Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանյան հանգիստ՝ եվրոպական արժեքներով

Շուտով ամառ է, որին զուգահեռ շատերի մտքում հանգստի մեկնելու գաղափարն է: Աշխատանքային տարին կարծես ավարտվում եւ սկսվում է մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս տեւող հանգստով: Ամբողջ տարվա խնայողություններով շատերը նախընտրում են շրջագայել արտերկրում, իսկ մի մասն էլ՝ Հայաստանում: Հասկանալու համար ո՞վ, որտե՞ղ եւ ինչպե՞ս է ցանկանում ամառային հանգիստն անցկացնել, կատարեցինք սոցհարցում.

«Ամռանը ընտանիքով պատրաստվում ենք Շարմ-Էլ-Շեյխ մեկնել: Պատկերացնո՞ւմ եք, մեկ շաբաթյա հանգիստը բավականին ձեռնտու է, 4  անձի համար վճարելու ենք մոտավորապես 1300 դոլարին համարժեք դրամ, այդ նույն հանգիստը Հայաստանում կրկնակի թանկ արժի»,- ասում է 46-ամյա Տիգրանը:

34-ամյա Նվեր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում կարեւորեց հանգիստը Հայաստանում կազմակերպելը, մեր տեսարժան վայրերը զբոսաշրջիկի աչքերով ճանաչելը: «Շրջագայել շատ եմ սիրում եւ ամռանը պատրաստվում եմ մեկ շաբաթով Իսպանիա մեկնել: Սակայն, խորհուրդ եմ տալիս նախ եւ առաջ շրջագայել Հայաստանում, լավ ճանաչել մեր երկիրը, ապա նոր այլ երկրների անցնել»:

Ավելի հստակ գներին ծանոթանալու համար դիմեցինք տուրիստական մի քանի ընկերության՝ համեմատելու 7-օրյա հանգստի արժեքը Հայաստանում եւ արտերկրում:

Շարմ-Էլ-Շեյխում 7-օրյա հանգստի արժեքը մեկ անձի համար մոտ 150 հզր դրամ է, որի մեջ ներառված է 5 աստղանի հյուրանոց (all inclusive), սնունդ եւ երկկողմանի տոմս:

Հարեւան Վրաստանում արժեքները ավելի համեստ են: Քոբուլեթիում ամռանը կպահանջվի 60-75 հզր դրամ հյուրանոցում 7 օր հանգստանալու համար:

Մադրիդում 7 օրվա հանգստի համար կպահանջվի 280-320 հզր դրամ, գնի մեջ ներառված է երկկողմանի ուղեւորատոմսը, հյուրանոցը եւ նախաճաշը:

Այս ամենին զուգահեռ Հայաստանում գներն այլ են: Հանգիստդ Հայաստանում անցկացնելու համար պետք է պատրաստ լինես 7 օրվա համար վճարել մոտ 240-320 հզր դրամ: Հյուրանոցներում մեկ գիշեր անցկացնելու համար գներն սկսվում են 35 հզր դրամից, եւ լավագույն դեպքում այդ փաթեթի մեջ կարող է ներառված լինել նախաճաշը:             

Թե ինչ նախապայմաններով է մեր երկրում պատշաճ հանգիստը տեղացիների համար թանկ՝ դժվար չէ կռահել, սակայն ԱՊՀ երկրներից սպասվում է տուրիստների հոսք հուլիս-օգոստոս ամիսներին, հատկապես վերջին շրջանում պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով:

«2022 թվականի տվյալներով Հայաստան է ժամանել ավելի քան 1 մլն 540 հզր զբոսաշրջիկ, որից միայն 47%-ը ժամանել են ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից»,-իր հարցազրույցներից մեկում նշել է զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը:

Իհարկե ենթադրելի է, որ եթե տարածաշրջանում «կայունությունը» պահպանվի նույն կերպ, ապա մեր երկիր այցելող զբոսաշրջիկների եւ  հյուրերի թիվը էական տարբերություն չի գրանցի նախորդ տարիների համեմատ:    

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում կայանալու համար դեռեւս  ճանապարհ ունի անցնելու, որպեսզի հետաքրքրական լինի ոչ միայն ԱՊՀ երկրներից այցելող հյուրերին, այլ նաեւ ամբողջ աշխարհին:

ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող