Հայաստանյան մերօրյա միջավայրը եռացող կաթսա է հիշեցնում, որի մեջ ով ինչ ասես լցնում է: Մեկն իր արածը ռուսական «բորշ»-ի է նմանեցնում, երկրորդը՝ եվրոպական գյուլաշի, երրորդը՝ թուրքա-արաբական աջապսանդալի, մի խոսքով՝ իսկական կեր ու սուս, կամ՝ շիլաշփոթ: Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ է, թեեւ վերջնական արդյունքում ստեղծվում է կաթսայի հատակին այրված մի զանգված, որի առաջ բոլորն են գլխահակ կանգնած:
Դե եթե մարսողությանը պիտանի բան չկա, պետք է փորձել մեղավորներ փնտրել: Չմանրանամ, քանզի այն մեզ ոչ մի տեղ չի տանում, ընդամենը հայտնվում ենք մի կետում, ուր անորոշությունները եթե չեն բազմանում, նվազագույնը կրկնապատկվում են: Տեսեք. ընդամենը օրեր առաջ ում մտքով կանցներ, թող որ ՀՀ պետական խորհրդանիշների վրայից, հանել մեր սրբություն սրբոց Մասիս ու Սիս գագաթների պատկերները: Ըստ մեր ունեցած հիշողությունների, դրանք հայերիս գոյության իմաստն են, հազարամյա պատումների արձանագրումը, առաջ շարժվելու գրավականը, հավերժով ապրելու վճռականությունը: Ինչ-որ մեկի հընթացս արված մտավարժանքներն անկարող են այստեղ ծիլեր տալ, քանզի դրանք ընդամենը իմաստազրկումի երեւույթներ են, ավազի վրա տեղադրված վայրի տատասկներ: Արդյունքում, մերօրյա հայը մտորում է: 40-ամյա տարիքում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստացել ու նվազագույնը երկու օտար լեզուների է տիրապետում, ծնողներն իմաստնացած անձնավորություններ են, պակաս ուսյալ չեն մերձակա հարազատներն ու հարեւան-ծանոթները, համանման ուղիով են ընթացել արտերկրներ տեղափոխված քույր-եղբայրներն ու համադասարանցիները, ովքեր Հայաստանի կարոտը սրտներում՝ ապրում են ու… տնավորվում, չգայթակղելով գայթակղում: Ինչու է այսպես ստացվում, երբ ամենուր խոսում ու նշում են հայերիս աշխատասիրուց ու հնարամտությունից, համառությունից ու ելքեր փնտրելու ունակություններից, իսկ երեք միլիոնով առավել քան անօգնական ենք ու անճար: Լավ՝ մենք չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության կյանքի ու տնտեսության համար պատասխանատուները, որոնք, ըստ հանրության որոշ թե որոշակի հատվածի, պատուհաս են դարձել հայության գլխին: 30 մլրդ դոլարի չհասած համախառն ներքին արդյունքով են հպարտանում, 6-7 մլրդ դոլար բյուջեով պարծենում, երբ աղքատ է յուրաքանչյուր չորրորդ հայաստանցին, գործազուրկ է աշխատունակ բնակչության մոտ 30 տոկոսը, աննախադեպ գնաճը սովորական երեւույթ է համարվում: Անճարությունը հասավ այնտեղ, որ երկրի պարենային ապահովության ու անվտանգության համար պատասխանատու բարձրագույն պաշտոնյա ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկրի բարեբեր վարելահողերում գյուղոլորտի թիվ 1 մշակաբույս ցորեն հացահատիկ աճեցնելը նպատակահարմար չէ: Սա ասում է մի մարդ, որ հարկատուներիս ֆինանսական միջոցներով վարձված մեկն է, մեզ բոլոր պարագաներում ծառայելու կոչված այր, պատճառաբանություններ ու արդարացումներ չհանդուրժելու կոչված համեստ կատարող:
Բա ո՛ւր է թե հայաստանաբնակներիս խնդիրներն ավարտվեին այս մեկ օրինակով: Յուրաքանչյուր պահի է ասվում ու խոսվում ինչ-ինչ խնդիրներից ու հոգսերիս, որոնց լուծումները պետք է որ թեթեւացնեն ու վերացնեն մեր, վարչապետական կարգավիճակ ունեցողներիս մտահոգությունները: Ավաղ, ոգեւորությունը շատ արագ մարում է, երբ այն պետք է որ արդյունքներ ցուցաբերի: Ամեն անառիթ առիթով է խոսվում մեր լավը չուզող Թուրքիայի հետ նրա կողմից փակված սահմանը բացելու եւ ամենատարբեր հարաբերությունները գործարկելու մասին: Առեւտրային կապերին նմանվող ինչ-ինչ նշաններ հիմա էլ կան, վրացական կողմերի միջնորդավորմամբ: Տեսեք ինչ թվեր են շրջանառվում առեւտրի ոլորտում. Թուրքական ապրանքներ Հայաստանում, 2024 թվականին՝ 330 մլն դոլարի, հայկական ապրանքներ Թուրքիայում՝ 30 մլն դոլարի: Ի՞նչ ժամկետում է հնարավոր այսօրինակ համամասնությունում տնտեսվարական ու տնտեսագիտական մրցակցություն ապահովել. նման հարցերի պարզաբանման ու բացահայտման վրա մեզանում արգելք է դրված: Փոխարենն ասենք Թուրքիայում գտան, որ 21-րդ դար իրենց ունեցած 46 տոկոս գյուղատնտեսությամբ զբաղվողներով անցում կատարելը ցանկալի վիճակ չի ապահովի եւ 2024-ին ունեին 17 տոկոս գյուղզբաղվածներ, երբ ՀՀ-ում ամեն ինչ է արվում ընդգրկվածների թիվն ավելացնելու ուղղությամբ, 33 տոկոսը 35-ի հասցնելու ջանքերն են բազմապատկվում: Արդյո՞ք տեղին ու տրամաբանված է այն մոտեցումը, ըստ որի սահմանապահը պետք է թիկունքին իր համերկրացու առկայությունը զգա: Սահմանապահը հարկ է որ իր զենք-զինամթերքի ուժը զգա, իր մարտական դիրքի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
Այն ապահովվում է ՀՀ օրենք հանդիսացող բյուջեով, որտեղ… թող ներվի ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս, 33 տոկոս գյուղաբնակ տնտեսությունների ներդրումը ցանկալիից առավել համեստ է: Այն օրերս հաստատեց նաեւ վերոհիշյալ նախարարը, նշելով, որ Լարսի անցակետով երթեւեկող «Ֆուր»-երի գրեթե 99 տոկոսը «Սպայկա» ըներության բեռներն են: Գյուղական համայնքներում հարազատ-բարեկամներ շատերս ունենք, նրանց առավել համեստ կենցաղից լավագույնս ենք տեղեկացված:
ՀՀ իշխանությունները լավատեսության ինչ-որ նախանշաններ են փնտրում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված, նախագահ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված, խաղաղության ու բարգավաճման միջազգային ճանապարհի շահագործման հետ: Հաջողություն մաղթելով գործարքին, ՀՀ համեստ քաղաքացիս անկարող գտնվեցի հետեւյալ կարծիքս չհայտնելուց:
Հռչակագիրը՝ փքաբլիթ
«08.08.2025-ի հայտնի «խոհարարները» մի փքաբլիթ են պատրաստել՝ առանց միջուկի: Ինչ համի կլինի այն, ցույց կտա ժամանակը»:
Երրորդ ամիսն է ընթանում, նշմարելի ոչինչ կարծես չի նկատվում: Իսկ իշխանությունները խոսում են, խոսում, խոսում… մարդիկ էլ ակամա հիշում են հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում առացվածքը:
Ահա այսպիսի բաներ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ