինելուն. եթե ճեղքեք, ինքներդ կկործանվեք նրա հզոր պայթյունից:
Հայ ժողովուրդը վաղուց է գիտակցել ինքն իրեն:
Հայաստանի բնակիչների համար այս բախտորոշ իրադարձությունների լույսի ներքո այժմ խիստ կարեւոր է ավելի մեծ ցնցումներ թույլ չտալն ու Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայության թատերաբեմի չվերածվելը: Բայց գործնականում մենք ականատեսն ենք ճիշտ հակադարձ գործընթացների, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Վերջապես խիստ անհրաժեշտ է ըմբռնել, որ «Վատհոգի եւ ստրուկ ժողովուրդ մը արժանի չէ հոգածութեան: Արհամարհանքն է իր բաժինը…»:
Գիտե՞ք թե ինչու Ադրբեջանին հաջողվեց զավթել Արցախը: Ընդամենը մեկ պատճառով. 94-ի մայիսի զինադադարի հաջորդ օրվանից նրանք հայտարարեցին «Ղարաբաղն Ադրբեջան է» եւ սկսեցին գործել, անդադար գործել այդ ուղղությամբ: Նրանք հավատացին դրան եւ մոտ 30 տարի անց հաջողեցին: Իսկ մենք ինքնահանգստացանք ձեռք բերածով, թերագնահատեցինք թշնամուն եւ հաղթողի հաճելի թմբիրի մեջ լողացինք շուրջ երեսուն տարի: Իսկ եթե այդ ընթացքում սթափվելու կոչեր էլ լսվում էին, ապա մեծաքանակ վկայություններով դրանք լռեցվում էին, քանզի այդպես շատ հարմար էր: Նույնիսկ թշնամու ճամբարից էին լսվում իրենց թույլ լինելու մասին ճամարտակություններ, որոնք հաշիշաթմբիրի մեջ էին պահում հայերին: Այդպիսի օրինակ էր ադրբեջանցի գրող, հրապարակախոս` Վահիդ Փարվիզ օղլի Գազիի բաց նամակը ադրբեջանցիներին. «Որքան էլ կռվենք, միեւնույնն է՝ պարտված ենք: Մենք պարտվել ենք… դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատրյանին եւ Առնո Բաբաջանյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակ նվագելու գործում՝ Սամվել Երվինյանին, դուդուկ նվագելու գործում՝ Ջիվան Գասպարյանին, ուդ նվագելու գործում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, կերպարվեստում՝ Այվազովսկուն, կինոյում՝ Փարաջանովին, դերասանական վարպետության մեջ՝ Ջիգարխանյանին, բիզնեսում՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գաֆեսչյանին, գիտական հետազոտությունում՝ Արթուր Չիլինգարովին, գյուտարար՝ Վահագն Դադադյանին, շախմատում ՝ Լեւոն Արոնյանին, ինժեներության մեջ՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումյանին, վարսահարդարման մեջ՝ Մովսեսին, արհեստի մեջ՝ Աշոտին, թթու պատրաստելու գործում՝ Հայկանուշին…»:
Եթե մենք ուզում ենք երբեւէ նորից Արցախը հետ բերել, պետք է աշխատենք հենց այդ տրամաբանությամբ: Եվ ոչ թե վաղվանից արագ փոխենք քարտեզները ու մոռանանք ամեն ինչ: Գիտեմ, դժվար է լինելու, սարսափելի դժվար, բայց ոչ անհնարին: Եթե իհարկե ունենանք նժդեհյան բնորոշմամբ «ներցեղային բարոյականով» ու ազգային-պետական շահերով առաջնորդվող առաջնորդներ: Բայց այս պահին գլխավորը Հայաստանը վերջնական կործանումից փրկելն է եւ մեծատաղանդ բանաստեղծ Շիրազի միշտ արդիական տողերին ականջալուր լինելը.
Մեզ էն գլխից են զարկել, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Հազար դարեր են զարկել, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Եղեռնազարկ Էլ եղանք, բայց նորեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Ով էլ որ զարկի, ինչքան էլ զարկեն`
Հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն:
Կապրե՛ն եւ նորե՛ն կարարեն…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
2.10.2023