Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Գրիգոր Առաքելյան
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի քաղաքական զարգացումներն ու Իրանը

Ինչպես ասում են՝ յոթ սարի հետեւում չէ այն օրը, երբ համայն հայությունը հնարավորություն կունենա ամփոփելու Հայաստանի համար վճռորոշ ընտրությունների վերջնարդյունքը:

Հայաստանի կառավարության հաջորդ ղեկավարին ընտրելու համար հունիսի 7-ին նախատեսված համապետական միջոցառմամբ հետաքրքրված են նաեւ մեր անմիջական հարեւանները:

Անշուշտ, գործող վարչապետի վերընտրման հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահագրգռվածության մասին կասկածներ չկան:

Բնականաբար, Վրաստանն էլ կցանկանար, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվող խորհրդարանական մեծամասնության վարքագիծը ավելի կանխատեսելի լինի եւ նրա կազմում գոնե չլինեն այնպիսի պատգամավորներ, որոնք առնվազն Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների լիագումար նիստերին ընդունվող բանաձեւերին աջակցելով՝ Վրաստանի կառավարության լեգիտիմությունը կասկածի տակ չեն առնի:

Իրանը նույնպես հետաքրքրված է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանի քաղաքական գործընթացներով եւ փորձում է հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը:

Iranian Diplomacy կայքում հրապարակված «Հայաստանում քաղաքական հակամարտության սրումը եւ դրա ազդեցությունը Իրանի ազգային շահերի վրա» հոդվածի հեղինակ Էհսան Մովահեդիանը փորձել է բացահայտել ՀՀ վարչապետի գործողությունների բուն տրամաբանությունը՝ կանխատեսելով ընտրությունների արդյունքը:

Անվանի իրանցի քաղաքական վերլուծաբանը կարեւորում է Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների ելքը Իրանի համար, քանի որ, ըստ հեղինակի, Հայաստանը, պահպանելով բարեկամական հարաբերություններ Իրանի հետ, մշտապես եղել է Իրանի կապի եւ տարանցման հիմնական կամուրջներից մեկը դեպի արտաքին աշխարհ:

Մովահեդիանը, սակայն, մտահոգիչ է համարում Հայաստանով եւ Իրանի սահմանին հարող տարածքով անցնող տարանցիկ ճանապարհ ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես սպառնալիք Իրանի համար:
Հեղինակը հիշեցնում է, որ նախկինում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի ինքնիշխանությունը եւ գրավել երկրի հարավը՝ հատկապես Սյունիքի մարզը, որպեսզի ստեղծի «Զանգեզուրի միջանցք» եւ Թուրքիայի, Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի աջակցությամբ իրականացնի իր ծավալապաշտական նպատակները: Ըստ Մովահեդիանի, թեեւ «Թրամփի ուղին» ենթադրաբար պետք է ստեղծվի՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն հեղինակը կասկածներ ունի ԱՄՆ-ի իրական նպատակների վերաբերյալ:

Հոդվածագիրը քիչ հավանական է համարում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի կայունությունը խաթարելու ուղղությամբ լուրջ քայլեր կձեռնարկեն, քանի որ, ըստ հեղինակի, Նիկոլ Փաշինյանը կողմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին եւ աջակցում է նաեւ «Թրամփի ուղու» նախագծին:

Հոդվածագրի պատկերացմամբ, սահմանային որեւէ նոր բախում կամ սադրիչ գործողություն, որը կարող է առաջացնել Իրանի դժգոհությունը, կթուլացնի Փաշինյանի դիրքերը Հայաստանում: Հետեւաբար հեղինակը կանխատեսում է, որ մինչեւ հաջորդ գարուն Կովկասում նոր ռազմական բախում սպասելն անիրատեսական է: Սակայն նա եզրակացնում է, որ եթե Փաշինյանը չվերընտրվի, Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքը» բացելու նպատակով կդիմեն ռազմական գործողությունների:

Անդրադառնալով Փաշինյանի ընդդիմախոսների մոտեցումներին՝ Մովահեդիանը նաեւ նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը խաղաղության կողմնակից են, սակայն չեն ընդունում իշխանության որդեգրած քաղաքականությունը, քանի որ նրանց կարծիքով այն ենթադրում է չափից ավելի զիջումներ Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը կարող է երկարաժամկետ հեռանկարում դառնալ գոյաբանական սպառնալիք հայկական պետության համար:

Իրանցի վերլուծաբանի փոխանցմամբ՝ ՀՀ ընդդիմադիր ուժերն այն կարծիքին են, որ Ալիեւը, չնայած Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստմանը, շարունակում է խոսել «միջանցքի» մասին:

Մովահեդիանի ուշադրությունից չի վրիպել նաեւ Սեւանը «Գյոգչայ», իսկ Հայաստանն՝ «Ադրբեջանի պատմական տարածք» անվանելու, ինչպես նաեւ ադրբեջանցի քաղաքացիների Հայաստան վերադառնալու պահանջների մասին Ալիեւի՝ խաղաղության կոնցեպցիային հակասող հոխորտանքները:

Մյուս կողմից՝ իրանցի քաղաքական վերլուծաբանին զարմացնում է Փաշինյանի ցուցաբերած կոշտ վերաբերմունքը երկրի ընդդիմադիր քաղաքական, կրոնական եւ տնտեսական շրջանակների նկատմամբ, ինչը, հոդվածագրի կարծիքով, ավելի է սրում ներքին լարվածությունը:

Մովահեդիանի փոխանցմամբ՝ Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը, վախենալով ընտրություններում պարտվելուց, փորձում է իր մրցակիցների դեմ կոռուպցիոն կամ բարոյական մեղադրանքներով մաքրել քաղաքական դաշտը՝ իրեն համարելով միակ գործոնը մրցավազքում:

Իսկ Փաշինյանի կողմնակիցները, ինչպես արտացոլված է հոդվածում, պնդում են, որ ընդդիմությունը ռուսամետ է եւ փորձում է նրան տապալել ուժային մեթոդներով, իսկ նրանց կոռուպցիան ակնհայտ է:

Մովահեդիանը չի շրջանցում նաեւ Մայր Աթոռի նկատմամբ Փաշինյանի ձեռնարկած արշավը, որի օգնությամբ նա փորձում է ապալեգիտիմացնել Էջմիածնի Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը՝ այն համարելով իր դեմ գործող օջախ:

Հոդվածագրի փոխանցմամբ՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե ինքը չվերընտրվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի վտանգը անխուսափելի կդառնա: Ըստ վերլուծաբանի՝ հայ ժողովրդի մի զգալի մասը, հոգնած լինելով պատերազմներից եւ շրջափակումներից, լուրջ է մոտենում այս պնդմանը:

Բացի այդ, ըստ հեղինակի, Փաշինյանը խոստանում է տնտեսական կայունություն, եվրոպական կառույցներին ինտեգրում եւ բարեկեցության բարձրացման հեռանկար, ինչը գրավում է ընտրողների մի մասին: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ Եվրոպան երբեք Հայաստանին չի ընդունի իր համակարգում, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը՝ Արեւմուտքի ճնշմամբ, կարող է Հայաստանը դարձնել «նոր Ուկրաինա»:

Ըստ Մովահեդիանի՝ ընդդիմադիրները զգուշացնում են, որ Հայաստանի ռազմական թուլացումը եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի փակման շուրջ քննարկումները կթուլացնեն երկրի անվտանգությունը՝ հատկապես եթե Արեւմուտքը շարունակի միայն բանավոր աջակցություն ցուցաբերել:

Այս խորքային հակասությունները, ըստ հեղինակի, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները, եւ այն ուժը, որը կկարողանա համոզել հասարակությանը իր գաղափարների ողջախոհության մեջ, կունենա առավելություն:
Իր հրապարակման վերջում Մովահեդիանը փորձում է տալ «ով կհաղթի ընտրություններում» հարցի իր պատկերացրած պատասխանը եւ նշում է.

«Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը մեծապես կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ ձեւավորել լայն միասնական ճակատ, քաղաքական նոր դեմք ներկայացնել եւ հաղթահարել նախկին առաջնորդների՝ կոռուպցիայի եւ անարդյունավետության հետ կապված վատ համբավը: Մինչդեռ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր մրցակիցներին՝ նրանց դեմ մեղադրանքներ առաջադրելով եւ սահմանափակելով նրանց քաղաքական ակտիվությունը: Հարցն այն է՝ կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը համախմբել եկեղեցական շրջանակները, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների, օրինակ՝ Սամվել Կարապետյանի ընտանիքի ներկայացուցիչներին, որպեսզի ստեղծի ժողովրդի աջակցությունը վայելող լայն դաշինք»:

Այնուհետեւ Էհսան Մովահեդիանը դիմում է վերջին ամիսներին անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ ցույց տալու համար, որ թեեւ Փաշինյանը ընդդիմադիրների նկատմամբ շարունակում է պահպանել ավելի բարձր ժողովրդականություն, սակայն ընդհանուր քաղաքական մթնոլորտը Հայաստանում անտարբեր է, եւ մարդկանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ ցածր:

Վերլուծաբանը եզրակացնում է, որ եթե ընդդիմադիր ուժերը կարողանան մոբիլիզացնել ավելի քան 400 հազար ընտրող եւ նրանց բերել ընտրատեղամասեր, ապա կարող են հաղթել գործող վարչապետին: Սակայն, եթե կրկին օգտվեն հին մեթոդներից եւ դեմքերից, փոփոխություն տեղի չի ունենա, եւ Փաշինյանը կմնա իշխանության:

Վերջում Էհսան Մովահեդիանը, ընդգծելով Հայաստանի առաջիկա ընտրությունների նշանակալի ազդեցությունը Իրանի ապագայի վրա, ինչպես նաեւ ելնելով Իրանի ազգային շահերից, եզրակացնում է.

«Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա «Թրամփի ուղու» իրականացումն ու Հայաստանի եվրոպական եւ ամերիկյան ուղղությամբ ինտեգրացիան կմտնեն գործնական փուլ, ինչը նոր իրավիճակ կստեղծի Իրանի համար Կովկասում: Այդ պատճառով Իրանը պետք է արդեն մշակած լինի տարբեր սցենարներ՝ Հայաստանի քաղաքական զարգացումներին արձագանքելու համար, քանի որ նման գործընթացները կարող են ազդել Իրանի տարածքային ամբողջականության, անվտանգության եւ ազգային միասնության վրա»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

Հաջորդ գրառումը

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական