Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրականում ինչ նպատակով է Բաքուն Իրանի քթի տակ «խելացի գյուղեր» կառուցում

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զանգիլանում՝ Կովսականում, ոչ միայն բնակարաններ ու առանձնատներ, այլ նաեւ «խելացի գյուղ» է կառուցում, համենայն դեպս նախագահ Իլհամ Ալիեւն է այդպես մեկնաբանում: Խելացի գյուղերում ի՞նչ են անելու Ադրբեջանի շարքային քաղաքացիները. հարցի պատասխանն Ադրբեջանի կառավարությունը չի տալիս:

Զանգելանի բնակավայրերի բնակեցումն արդեն իսկ սկսվել է. հուլիսի 19-ին, օրինակ, ադրբեջանցի 10 ընտանիք (ընդհանուր թվով՝ 58 հոգուց բաղկացած) այստեղ բնակարանմուտ է տոնել: «Խելացի գյուղում», ըստ ադրբեջանական աղբյուրների, էկոլոգիական ջեռուցման եւ խելացի լուսավորության համակարգեր են տեղադրված: 360 հոգու համար նախատեսված դպրոց ու 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ կգործի:

Ի՞նչ նպատակով է ի վերջո Ադրբեջանը «խելացի գյուղեր» կառուցում: Հարցի պատասխանը «Ազգ»ի հետ զրույցում ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն է տալիս: Ասում է՝ այս տարվա սկզբին՝ հունվարի 4-ին, Բաքվում Իսրայելի դեսպանը կրկին հարցազրույց է տվել եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունն Ադրբեջանի հետ Իրանի սահմանակից շրջաններում «խելացի բնակավայրերի» կառուցման ծրագրով: Նա՝ որպես օրինակ,  բերել է Կովսականում իրականացրած համատեղ ծրագիրը: «Ավելի քան ակնհայտ է, որ այդ տարածքներում Իսրայելի գործունեությունը «խելացի քաղաքների կամ գյուղերի» անվան տակ իրականում ռազմական-հետախուզական բնույթ է կրում՝ ուղղված Իրանի դեմ: Հիշեցնեմ, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին, Բաքվում Իսրայելի դեսպանն առաջարկել էր Թուրքիայի, Ադրբեջանի եւ Արաբական երկրների հետ միասին Իրանի դեմ ճակատ ձեւավորել: Դրան ի պատասխան՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ասել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների դեպքում: Անկախ այս հայտարարություններից՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը  պետք է վճարի այն գինը, որը պարտք է Իսրայելին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած աննախադեպ ռազմական եւ քաղաքական օժանդակության դիմաց: Ալիեւի վրա ճնշումն,  այս առումով, գնալով մեծանալու է»,- ներկայացնում  է ադրբեջանագետը:

Հայրապետյանն ընդգծում է նաեւ, որ Իրանի դեմ որեւէ գործողություն մեծ վտանգ է ստեղծելու ամբողջ տարածաշրջանի համար, իսկ Իսրայելը որեւէ դեպքում Իրանի քթի տակ չէր ծվարի, եթե տարածքների վերահսկողությունը մեր ձեռքում մնար: «Դա նաեւ Իրանի համար էր շահավետ, բայց, ցավոք, սխալ հաշվարկները ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլ նաեւ Իրանի համար խնդիրներ ստեղծեցին»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ