Հարցազրույց Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, գործարար, բարեգործ եւ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ ԿԱՄՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
Կամո Հայրապետյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի ճանաչված եւ հեղինակավոր գործիչներից է։ Նա երկար տարիներ ղեկավարել է արտադրական ձեռնարկություններ, 2020-ից գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը։
2004 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է, իսկ 2006-ից անընդմեջ ընտրվում է Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր։
Մեր հայրենակցի հասարակական աշխատանքը միտված է Կուբանի բազմազգ բնակչության բարեկամության ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հոգեւոր եւ բարոյական դաստիարակությանը, ինչպես նաեւ հայ համայնքի ազգային եւ մշակութային ինքնության պահպանմանը։ Նա պարբերաբար մասնակցում է բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Կրասնոդարի երկրամասի եւ Արմավիր քաղաքի մանկատներին, գիշերօթիկներին, դպրոցներին, մանկապարտեզներին ու ստեղծագործական խմբերին։
«ԱԶԳ»–ի թղթակցի հետ զրույցում Կամո Հայրապետյանն անդրադարձել է Կրասնոդարի երկրամասում իրականացվող հասարակական եւ բարեգործական ծրագրերին, հայ համայնքի առջեւ ծառացած խնդիրներին, հայապահպանության հարցերին, ռուս–հայկական հարաբերություններին, ինչպես նաեւ Հայրենիք–Սփյուռք համագործակցության հեռանկարներին։
– Հարգարժան պարոն Հայրապետյան, որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր՝ այսօր ո՞ր խնդիրներն եք համարում առաջնահերթ ՌԴ Արմավիրի եւ Կրասնոդարի երկրամասի բնակիչների համար։
– Արմավիրի եւ Կրասնոդարի երկրամասի բնակիչների շահերը ներկայացնող պատգամավորի գործունեության առաջնահերթությունները պայմանավորված են տարածաշրջանի առանձնահատկություններով։ Լինելով Ռուսաստանի հարավի խոշորագույն գյուղատնտեսական, արդյունաբերական եւ տրանսպորտային կենտրոններից մեկը՝ Կրասնոդարի երկրամասը պահանջում է համապարփակ մոտեցում, որտեղ տնտեսական զարգացումը պետք է զուգորդվի սոցիալական պատասխանատվությամբ։ Այսօր ես առանձնացնում եմ մի քանի կարեւոր ուղղություններ.
- Ագրոարդյունաբերական համալիրի զարգացում եւ ֆերմերների աջակցություն։ Կրասնոդարի երկրամասը Ռուսաստանի գլխավոր գյուղատնտեսական շրջաններից է, եւ մեր առաջնահերթ խնդիրներից է գյուղատնտեսության շարունակական զարգացումն ու գյուղացիական տնտեսությունների աջակցությունը։
- Ենթակառուցվածքների արդիականացում եւ տրանսպորտային համակարգի կատարելագործում։ Արմավիրը խոշոր երկաթուղային հանգույց է, եւ այդ կարեւոր առավելությունը պետք է առավել արդյունավետ ծառայեցվի բնակչության եւ տնտեսության զարգացման շահերին։
- Սոցիալական պաշտպանություն եւ ժողովրդագրական քաղաքականություն։ Ընտանիքների, երեխաների եւ տարեցների աջակցությունը եղել եւ մնում է մեր սոցիալական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը։
- Արդյունաբերության զարգացում եւ նոր աշխատատեղերի ստեղծում։ Արմավիրը զգալի արդյունաբերական ներուժ ունի, հատկապես մեքենաշինության եւ գործիքաշինության ոլորտներում։ Որպես երկար տարիներ արտադրության ոլորտում աշխատած մարդ՝ ես լավ պատկերացնում եմ այդ մարտահրավերները եւ կարեւորում եմ տեղական ձեռնարկությունների աջակցությունը, որոնք ստեղծում են աշխատատեղեր եւ նպաստում տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
Ի վերջո, այս բոլոր ուղղությունների կենտրոնում մարդն է՝ նրա բարեկեցությունը, անվտանգությունը եւ վաղվա օրվա նկատմամբ վստահությունը։ Իսկ պատգամավորի գլխավոր պարտականությունն է նպաստել անհրաժեշտ պետական միջոցների ներգրավմանը եւ հետեւողականորեն վերահսկել դրանց արդյունավետ օգտագործումը՝ ի շահ բնակչության։
– Տասնամյակներ շարունակ զբաղվել եք բարեգործությամբ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է բարեգործության ամենակարեւոր սկզբունքը։
– Ինձ համար բարեգործությունը երբեք չի եղել պարզապես օգնություն ցուցաբերելու միջոց։ Դա ապրելակերպ է եւ ներքին համոզմունք, որ յուրաքանչյուր մարդ, իր հնարավորությունների սահմաններում, պարտավոր է իր շրջապատը դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի մարդասիրական եւ ավելի արժանապատիվ։
Հենց այս սկզբունքով էլ տարիներ շարունակ փորձում եմ աջակցել անապահով ընտանիքներին, օգնության ձեռք մեկնել պատերազմների, տարերային աղետների եւ այլ արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժած մարդկանց։ Միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սփյուռքում գիտության, կրթության եւ մշակույթի զարգացմանը, հայոց լեզվի ուսուցմանը, կիրակնօրյա դպրոցների եւ կրթամշակութային կենտրոնների գործունեությանը, հայապահպան ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ մեր պատմամշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման նախաձեռնություններին։
Համոզված եմ, որ բարեգործությունը միայն նյութական աջակցություն չէ։ Այն մարդկանց նկատմամբ պատասխանատվության, ազգային արժեքների պահպանման եւ ապագայի նկատմամբ հավատ ներշնչելու կարեւոր առաքելություն է։
– Ո՞ր ծրագրերն են այսօր գտնվում ձեր ուշադրության կենտրոնում։
– Չեմ կարող ասել, որ մեր ծրագրերից որեւէ մեկն այսօր երկրորդական է։ Դրանք բոլորն էլ կարեւոր են։ Բայց եթե խոսենք առաջնահերթությունների մասին, ապա առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հայապահպան կրթական ծրագրերին եւ «Հատուկ ռազմական գործողության» շրջանակներում իրականացվող մարդասիրական աջակցության նախաձեռնություններին։
– Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցելու նախաձեռնությունները շարունակվո՞ւմ են։
– Այո՛, եւ դա մեզ համար սկզբունքային դիրքորոշում է։ Այդ աջակցությունը չի կարող լինել ժամանակավոր, քանի դեռ կան դրա կարիքն ունեցող ընտանիքներ։ Մեզ համար դա ոչ թե ժամանակավոր նախաձեռնություն է, այլ բարոյական պարտավորություն։ Այսօր էլ ամեն ամիս շուրջ 70 տեղահանված ընտանիք ստանում է սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքներից ելնելով՝ աջակցություն ենք ցուցաբերում նաեւ բժշկական, սոցիալական եւ այլ կարեւոր հարցերում։
– Ի՞նչ դեր պետք է ունենան ազգային համայնքները Ռուսաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում։
– Ազգային համայնքների կարեւորագույն առաքելությունը ոչ միայն իրենց ազգային ինքնության պահպանումն է, այլեւ Ռուսաստանի բազմազգ հասարակական կյանքում ակտիվ եւ պատասխանատու մասնակցությունը։ Հայ համայնքի դեպքում դա նշանակում է նպաստել հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր վերածննդին, պահպանել ու զարգացնել մեր լեզուն, մշակույթն ու ավանդույթները, միաժամանակ լինելով Ռուսաստանի հասարակության լիարժեք եւ արժանի մասը։

– Այսօր Կրասնոդարի երկրամասում ապրում է շուրջ կես միլիոն հայ։ Ո՞րն է համայնքի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը։
– Կարծում եմ՝ Կրասնոդարի, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած հայ համայնքի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը ազգային ինքնության պահպանումն է։ Մեր ինքնությունը դարեր շարունակ ամուր է մնացել լեզվի, հավատքի եւ ազգային մշակույթի շնորհիվ։ Որքան էլ հայը հեռու լինի հայրենիքից, նա կարողացել է սրբությամբ պահպանել իր նախնիներից ժառանգած ամենաթանկ արժեքները՝ լեզուն, մշակույթն ու հավատը։ Համոզված եմ, որ հենց դրանք են նաեւ ապագայում մեր համայնքների կենսունակության եւ միասնականության գլխավոր երաշխիքը։
– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է երիտասարդ սերնդի մեջ պահպանել հայկական ինքնությունը՝ միաժամանակ ինտեգրված լինելով ռուսական հասարակությանը։
– Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ, մասնավորապես, Կուբանի հայ երիտասարդների համար սա ոչ թե ընտրություն է երկու ինքնությունների միջեւ, այլ կամուրջ՝ երկու հարուստ մշակույթների միջեւ։ Մեր խնդիրն է նրանց մոտեցնել իրենց արմատներին՝ հայեցի դաստիարակությամբ, մայրենի լեզվի, ազգային մշակույթի եւ ավանդույթների նկատմամբ սիրով։
Շատ կարեւոր է, որ երիտասարդները մասնակցեն համայնքային կյանքին, նշեն մեր ազգային ու եկեղեցական տոները՝ Ծաղկազարդը, Վարդավառը, Տյառնընդառաջը։ Այդ օրերը պարզապես միջոցառումներ չեն․ դրանք հիշողություններ են, որոնք ձեւավորում են ինքնություն։ Միասին պատրաստված հայկական ուտեստները, ազգային երգն ու պարը, դուդուկի, դհոլի ու քյամանչայի հնչյունները, հայկական արվեստի եւ արհեստների հետ շփումը երիտասարդին օգնում են ոչ միայն ճանաչել, այլեւ զգալ իր մշակույթը։
Սակայն ամենակարեւոր դերը, իմ համոզմամբ, ունի ընտանիքը։ Հայրենիքի, նախնիների եւ ընտանիքի պատմությունների միջոցով փոխանցվող արժեքները հաճախ շատ ավելի ազդեցիկ են, քան ցանկացած դասագիրք։ Միաժամանակ կարեւոր է, որ երիտասարդները ներգրավված լինեն նաեւ տեղի հայկական համայնքի կյանքում՝ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններում, կամավորական ծրագրերում, մշակութային եւ մարզական նախաձեռնություններում։ Հենց այդ միջավայրում է ձեւավորվում պատկանելության զգացումը։
Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե համայնքն ապրում է ակտիվ ազգային կյանքով եւ կարողանում է պահպանել իր ինքնությունը։
– Ասացեք, խնդրեմ, վերջին տարիներին ի՞նչ հաջողություններ է արձանագրել Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը։
– Վերջին տարիներին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը զգալի հաջողություններ է արձանագրել մի շարք կարեւոր ուղղություններով։ Մեր աշխատանքը կազմակերպվում է Կրասնոդարի երկրամասի իշխանությունների, ազգային եւ մշակութային կազմակերպությունների, ինչպես նաեւ կրոնական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Առանձնացնեմ մի քանի կարեւոր ոլորտներ։
- Մարդասիրական օգնություն եւ բարեգործություն
Այս ուղղությունն այսօր մեր գործունեության առանցքային բաղադրիչներից է։ 2022–2025 թվականներին «Հատուկ ռազմական գործողության» մասնակիցների եւ խաղաղ բնակչության համար հավաքագրված ու հասցեագրված մարդասիրական օգնության ծավալը գերազանցել է շուրջ 1 միլիարդ ռուբլին։ Օգնությունը ներառում է սննդամթերք, համազգեստ, դեղորայք, գեներատորներ, ջերմատեսիլ սարքեր, տրանսպորտային միջոցներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։ Աջակցություն է ցուցաբերվել նաեւ Կուրսկի մարզի արտակարգ իրավիճակներից տուժած բնակիչներին։ Կարեւոր եմ համարում ընդգծել, որ մեր ներկայացուցիչները անձամբ են ուղեկցում մարդասիրական բեռները մինչեւ դրանց վերջնական հասցեատերերը։
- Հայրենասիրական դաստիարակություն եւ պատմական հիշողության պահպանում
Մեծ ուշադրություն ենք դարձնում Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանմանը։ Աջակցում ենք հուշարձանների կառուցման եւ բարեկարգման ծրագրերին, այդ թվում՝ «Զինվորի դաշտ» հուշահամալիրին, Արմավիրի «Արմալիտովցի» հուշարձանին եւ Կերչում գտնվող 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հուշարձանին։ Պարբերաբար կազմակերպում ենք հայրենասիրական միջոցառումներ, «Ռուսաստանի ուժը ժողովրդի միասնության մեջ է» խորագրով քննարկումներ, «Մեր ժամանակի հերոսները» քաջության դասեր, ինչպես նաեւ երիտասարդների համար մարտավարական պատրաստության եւ առաջին բուժօգնության դասընթացներ։
- Երիտասարդական քաղաքականություն
Երիտասարդության հետ աշխատանքը մեր առաջնահերթություններից է։ Ստեղծվել եւ ակտիվ գործում է երիտասարդական կենտրոնը։ Ամեն տարի խրախուսում ենք այն շրջանավարտներին, որոնք մեդալներով եւ բարձր արդյունքներով ավարտում են դպրոցը։ Միայն 2025 թվականին նրանց թիվը գերազանցել է 170-ը։ Մեր երիտասարդ ակտիվիստները հաջողությամբ ներկայացնում են Կրասնոդարի երկրամասը համառուսաստանյան ազգային ֆորումներում։
- Կրթություն եւ հայապահպանություն
Այս ոլորտը մեր աշխատանքի կարեւորագույն ուղղություններից է։ Գործում են հայոց լեզվի անվճար դասընթացներ երեխաների եւ մեծահասակների համար, բացվում են կիրակնօրյա դպրոցներ, անցկացվում են հայագիտության օլիմպիադաներ, գիտաժողովներ, մրցույթներ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր։ Մեծ հաջողություն էր «Ռոսմոլոդյոժ. Գրանթս» դաշնային մրցույթում «Ժառանգության կոդը» նախագծի հաղթանակը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հաստատվել են նաեւ Ռուսաստանի հայկական կրթօջախների համար մշակված միասնական կրթական ծրագրերը, որոնց հիման վրա հրատարակվել են հայոց լեզվի եւ հայրենագիտության դասագրքեր, աշխատանքային տետրեր եւ ուսումնամեթոդական նյութեր։
- Հասարակական–քաղաքական գործունեություն եւ միջէթնիկ համագործակցություն
Մեր մասնաճյուղն ակտիվորեն ներգրավված է Կուբանի հասարակական կյանքում։ Ես հանդիսանում եմ Կրասնոդարի երկրամասի նահանգապետին կից միջէթնիկ հարաբերությունների խորհրդի անդամ, իսկ մեր կազմակերպության ներկայացուցիչները ներգրավված են Հանրային պալատի եւ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներում։ Համագործակցում ենք կազակական կազմակերպությունների, Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի, «Երիտասարդ գվարդիայի», ինչպես նաեւ տարածաշրջանի առաջատար բուհերի հետ։
- Մշակութային եւ հոգեւոր կյանք
Մեր աջակցությամբ Կրասնոդարում շարունակվում է Սուրբ Մարիամ Աստվածածին նոր տաճարի շինարարությունը։ Աջակցում ենք ստեղծագործական խմբերին, հրատարակում տարածաշրջանի պատմությանը նվիրված գրքեր, կազմակերպում ազգային մշակույթի փառատոններ, պարգեւատրում հայ համայնքի արվեստի եւ մշակույթի վաստակաշատ ներկայացուցիչներին։ Զարգանում է նաեւ տեղեկատվական աշխատանքը՝ գործում է նորացված կայքը, շարունակաբար հրատարակվում է «Կռունկ» թերթը։
Եթե ամփոփեմ, ապա կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքն այսօր գործում է որպես միասնական եւ համակարգված կառույց։ Մեր աշխատանքի մասշտաբն ու արդյունքները բարձր գնահատականի են արժանանում թե՛ տարածաշրջանի իշխանությունների, թե՛ հասարակության կողմից՝ ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ Կուբանի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
– Այսօր ռուս–հայկական հարաբերությունները բարդ փուլ են անցնում։ Որպես երկարամյա հասարակական եւ քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների ներկա վիճակը եւ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
– Անկասկած, այսօր ռուս-հայկական հարաբերություններում կան որոշակի դժվարություններ եւ մարտահրավերներ։ Սակայն ես դա բնական եմ համարում այն երկրների համար, որոնց համագործակցությունը ձեւավորվել է տասնամյակների եւ նույնիսկ դարերի ընթացքում։ Ցանկացած գործընկերության պատմության մեջ լինում են տարաձայնություններ, փոխադարձ թյուրըմբռնումներ կամ տարբեր մոտեցումներ, բայց դրանք ժամանակավոր են եւ չեն կարող փոխել մեր հարաբերությունների հիմքը։
Հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում են ոչ միայն դարավոր բարեկամությունը եւ փոխադարձ աջակցությունը, այլեւ մարդկային, մշակութային եւ հոգեւոր խոր կապերը։ Մենք միասին անցել ենք պատմության բազմաթիվ ծանր փորձությունների միջով եւ ամենադժվար պահերին կանգնել ենք միմյանց կողքին։ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կարեւոր գործընկերը, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի վստահելի դաշնակիցը։ Հազիվ թե գտնվի մի ընտանիք, որտեղ չլինեն այդ բարեկամության կենդանի վկայությունները՝ բարեկամներ, ընկերներ կամ միասին անցած պատմական ճանապարհ։
Համոզված եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը եղել եւ մնում են ռազմավարական գործընկերներ, եւ այդ իրողությունը պայմանավորված է ոչ թե պահի քաղաքականությամբ, այլ պատմությամբ, ավանդույթներով եւ ընդհանուր արժեքներով։ Այսօրվա դժվարությունները պետք է դիտարկել ոչ թե որպես բաժանարար գիծ, այլ որպես երկխոսությունն ու փոխադարձ վստահությունն ավելի խորացնելու հնարավորություն։

Մեր ընդհանուր խնդիրն է չկենտրոնանալ ժամանակավոր տարաձայնությունների վրա, այլ ամրապնդել այն արժեքները, որոնք միավորում են մեր ժողովուրդներին։ Պետք է կարողանանք բաց խոսել խնդիրների մասին, լսել եւ հասկանալ միմյանց, գտնել փոխընդունելի լուծումներ։ Միայն այդ ճանապարհով կարելի է ռուս-հայկական հարաբերությունները բարձրացնել նոր, ժամանակի պահանջներին համապատասխան մակարդակի։
Վստահ եմ, որ ժամանակավոր դժվարություններից անկախ՝ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը շարունակելու են ծառայել երկու երկրների խաղաղ, կայուն եւ բարեկեցիկ ապագային։ Իսկ մեր՝ որպես հասարակական եւ քաղաքական գործիչների պարտքն է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ բարեկամությունը պահպանվի եւ ավելի ամուր փոխանցվի գալիք սերունդներին։
– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի ապագայի մասին։ Եթե այսօր հնարավորություն ունենայիք մեկ խորհուրդ տալ Հայաստանի երիտասարդությանը, ի՞նչ կասեիք։
– Մեր հասարակական կազմակերպությունն ունի մի կարգախոս, որն արտահայտում է մեր ամբողջ գործունեության իմաստը՝ «Պահպանելով ավանդույթները՝ միավորենք մեր սրտերը»։ Կարծում եմ՝ այդ միտքը լիովին վերաբերում է նաեւ Հայաստանին եւ նրա երիտասարդությանը։
Եթե այսօր մեկ խորհուրդ տայի երիտասարդներին, ապա կասեի՝ երբեք մի կտրվեք ձեր արմատներից։ Հիշեք ձեր պատմությունը, պահեք ձեր լեզուն, հավատքն ու մշակույթը, որովհետեւ հենց դրանք են ձեւավորում ազգային ինքնությունը։ Միեւնույն ժամանակ սովորեք լինել համախմբված, քանի որ ազգային միասնությունն ամենամեծ ուժն է, որն օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն։
Համոզված եմ, որ եթե կարողանանք երիտասարդ սերնդի մեջ ամրապնդել պատմական շարունակականության եւ ազգային միասնության զգացումը, ապա կունենանք մի սերունդ, որը վստահությամբ կկառուցի Հայաստանի վաղվա օրը։
– Եթե ամփոփելու լինեք Ձեր երկարամյա գործունեությունը՝ ի՞նչը կարող եք համարել Ձեր ամենամեծ ձեռքբերումը՝ բիզնե՞սը, քաղաքականությո՞ւնը, հասարակական գործունեությո՞ւնը, թե՞ մարդկանց վստահությունը։
– Անկեղծ ասած, ես երբեք չեմ փորձել դրանք առանձնացնել միմյանցից։ Իմ կյանքի տարբեր փուլերում բիզնեսը, քաղաքականությունը եւ հասարակական գործունեությունը ոչ թե մրցակցել են, այլ լրացրել են միմյանց։ Յուրաքանչյուրն իր ձեւով ինձ սովորեցրել է պատասխանատվություն կրել մարդկանց, իմ համայնքի եւ իմ աշխատանքի հանդեպ։

Եթե, այնուամենայնիվ, պետք է ընտրեմ ամենամեծ ձեռքբերումը, ապա առանց երկմտելու կասեմ՝ մարդկանց վստահությունը։ Այն ոչ մի պաշտոնով չի տրվում, ոչ մի ընտրությամբ չի երաշխավորվում եւ ոչ մի հաջողված բիզնեսով չի գնվում։ Այն վաստակվում է տարիների ազնիվ աշխատանքով, հետեւողականությամբ եւ մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։
Եթե այսօր մարդիկ վստահում են ինձ, նշանակում է՝ իմ անցած ճանապարհն անիմաստ չի եղել։ Եվ հենց դա եմ համարում իմ ամենամեծ ձեռքբերումը։
– Հարգելի պարոն Հայրապետյան, որպես հայրենիքի ապագայով մտահոգ հայ մարդ՝ ինչպիսի՞ Հայաստան կցանկանայիք տեսնել տասը տարի հետո։
– Սա շատ խորն ու պատասխանատու հարց է, որովհետեւ վերաբերում է ոչ միայն պետության, այլեւ յուրաքանչյուր հայի ապագային։ Ես կցանկանայի տեսնել մի Հայաստան, որտեղ հարուստ պատմական ժառանգությունն ու ժամանակակից զարգացումը ներդաշնակորեն լրացնում են միմյանց։
Հայաստան՝ արդյունավետ եւ հաշվետու պետական կառավարման համակարգով, օրենքի գերակայությամբ եւ անկախ դատական իշխանությամբ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի վստահ է արդարության եւ պետության նկատմամբ։
Կուզենայի տեսնել մի Հայաստան, որտեղ մարդիկ կցանկանան վերադառնալ։ Երկիր՝ բարձր կենսամակարդակով, որակյալ եւ մատչելի առողջապահությամբ, առաջադեմ կրթական համակարգով, որտեղ երիտասարդները տեսնում են իրենց ապագան, ստեղծում ընտանիքներ, իսկ ավագ սերունդն ապրում է արժանապատվորեն՝ շրջապատված հոգատարությամբ ու հարգանքով։ Որտեղ հայրենիքը կլինի ոչ միայն ծննդավայր, այլեւ կյանքի լավագույն ընտրությունը։
Կուզենայի, որ Հայաստանը խաղաղ ապրի իր հարեւանների հետ, ունենա ուժեղ եւ ժամանակակից բանակ, որն ապահովում է երկրի անվտանգությունն ու քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Միեւնույն ժամանակ մեր երկիրը պետք է հավատարիմ մնա իր լեզվին, մշակույթին եւ ազգային ավանդույթներին, որովհետեւ հենց դրանք են մեր ինքնության հիմքը։
Ես ուզում եմ տեսնել մի Հայաստան, որը բաց է աշխարհի առաջ, գրավիչ է ոչ միայն իր հազարամյա վանքերով եւ պատմությամբ, այլեւ ժամանակակից ճարտարապետությամբ, արվեստով, գիտությամբ, երաժշտությամբ եւ խոհարարական մշակույթով։
Ի վերջո, իմ երազած Հայաստանը բարգավաճ, անվտանգ, արդար եւ համախմբված հայրենիք է՝ մի երկիր, որով յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրի, կարող է հպարտանալ եւ ասել. «Սա իմ հայրենիքն է»։
Հարցազրույցը վարեց՝ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ
ՌԴ–ում «ԱԶԳ»–ի հատուկ թղթակից










