«Այս երեխաներն այնքան անթերի են երգում, որ զայրացնում են նույնիսկ իրեն՝ Աստծուն»
ԿՈԶՄԱՍ ԳԱԼԻԼԵԱՍ
Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, 1996թ.
«Այն, ինչ Տիգրան Հեքեքյանը ներկայացնում է բեմում, անհնար է իրականացնել երկրի վրա, դա հնարավոր է միայն երկնքում»
ԳԻԴՈ ԿՈԿԱՐՍ
Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, «Ավե սոլ» երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, 2016թ.
Տիգրան Հեքեքյանի հիմնած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը 30 տարեկան է:
Համաշխարհային երգչախմբային ընտանիքում վաղուց իր կայուն տեղն ու երաժշտասեր հանրության սերը վայելող մանկական այս խումբն իր գոյության երեք տասնամյակների ընթացքում մեծ ու հետաքրքրական ուղի է անցել՝ բազում հաղթանակներով, նվաճումներով, ձեռքբերումներով:
1995 թվին, երրորդ տարին հազիվ բոլորած, երգչախումբն առաջին անգամ խիզախելով դուրս եկավ այն ժամանակվա հետսովետական ծայրահեղ ճգնաժամային պայմաններում գտնվող Հայաստանից եւ միանգամից մեկնեց կարեւոր, բարդ ու պատասխանատու հիսունօրյա համերգային շրջագայության, որն իր մեջ ներառում էր համերգներ Լեհաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ 20 նահանգներում: Ելույթ ունեցավ Յունեսկոյի տեղակայանի մեծ դահլիճում՝ նվիրված կազմակերպության 50-ամյա հոբելյանին, մասնակցեց ՄԱԿ-ի 50-ամյա հոբելյանի պաշտոնական արարողությանը Սան-Ֆրանցիսկոյում, Բազելի միջազգային երգչախմբային փառատոն եւ «Գոլդն Գեյթ» հեղինակավոր միջազգային մրցույթին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ երեքամյա երգչախումբը նվաճեց 2 ոսկե, 1 արծաթե մեդալներ եւ գլխավոր մրցանակը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի առաջին բեմելի արձագանքները բուռն էին, հիացական՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին դրանք լինելու էին եւ տարիներ անց, երբ արդեն փորձառու խումբը ելույթներ էր ունենում աշխարհի լավագույն բեմերում, ինչպես Տոկիոյի «Օպերա-Սիթի» համերգադահլիճը, Ժնեւի Վիկտորիա-հոլը, Շվեդիայի Կոնցերտհուսեթ եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահները եւ այլն:
«Ֆանտաստիկ էր: Ես լսել եմ շատ համերգներ, բայց երբեւիցե չեմ լսել երաժշտության այսպիսի ճշգրիտ վերարտադրում, երեխաների՝ այսչափ անթերի կատարում, այսքան կատարյալ պատրաստվածություն եւ լուսավոր ձայներ… Անգամ դրախտում հնարավոր չէ ավելի լավ»:
Թոմաս Ղուդը
Հոգեւորական,
Սեն Մորիս, Շվեյցարիա, 2016թ.
«Երգչախմբերի խմբավարները, որ ներկա էին ձեր համերգներին, մեզ փոխանցեցեին, որ երբեւէ չեն լսել նման մակարդակի երգչախումբ եւ, հավանաբար, հետագայում էլ չեն լսի: Սա ինչ-որ հրաշք էր, որ տեղի ունեցավ իրենց կյանքում:
Եվա Կրիվիցկայտե
«Ուգնելե» երգչախմբի տնօրեն
«Ես միշտ ասել եմ իմ ղեկավարած երգչախմբերին, որ մենք պետք է ձգտենք լավագույնին, բայց ոչ կատարյալին, քանի որ կատարյալին հասնել հնարավոր չէ… Բայց լսելով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին հասկացա, որ հավանաբար սխալվել եմ…»
Անդրե Դյուկրե
«Սեն Միշել» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Ֆրիբուրգ, Շվեյցարիա
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին սկսեցին անվանել «Հայ երգի դեսպան»: Այս բնորոշումը տարիներ շարունակ այնքան պիտի «հետապնդեր» Տիգրան Հեքեքյանի երգչախմբին, որ վերջիվերջո թղթի վրա հաստատվելու առիթ ստանար՝ 2001 թվականին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին Եվրոմիության երգչախմբերի եվրոպական ֆեդերացիայի (European Federation of Choirs of the Union) կողմից շնորհվեց «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսը: 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին շնորհեց աշխարհի լավագույն մանկական երգչախումբ տիտղոսը եւ աշխարհի լավագույն 2 տասնյակ երգչախմբերի թվում հրավիրեց Մինեապոլիս՝ մասնակցելու 6-րդ համաշխարհային գիտաժողովին:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը տարեցտարի ավելի ու ավելի ճանաչելի էր դառնում երաժշտասեր հանրությանն իր բազմազան երգացանկով՝ տարբեր ազգերի ժողովրդական երգերից եւ միջնադարյան, դասական ստեղծագործություններից մինչեւ ջազային ու հանրամատչելի երաժշտություն, 5-րդ դարում գրված հայ հոգեւոր շարականներից մինչեւ 21-րդ դարի բարդագույն ստեղծագործություններ: Հայ մանուկների խումբը հասավ այդ բարդագույն երգացանկի կատարման այնպիսի մակարդակի, որ «մանկական» անվան տակ սկսեց «ոտք մեկնել» լուրջ, պրոֆեսիոնալ երգչախմբերի հետ: Ժամանակակից կոմպոզիտորներից շատերն են ձգտում, որպեսզի իրենց ստեղծագործությունը կատարվի «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից, այդ փաստը խթան հանդիսացավ բազում մանկական խմբերգերի ստեղծման համար: Ավելին, հատուկ այս երգչախմբի համար գրված ստեղծագործություններն այնպիսի բարձր կատարողական նշաձող սահմանեցին, որ լուրջ խնդիրներ են առաջացնում այլ երգչախմբերի կատարման համար՝ համարվելով անհնարինության աստիճանի բարդ:
«Երգչախումբը երգում է շատ ոգեղեն ու հուզական, ձայնարտաբերումը շատ գեղեցիկ է, հնչողությունը՝ հիասքանչ: Երգելիս, յուրաքանչյուրի աչքերը մի փոքրիկ պատմություն են պատմում»:
Գյունտեր Բերգեր
Դրեզդենի ֆիլհարմոնիկ երգչախմբերի ղեկավար
«Այս խումբն այսօր երգչախմբային աշխարհում լավագույններից է: «Հայաստանի փոքրիկ երգիչներն» առանձնանում են իրենց փոխադարձ սիրով, ջերմությամբ, խանդավառությամբ եւ հուզականությամբ: Ահա թե ինչու են նրանք այսքան յուրահատուկ: Դիրիժորը սքանչելի է, նա կարողանում Է ստեղծել երաժշտական երկխոսություն հանդիսատեսի եւ երգիչների միջեւ: Նա իմ ճանաչած հինգ լավագույն դիրիժորներից է»:
Բո Յոհանսոն
«Ադոլֆ Ֆրեդերիկս» աղջիկների երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Ստոկհոլմ, Շվեդիա
«Աս երգչախմբի բարձր մակարդակն ինձ հայտնի է, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է նրանց հաջողվում անընդհատ է՛լ ավելի կատարելագործվել: Այս երգչախումբն ուղղակի կատարյալ է»:
Միշել Հոսթեթլեր
Կոմպոզիտոր, խմբավար, Վեվե, Շվեյցարիա
Գուցե կա՞ այնուամենայնիվ մի ֆենոմեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեության մեջ, հանելուկ, գաղտնիք: Այս հարցի պատասխանը տարիներ շարունակ շատ ու շատ երաժիշտներ, խմբավարներ փորձում են ստանալ Տիգրան Հեքեքյանից: Ինչպե՞ս է հնարավոր նախ հասնել կատարողական նման որակի, հետո պահել այն՝ ի հեճուկս մերօրյա մարտահրավերների՝ մանկական երգչախմբի համար լուրջ խնդիրներ առաջացնող մշտական սերնդափոխության, պատանիների մեջ հետաքրքրությունների ձեւախեղման, ամենակուլ մեդիա եւ սոցհարթակների հետ անողոք մրցակցության պայմաններում:
Որքան էլ զարմանալի է, բայց այս հարցերի պատասխանը մասնագիտական չէ, փիլիսոփայական ոլորտից է:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը երաժշտական միավոր լինելուց առաջ նախ եւ առաջ մտածելակերպ է, միեւնույն աշխարհայացքով մարդկանց հավաքական միասնություն, ընտանիք՝ բառի ամենաավանդական ու իրական իմաստով, ուր կան հստակ սահմանված մարդկային ու բարոյական չափանիշներ, որոնց եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ջանում է համապատասխանել, մեծն օգնում է փոքրին, փոքրը օրինակ է վերցնում ավագից: Սա մի փոքրիկ պետություն է, որտեղ կա հիերարխիա, կարգ ու կանոն եւ օրենքներ՝ սահմանված երգչախմբի սաների կողմից, որ, ի տարբերություն աշխարհի շատ պետությունների, այստեղ չեն որոշվում ուժով, կապերով, այլեւայլ լծակների կիրառմամբ, այլ արդար մրցակցությամբ, ազնիվ ընտրություններով, կարողությունների սթափ դիտարկմամբ:
Այստեղ երեխաները գալիս են նախ մարդ լինելու, աշխարհի, սեփական երկրի քաղաքացի կրթվելու, ուս-ուսի մի ամբողջություն դառնալու, ընկերոջը նեցուկ լինելու ոչ միայն երգելու պահին, այլեւ՝ կյանքի բոլոր իրավիճակներում:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում հայ մանուկները նախ սովորում են սիրել, ապրել, ճանաչել աշխարհը, բնությունը, հայրենիքը, նրա պատմությունը:
Եվ եթե համերգի պահին դուք Բախի, Ֆոռեի, Կոմիտասի հնչյունների ներքո բեմում կանգնած երեխաների աչքերում, շարժումներում կարդում եք պատմություն սիրո, մոլորակի, մարդկության, ընկերության, ազնվության, հայրենիքի, Հայաստանի, Հայոց աշխարհի մասին, եթե ձեզ հասնում են պատառիկներ ձեր իսկ սեփական մանկությունից, հույզերից, կորցրած կամ խորը նիրհած հուշերից, ուրեմն պարզապես ներկա եք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգին…
Արդեն 30 տարի…
Մեր երգչախումբը ձգտումների, իղձերի, անուրջների երփներանգ դերձաններից հյուսված մի մտերմիկ աշխարհ է` այնքան տարբերվող գորշ իրականությունից:
Սվետա Բարսեղյան
15 տարեկան, II սոպրանո
«Երգչախումբն այն մոլորակն է, որի հետ են կապված իմ մանկության ամենաջերմ ու բարի հիշողությունները:
Երգչախումբը կյանքի դպրոց է, որը սովորեցրել է սիրել, գնահատել, պայքարել եւ երբեք չընկճվել: Լինել երաժշտության պես ազնիվ ու արդար»:
Լիլիթ Գինոսյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ուղին երբեք հեշտ չեղավ: Ստեղծման օրվանից ի վեր խումբն անընդհատ կանգնեց փորձեր անելու համար տարածք չունենալու խնդրի առջեւ՝ ամենատարբեր պատճառներով: Սակայն հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս խմբի վայելած սերն ու սրտացավ մարդկանց բարի վերաբերմունքը երբեք երեխաներին չթողեցին անօգնական: Արդյունքում այնպես ստացվեց, որ երգչախմբի կենսագրության մեջ գրանցվեցին անսովոր վայրեր, ուր խումբն անցկացրել էր իր պարապմունքները. էլեկտրոցանցից մինչեւ ռադիոտուն, զանազան սրահներ, իսկ ամենահիշարժանն անշուշտ ՀՀ Ազգային Ժողովի դահլիճն էր, որի դռները ՀՀ պառլամենտի ղեկավարը մի քանի ամիս հյուրընկալ կերպով բացում էր երգչախմբի համար: Խիստ պահպանվող այս կառույց երեխաները մուտք էին գործում շաբաթը երկու անգամ, ուր պատրաստվում էին Փարիզի «Գառնիե» օպերայում կայանալիք՝ Շառլ Ազնավուրի եւ համաշխարհային աստղերի հետ ելույթին:
Երեք տարի առաջ, երբ երգչախմբի փորձատեղը փլվեց, անմիջապես օգնության ձեռք մեկնեցին եւ փորձելու համար անհատույց տարածք առաջարկեցին Շառլ Ազնավուրի ընտանիքը, Կույրերի միությունը, ՀՀ հանրային ռադիոյի տնօրենը, բազում անհատներ ու հասարակական կազմակերպություններ:
Տիգրան Հեքեքյանն ու իր սաները երբեք չեն մոռանում այն բոլոր մարդկանց, ովքեր երբեւիցե իրենց աջակցել են խոսքով, գործով, մեկնած ձեռքով:
Արդեն 30 տարի խումբը կա ոչ միայն հայ նվիրյալ խմբավարի՝ Տիգրան Հեքեքյանի տաղանդի, նրա սրտում ծնված գաղափարի, դրանով մանուկներին վարակելու, միասնական անխոնջ աշխատանքի, երաժշտության ու միմյանց հանդեպ անչափելի սիրո շնորհիվ, այլեւ մարդկանց բարի կամքի եւ ճիշտ պահին նեցուկ լինելու շնորհիվ:
Հուսանք եւ հավատանք, որ առաջին այս երեսնամյակը Հայաստանի երգի փոքրիկ դեսպանների համար կլինի՝ մեծ եւ լուսավոր ուղու առաջին ոլորանը, եւ նոր եկողները կլինեն ոչ պակաս արդյունավետ եւ կերգեն խաղաղ աշխարհում:
Շնորհավոր ձեր 30 տարին, Փոքրիկ Երգիչնե՛ր Հայաստանի: