Գրական-երաժշտական ցերեկույթ Գրականության եւ արվեստի թանգարանում
Հայ գրահրատարակչությունն ունի դարերի պատմություն: Դարերի ընթացքում այն ապրել է զարգացման մի շարք փուլեր՝ ներկայացնելով ինչպես գրքեր, այնպես էլ,թերթեր ու ամսագրեր, գրքեր, դասագրքեր եւ այլն: Խոսենք մի հրատարակչության մասին,որը արդեն շուրջ 100 տարի զբաղվում է հրատարակչությամբ՝բավարարելով ընթերցողներին, ներկայացնելով իր տպագրատներն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Խոսքը «Հայաստան» հրատարակչության մասին է, որը ստեղծվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ժողկոմխորհի դեկրետով, որի տակ ստորագրել է Ալեքսանդր Մյասնիկյանը»: Մինչեւ 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն»՝ «Հայպետհրատ»: Այն հրատարակում է հասարակական-քաղաքական, գրական, գիտական գիտահանրամատչելի գրականություն, ինչպես նաեւ տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ եւս:Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ, որոնցից են «Կուսհրատը», «Քաղհրատը», «Խորհրդային գրողը», «Հայպետգիտտեխհրատը»: Սա ժամանակի ընթացքում ղեկավարել են անվանի գրողներ ու մտավորականներ Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Գեւորգ Արշակյանը, Վիգեն Խեչումյանը, մարդիկ` որոնք կազմավորել են հրատարակչությունը իսկ վերջին 25 տարիներին «Հայաստան» հրատարակության տնօրենն էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը՝ աշխատելով այնտեղ դեռ խորհրդային տարիներից որպես կրտսեր խմբագիր:

Այսպիսով, կապված մեկ դարյա հոբելյանի հետ, գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել հայ արվեստասեր ու ընթերցասեր հասարակության սիրված վայրերից մեկում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում:Այստեղ գրական-երաժշտական ցերեկույթով նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ:
Բացելով միջոցառումը` գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյաննը, հակիրճ ներկայացրեց հրատարակչության մեկդարյա պատմական ընթացքը:Խոսելով հրատարակչատան պատմության մասին նա նշեց ,որ այն կարելի է համեմատել «Հարյուր տարվա մի ճանապարհի հետ, որը համընկնում է մեր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ: Թե ինչ վայրիվերումներով անցավ ե՛ւ հրատարակչությունը, ե՛ւ մեր ժողովուրդը: Մենք խորհրդային շրջանում ունեցանք կատարյալ մի հրատարակչություն՝ իր կառուցվածքով եւ ամեն ինչով, սակայն տեսանք նաեւ գլավլիտյան բռնաճնշումները: Գրաքննության` որի մինչեւ այսօր իր վերքերը դեռ չեն ապաքինվել: Հրատարակչությունը հիմա ղեկավարում է Նաիրա Սարգսյանը, որ լավ հմուտ է մեր գրական աշխարհին, գիտի գրողներին: Նա ունի փորձ, ունի գրողների հետ շփվելու եւ գրահրատարակչությունը տեղից շարժելու փորձ»:

Վահագն Սարգսյանի համոզմամբ, «Հայաստան» հրատարակչության անցած ճանապարհը նշանավորվում է հենց հիմնադրման ու ղեկավարման գլուխ կանգնած նվիրյալներով, որոնցից մեկն էր նաեւ մեր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը. – «Մեզանում ոչ միայն ձեւավորվեցին հրատարակչական գործի մասնագետներ, այլեւ այնտեղ աշխատեց Եղիշե Չարենցը, որ դրեց իր մատենաշարերով, գրքերի տպագրության որակով, բնութագրիչներով մեծ ավանդներ: Այնտեղ աշխատեց Ռուբեն Զարյանը, որի աշխատած շրջանը համընկավ պատերազմի տարիներին, եւ նրա հովանու ներքո ստեղծվեցին Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը» եւ այլն: Հետագայում՝ 60-ականներին, գլխավոր խմբագիրն էր Մկրտիչ Սարգսյանը, որ էլի մեծ ավանդ թողեց: Նրա ժամանակ գրքերի տպաքանակները հասան 50, 60, 70 հազարի, որովհետեւ գրքի հանդեպ սերը ավելացավ: Հենց այդ տարիներին տեղի ունեցավ Պարույր Սեւակի «Եղիցի լույս»-ի ոդիսականը: Եվ կարծես թե դա մնաց ե՛ւ խորհրդային երկրի, ե՛ւ մեր այն ժամանակվա իշխանավորների վրա մի խարան, դաջվածք: Հետագայում անկախության շրջանը շատ բարդ էր. հաղթահարեցինք շատ խոչընդոտներ և դիմակայեցինք: Եվ փառք Աստծու, հրատարակչությունը հենց նույն անկախության շրջանում տպեց բազմաթիվ գրքեր, որոնցով այսօր ինքը կարող է հպարտությամբ մտնել շուկա: Ասենք, Գարեգին Նժդեհի առաջին լիակատար ժողովածուն հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, առաջինը մատուցեց այդ մեծ հայորդու անունը: Ասենք, որ «Սասունցի Դավթի» համահավաք տեքստի անգլերեն առաջին թարգմանությունը մենք հրատարակեցինք: Մենք այսօր բաց ճակատով ենք մտնում մեր երկրորդ հարյուրամյակը»:

Խոսելով ներկայիս գործունեության մասին` Վ. Խարգսյանը նշեց, որ սա մեր իրականությունում ամենաբեղուն գործունեությունը ծավալած հրատարակչությունն է, հայտնի է ունիվերսալիզմով, որովհետեւ հրատարակել եւ շարունակում է լույս ընծայել գեղարվեստական, գիտական, երաժշտական, երաժշտագիտական արվեստին եւ այլ ոլորտներին նվիրված գրականություն: Նրա խոսքով՝ հրատարակչության տպաքանակները նվազել են, սակայն կարողացել են պահպանել «Հայաստան»-ի ակունքներում կանգնած մարդկանց թողած ավանդույթները: Բանախոսը տեղեկացրեց, որ հրատարակչությունն առաջիկայում լույս է ընծայելու ժամանակակից հայ հեղինակների շատ գործեր, «Ռուս պոեզիայի անթոլոգիա»-ի վեցերորդ հատորը:
Հոբելյանի առթիվ իրենց սրտի խոսքերն ուղղեցին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը, հրատարակիչ և խմբագիր Հովհաննես Այվազյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրչյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների Սամվել Մուրադյանը: Միջոցառումը հագեցած էր նաեւ երաժշտական համարներով ու գեղեցիկ ասմունքով,որն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով եւ ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցումներով:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարները Գրականության ու արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջի