ԵՐԵՎԱՆ-ՍՈՖԻԱ – Հայազգի բուլղար պարող, պարադիր, պարուսույց,կինոբեմադրիչ, արտադրիչ եւ գրող Կոստա Կարակաշյանը ծնվել է Պլովդիվում։ Հինգ տարեկանից սովորել է սալոնային պարեր, հետագայում երկու անգամ դարձել Բուլղարիայի ազգային պարահանդեսներիկրկնակի չեմպիոն՝ հավաքականի հետ հանդես գալով Կանադայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Եգիպտոսի, Վիետնամի եւ Ճապոնիայի միջազգային բեմերում։ 18 տարեկանում «Պարի՛ր Վիետնամի աստղերի հետ» մրցույթում եղել է ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ պարող ու պարուսույց մասնակիցը։ Ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը եւ Մարդու իրավունքների միջազգային կամպուսը Վենետիկում: Որպես բեմադրիչեւ պարադիր հեղինակել է ֆիլմեր, երաժշտական եւ գովազդային հոլովակներ, ինստալացիաներ, թատերական բեմադրություններ՝ իր «Ստուդիո Կարակաշյան»պրոդյուսերական ընկերությունը եւ«Կարակաշյան էնդ արտիստս» բազմապրոֆիլ պարախումբը: Նկարահանել է «Իսկական տղա», «Նրա մաշկի մեջ», «Հանձնվել», «Գերսեռազգայուն», «Հայացք ծայրից» եւ «Գույնի սպասելով» ֆիլմերը։ Համագործակցել է «Էյջ էնդ էմ», «Քալվին Քլեյն», «Էլ», «իՅուրա», «Բելիսիմո քլինիք» միջազգային ֆիրմաների, նաեւ բուլղարահայի հիմնած «Ստուդիո Զարդի» (Studio Zard) հետ: Կոստան նաեւ դասավանդում է իմպրովիզացիոն պար, ժամանակակից պարային տեխնիկա եւ պարային ֆիլմերի սեմինարներ Եվրոպայում: Հեղինակ է էսսեներիեւ պարագիտական հոդվածների միջազգային պարբերականներում։
– Հարգելի՛ Կոստա, առաջին անգամքո մասին իմացել եմ2021-ին «Բուլղարիան տաղանդներ է փնտրում» հեռուստանախագծի քո մասնակցությունից հետո: Քո պարն ինձ տպավորեց բարձր զգացմունքային մղումով եւ փայլուն բեմադրությամբ: Ի՞նչնէ քեզ հատկապես ոգեշնչում պարայինհամարներ ստեղծելիս:
– Շնորհակալությո՛ւն բարի խոսքերի համար։ Ըստ իս, խորեոգրաֆիայի համար անհրաժեշտ է կա՛մ որեւէ ուժեղ ուղերձ, կա՛մ մաքուր, զտված հույզեր, որոնք կզգացվեն հստակ շարժման միջոցով՝ առանց մելոդրամատիկ լինելու: Իմ զգացմունքային հիշողության մեջ ես մշտապես փնտրում եմ ոգեշնչման պահեր, եւ նույնիսկ եթե իմ բեմադրության մեջ ինչ-որ բան ինքնակենսագրական չէ, ես միշտ փորձում եմ պատկերել իմ սեփական կյանքից տարբեր զգացողություններ, քանի որ, կարծում եմ, որ այս իրապես ապրված փորձառությունները ցանկացած արվեստի գործի պատկերըկարող ենշատ ավելի հարուստ դարձնել: «Բուլղարիան տաղանդներ է փնտրում»-ի իմ ելույթը կապված էր ԱՄՆ-ում իմ ուսանելու ընթացքում ինքնայրման եւ մտավոր լարվածության զգացողությունների հետ, եւթե ինչ արձագանքներ էին դրանք գտնում մարմնիս մեջ:
– Թվում է, թե շարժումների առումով ժամանակակից պարարվեստում ոչ մի նորություն չի կարող լինել: Դու հաճախ ես պարային համարների կատարման վայր դարձնում անսովոր տեղեր (խոհանոց, աղբավայր, պահեստ, քարանձավ, թռիչքուղիներ, մինչեւ անգամ՝ զուգարան): Ո՞րն է հիմնական մտահոգությունդ այս խնդրում, դա բխում է ինքնին խորեոգրաֆիայից, թե՞ պարզապես ծանոթ պարային շարժումները տեղափոխում եսպարի համար անսովոր վայրեր:
– Թեեւ իսկապես ինքնատիպ կամ շարժման նոր լեզուներ ստեղծելըկարող է դժվար լինել,ինձ համար հանդիսատեսին անսովոր վայր տանելը՝ մտասուզված կամ որոշակի տեղանքի վրա հիմնված ներկայացմամբ, ավելի շատ կապված է զարմանքի տարրի հետ, ինչը հանդիսականը կարող է զգալ: Ես սիրում եմ նրանց հանել կրավորական վիճակից, որը կարող է առաջանալ, երբ մենք բեմադրությունը դիտում ենք աթոռին նստած, որի վրա կարող ենք քնել:Երբ հանդիսատեսին բերում ենք նոր տարածք, այդ փորձառությունն անսովոր է լինումի սկզբանե. մենք շատ ժամանակ ենք հատկացնում՝ ստեղծելով մի հետաքրքրական էլեկտրոնային հաղորդագրություն,իսկ երբ նրանք գալիս են, զարմանում են վայրի թրթռացումների վրա, այնուհետև միշտ ունենում ենք հանդիսականներիմտասուզման մի պահ՝ մինչեւ որ նրանք կտեսնենբեմադրությունը: Այս բոլոր քայլերը կարևոր են, քանի որ դրանք ազդանշաններ են ուղարկում հանդիսատեսին, որ տվյալ աշխատանքը տարբերվելու է եւ որ նրանք պետք է ուշադիր լինեն: Նույնիսկ եթե շարժումը հայտնի է, տվյալ համատեքստում այն կարող է շատ ավելի մտերմիկ լինել, երբ պարում են քո դեմքից մի քանի սանտիմետր հեռու, խոսում են քեզ հետ և երբեմն շատ ավելի են շփվում քեզ հետ:Դա նաեւ մեծապես կապվածէ այն բանի հետ, թե ինչպես ենք մենք ստեղծում բուն խորեոգրաֆիան: Պարողների հետ մի շարք խաղեր ենք խաղում, որոնք նոր տարածություն գործածելիս խթանում են նրանց երեւակայությունը: Մենք պատկերացնում ենք տեղի պատմությունը, մարդկանց, որոնք անցել են այդ տարածքներով, եւ սկսում ենք նոր ներկայություններ հորինել՝ կառուցելով շատ հարուստ եւ եռաչափ մի աշխարհ, ինչը դժվար կլինի անել, եթե բեմը մեկնաբանես որպես չեզոք տարածք, որտեղ նույն կերպ ուշադրություն չես դարձնում տարածքի պատմությանը։ Ես շատ երախտապարտ եմ իմ պարախմբի արտիստներին, որոնք բոլորն էլ շատ տաղանդավոր են եւ գործընթացին հաղորդում են շատ բարդ գիտակցականություն՝ մշտապես առաջարկելով անհավանական գաղափարներ եւ լինելով առատաձեռն իրենց արվեստում, որպեսզի մենք կարողանանք ստեղծել գործի ամենաուժեղ տարբերակը, որը կարող է լինել տվյալ ժամանակ:
– Դու ֆիլմեր ես նկարահանում պարի մասին։ Երեւանում երկու անգամ մասնակցել եմ պարային ֆիլմերի սեմինարների՝ դիտելով նման ֆիլմերի մեծ ընտրանի ամբողջ աշխարհից։ Այնուամենայնիվ, չեմ հիշում սոցիալական ենթատեքստ ունեցող կինոնկարներ, ինչպիսին է քո մրցանակակիր, իսկապես ցնցող վավերագրական պարաֆիլմը՝ Չեչնիայում ԼԳԲՏՔ+ հալածանքների մասին պատմող «Սպասում ենք գույնին»: Չեչնիայից եւ այլուր սպառնալիքներ ստացե՞լ ես այս հարցը բարձրացնելու համարձակության համար։
– Բուլղարիայում ստացել եմ որոշ բացասական մեկնաբանություններ, երբ որոշեցի ստեղծել այն։ Այս ֆիլմի պատճառովնաեւ ինձ հրավիրեցին դառնալու ռեժիսոր Դեյվիդ Ֆրենսի «Բարի գալուստ Չեչնիա» լիամետրաժ վավերագրական ֆիլմի մասնակիցներից մեկը: Դեյվիդըեւ իր թիմը նկարահանեցին չեչեն ԼԳԲՏՔ+ մարդկանց իրական պատմությունները, որոնք փորձելեն փախչել Ռուսաստանից եւ ապահովություն գտնել Եվրոպայում, սակայն գաղտնիությունը պահպանելու համար նրանք պետք է գտնեին իրենց դեմքերը քողարկելու միջոց: Այսպիսով, մի օր ինձ զանգահարեցին եւ հայտնեցին Չեչնիային առնչվող մի առեղծվածային նախագծի մասին: Այդ ժամանակ ես իսկապես անհանգստացա, որ դա կարող է ինչ-որ վտանգավոր բան լինել, բայց, բարեբախտաբար, պարզվեց, որ Դեյվիդը եւ նրա թիմը ցանկանում էին ինձ հրավիրել՝ լինելումեկնայն ակտիվիստներից, որոնք թույլ կտան մեր դեմքերն օգտագործել ֆիլմում, ինչը անհավատալի փորձառություն էր: Եվս միօրինակով ես կարողացա համերաշխություն արտահայտել Չեչնիայի քաջ ժողովրդին։
– Քո բազում պարայինեւ կինոնախագծեր վերաբերում են նաեւ սոցիալական այլ թեմաների, ինչպիսիք են հոգեկան առողջությունը եւ կլիմայական ճգնաժամը: Իսկ տեսե՞լ ես քո սոցիալական ուղղվածությամբնախագծերի դրական ազդեցությունը որոշակի խնդիրների վրա:
– Այո՛, ինձ համար ամենաարժեքավոր բաներից մեկն այն խոսակցություններն են, որ առաջացել են այս նախագծերից: Հուզիչ է տեսնել, թե ինչպես է հանդիսատեսը գալիս ցուցադրության կամ ներկայացման մեկ մտքով եւ հեռանում է բանավեճի համար բաց մտքով կամ նոր հասկացողությամբ առ այն, թե ինչպես է ապրում մարդկանց մեկ այլ խումբ: Մենք դա արեցինք մեր «Խոհանոց» ներկայացմամբ, որը ցույց է տալիս խոհարարական արդյունաբերության պրոֆեսիոնալների հոգեբանական տրավման։ Իսկ մեր «Վերջին մայրամուտը» բեմադրությունն անդրադառնում է շրջակա միջավայրի վրա հանածո վառելիքի բացասական ազդեցությանը եւ հանդիսատեսին տանում Գաբրովոյի ոչ վտանգավոր թափոնների տարածաշրջանային աղբավայրը: Դա զարմանալի փորձառություն էր: Երբեմն դժվար է չափել, թե քանի միտք ես փոխել, բայց մենք միշտ հնարավորություն ենք տալիս հանդիսատեսին գրավոր արտահայտվել, այնպես որ գիտենք, որ այս տիպի նուրբ աշխատանք է կատարվում: Հուսով եմ, որ նույնը տեղի կունենա իմ նոր՝ «Նրանք» ֆիլմի դեպքում եւս։ Այն պատմում է համալսարանի երկու դասախոսների մասին, որոնքչեն կարողանում բացահայտել իրենց զուգընկերներլինելը: Ցավոք, վերջին մի քանի օրվա ընթացքում Բուլղարիան ընդունեց նոր օրենք, որն արգելում է դպրոցներում ԼԳԲՏՔ+ թեմաների քննարկումը` այն որակելով քարոզչություն: Պատահաբար, մեր ֆիլմն ավելի արդիական դարձավ ներկայիս քաղաքական եւ սոցիալական իրավիճակի առումով, ուստի երբ միջազգային փառատոնի ավարտից հետո հասնի այն Բուլղարիայում ներկայացնելու ժամանակը, վստահաբար, շատ խոսակցություններ կսկսվեն: Մենք իսկապես երախտապարտ ենք Բուլղարիայի ազգային մշակույթի հիմնադրամին՝մեր նախագծին դրամաշնորհի արժանացնելու համար, որը հնարավորություն տվեց ստեղծել միանսովոր ֆիլմ նույնիսկ այս ավելի պահպանողական մթնոլորտում:
– Ինձ դուր եկավ քո «Հանձնվել» վավերագրական ֆիլմը պարի մեջ առնականության մասին: Հաճախած լինելով պարահանդեսային պարերի դասընթացների Հայաստանում եւ ԱՄՆ-ում՝ կարող եմ ասել, որ նման պարապմունքներում տղամարդկանց պակաս կա ոչ միայն համեմատաբար պահպանողական հայկական, այլեւ ամերիկյան հասարակության մեջ։ «Պարասրահն ընդդեմ մարզասրահի» տղամարդկանց հակադրությունը միշտ կլինի, թեեւմեկը մյուսին չիխանգարում, այնպես չէ՞:
– Բացարձակապե՛ս չի խանգարում։ Եթե նայենք պարողներին, ապա նրանք եւս անհավանական ֆիզիկական մարզիկներ են, որոնք կարող են նույնքան տպավորիչ լինել, որքան ֆուտբոլիստները կամ բասկետբոլիստները: Պարի մեջ կա զգացականություն եւ ազատություն, որից շատ տղամարդիկ վախենում են: Գոյություն ունի սոցիալական խարան՝ խոցելի, խաղացկուն լինելու եւ որպես «փափուկ» ընկալվելու վերաբերյալ, ինչն ամոթ է, քանի որ դա մեծ անիրատեսական ճնշում է ստեղծում տղամարդկանց համար՝ ֆիզիկապես եւ մտավորապես դիմադրելու համար: Բայց վաղ թե ուշ, մենք չենք կարող դուրս մղել մեր բոլոր զգացումները, դրանք ցանկանում են ինչ-որ կերպ ջրի երես դուրս գալ, ուստի հուսով եմ, որ ավելի շատ տղամարդիկ կդիմեն պարինեւինքնադրսեւորման այլ առողջ ձեւերին՝ փոխանակ թունոտ առնականությանը՝ իր ողջ վտանգավորությամբ հանդերձ: Խոցելի լինելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա, եւ որքան շատ տղամարդիկ դա գիտակցեն, այնքան լավ:
– Եվ վերջում խնդրում եմ պատմի՛ր քո հայկական ժառանգության մասին։
– Հայ պապիկիս հայրական ընտանիքն ապրելէ գյուղում, նրա ազգականներից ոմանք՝ թուրքական Ուշաք քաղաքում։Մոտ 1920 թվականին ընտանիքի մի մասը նավով մեկնել է Ֆրանսիա, մյուս մասըՀունաստանի ճանապարհով եկել է Բուլղարիա: Նրանք կայուն կյանք են սկսել Պլովդիվում, որտեղ եղել է հայերի ամենամեծ համակենտրոնացումը Բուլղարիայում։ Հայ տատիկիս հայրը զինվոր է եղել, նրա ողջ ընտանիքը զոհվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ՝ կինը, երկու երեխաները, եղբայրները եւ ծնողները: Երկրորդ անգամ ամուսնացել է արդեն Բուլղարիայում՝ հանդիպելով ցեղասպանությունից որբացած մի հայուհու հետ։
Բուլղարիայում ինձ մեծացրել են հայ հայրս եւ բուլղարուհի մայրս, բայց մենք նշում ենք բոլոր հայկական տոները։ Եղբայրս եւ նրա զավակները, ինչպես նաեւ ես ինքս մկրտվել ենք Պլովդիվի Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցում, որը հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ, եւ մենք մոտ ենք քաղաքի հայ համայնքին:
Այսօր ես հետեւում եմ մի քանի երիտասարդ հայ ստեղծագործողների եւ արվեստագետների՝ շնորհիվ իմ սիրելի ընկեր Թերեզա Ոսկանյանի, որը Բուլղարիայի «Էլ» ամսագրի խմբագիրն է, բայց պարբերաբար այցելում է Հայաստան եւինձ միշտ պատմում է այնտեղի ստեղծագործողներից: Ես դեռ չեմ եղել Հայաստանում: Անցյալ տարի պետք է իմ «Խոհանոց» ներկայացմամբ մասնակցեինք կատարողական արվեստի փառատոնին։Ցավոք, չհաջողվեց, բայց ես այլ հնարավորություններ եմ փնտրում՝ Հայաստան գալու իմ որոշ ներկայացումներով կամ ֆիլմերով: Դա կլինի իմ հաջորդ երազանքի իրականացումը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ