Հանրակրթության նոր ուսումնական տարին Շիրակի մարզը դիմավորեց, մարզպետի աշխատակազմի ձեւակերպմամբ, դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներով: Ըստ հրապարակված տեղեկատվության, ուստարվա շեմին վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում մարզի 27 դպրոցներում, որոնցից 15-ը՝ Գյումրիում: Քաղաքում մինչեւ սեպտեմբերի 1-ն ավարտվել են դրանցից 3-ի աշխատանքները, 6 դպրոցներում նորոգումն ամբողջապես չի ավարտվել, սակայն դասերը կազմակերպվում են ավարտված մասնաշենքերում, մնացած 6-ում էլ դրանք կանցկացվեն այլ՝ «հյուրընկալ» դպրոցներում… Գյուղական բնակավայրերում նախատեսվում էր վերանորոգման աշխատանքներն ավարտել երկու գյուղերի դպրոցներում, իսկ մյուս գյուղերի դասերն անցկացնել տվյալ բնակավայրերի հարմար վարչական եւ այլ շենքերում:
Առանց մանրամասների նկատենք, որ այս երեւի աննախադեպ իրավիճակը, երբ սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքը պատրաստ չէ ընդունելու աշակերտներին, բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում մանավանդ հյուրընկալվող դպրոցների սաների, ուսուցիչների եւ ծնողների համար, ինչը բոլոր դեպքերում չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նաեւ ուսումնական գործընթացի վրա: Չարժե՞ր արդյոք միանգամից այսքան ծավալ ցուցադրելու ձգտման եւ ի հետեւանս՝ նման ընդհանուր շփոթ ստեղծելու փոխարեն այս անգամ կազմակերպչական եւ շինարարական ուժերը կենտրոնացնել այնքան շենքերի վրա, որքանի նորոգումը, գուցե եզակի բացառություններով, հնարավոր կլիներ նորմալ ավարտել մինչեւ սեպտեմբերի 1-ը, ինչպես ընդունված կարգն է:
Բայց սա այսպես թե այնպես գոնե ժամանակավորն է: Պետական քարոզչությունն ակտիվորեն թմբկահարում է կառավարության մինչեւ 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապատեզի նորոգման, վերակառուցման եւ կառուցման իրականացվող ծրագիրը, ու գուցե կարելի էր այդ քանակի համար նաեւ ծափահարել (դպրոց կառուցելուց լավ բա՞ն): Բայց դրա դիմաց նախատեսվել է հանրապետության 231 դպրոցների, այդ թվում՝ 224 գյուղերի՛ դպրոցների փակում… Ու ամեն 2-3, գուցե նաեւ ավելի թվով այդ գյուղերի աշակերտները պետք է ամբողջ տարին ամեն օր ճանապարհ անցնեն, գնան հասնեն կառուցվող մեկ այլ գյուղի դպրոցը եւ վերադառնան: Ու քանակական առումով այստեղ տխուր առաջնությունը տրվել է Շիրակի ու Լոռու մարզերին: Շիրակում հիմքից կառուցվող 12 դպրոցի ու կրթահամալիրի դիմաց փակվելու է ամենից շատ՝ 47 գյուղերի եւ 1 քաղաքային (Գյումրու) դպրոց: 48-ն էլ, այդ թվում 45-ը՝ գյուղական, փակվելու է Լոռիում:
ՀՀ տարբեր շրջանի կառավարողները նման հարցերում կարծես թե հավասարապես շատ են «սիրում» Շիրակն ու Գյումրին: 2003-2004 թվականներին դպրոցների սկսված քոչարյանական առաջին՝ բուռն «օպտիմալացման» ժամանակ հանրապետությունում միավորված 35 դպրոցներից 17-ը Շիրակում էր: Որից Գյումրիում, որտեղ ավերիչ երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից հետո գոնե մեկ գործարան այդպես էլ չվերականգնվեց, պակասեց մեկ տասնյակ դպրոց: Իսկ նաեւ այսպես կոչված ներդպրոցական օպտիմալացման, այսինքն դասարանների միացման միջոցով մարզի դպրոցներում պակասեց 182 դասարան, նյութական ծանրագույն իրավիճակում հայտնված մարզում այս ամենի հետեւանքով միայն առաջին ուսումնական տարում աշխատանքից ազատվեց… հա-զա՛ր մանկավարժ…
Հանրապետությունում փակվող, ինչպես տեսանք, հիմնականում գյուղական դպրոցների ցանկը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 11-ի 1790-Ա/2 հրամանում դա չի կոչվում փակում, այլ՝ «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագրում ներառում»: Սրա մեջ տեսականորեն գուցե կա եւ ճշմարտության մասնիկ, բայց մտահոգիչն ակներեւաբար շատ ավելին է:
Գիտեք, մի քանի հայ որտեղ եղել են՝ մի դպրոց են բացել, մի թերթ հիմնել ու մի եկեղեցի են կառուցել: Որովհետեւ դրանք ազգային զարգացման կարեւոր կռվաններ են: Հիմա Հայաստանում հայի կառավարությունը այդքան բնակավայրերի դպրոց է փակում, թերթեր է փակում ու Հայ եկեղեցու դեմ արշավ կազմակերպում: Սա՝ իմիջիայլոց ասած: Իսկ ըստ էության՝ ինչ էլ որ ասվի, գյուղում դպրոց փակելը, այն էլ այդքան շատ, գյուղերի դատարկման մի էական գործոն է: Ի դեպ՝ մասնավորապես սահմանային գյուղերի… Պետք է պատկերացնել թեկուզ երթեւեկության ենթադրելի խնդիրները եւս, երբ օրինակ Աշոցքի գոտու տեւական խստաշունչ ձմռան ու բուքերի պատճառով առանց այն էլ վատ միջգյուղային ճանապարհներ են օրերով ու շաբաթով փակվում:
Այդքան շատ բնակավայրերում քիչ թվով աշակերտների խնդիրը ժողովրդագրական խնդիր է, որն ի վերջո պահանջում է ոչ թե աչքից էլ, աչքացավից էլ ազատում, այլ ա՛յդ խնդրի լուծման տեւական, խելամիտ պետական քաղաքականություն՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն ու պահանջ: Էլ չենք ասում՝ ինչքան մանկավարժներ ու աշխատակազմեր են այս որդեգրված մոտեցմամբ գործազրկվում:
Եվ ի՞նչ է ստացվում: Նախորդ իշխանության սկսած ու այսօրվա կառավարողների շարունակած՝ համայնքների համատարած հախուռն «խոշորացման» ճանապարհով տեղական ինքնակառավարումը հեռացվեց տեղերից, հիմա էլ դպրոցներն են հեռացվում աշակերտներից: Գոնե տարրական դասարանների այն 6-7 տարեկան մանուկների համար իրենց տներին մոտ դպրոցները, դասարանները չեն պահպանվում:
Մանրուք չի թվում նաեւ, թե մեր պայմաններում շենքային ու մարդկային փունջ-փունջ այսքան կենտրոնացումները, ինչպես եւ ամենօրյա այսքան տեղաշարժերն ու երթեւեկը տարբեր անվտանգային առումներով որքան են ընդունելի:
Սա ուղի՞ղ ճանապարհ է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ