«Ազգ»ի մարտի 17-ի համարում տեղեկացրել էինք, որ վերջերս Իսրայելի Հայֆա քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ այդ ողբերգությանը նվիրված հուշահամալիրի ստեղծման օգտին: Չնայած Իսրայելի կառավարության կողմից այս վերջինն արգելելու Թուրքիայի դեսպանի պահանջին, այդ լուրը հայտնած ճանաչված ճանապարհորդ, լրագրող եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երկրում մեծությամբ երրորդ այս քաղաքում արդեն մարտի 20-ին Հայոց ցեղասպանության անվան հրապարակ է բացվել ու տեղադրվել է հուշաքար: Հետագայում այդտեղ հուշարձան է կանգնեցվելու: Հուշաքարին իվրիտ լեզվով գրված է. «Ի հիշատակ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից սպանված 1,5 միլիոն հայերի»:
Իսկ նույն երկրի մեկ այլ՝ Պետահ Տիկվա քաղաքում, որն այստեղ առաջինն է դեռ երեք տարի առաջ ճանաչել Հայոց ողբերգությունը եւ եռալեզու (ներառյալ հայերենը) նույնաբովանդակ մակագրությամբ հուշահամալիր ստեղծել, օրերս զբոսայգի են վերակոչել Շառլ Ազնավուրի անունով: Այդ առիթով կազմակերպված հանդիսությանը, Ա. Լապշինի վկայությամբ, մասնակցել են Պետահ Տիկվայի քաղաքապետը, Իսրայելում Հայաստանի դեսպանը, հայ հոգեւորականության ներկայացուցիչներ, եվրոպացի դիվանագետներ եւ քաղաքի հարյուրավոր բնակիչներ:
Այս հանրային այգում մեծ շանսոնյեի ապագա հուշարձանի տեղում դրվել է հուշաքար, որին, ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, գրված է. «Շառլ Ազնավուր. 1924-2018. երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, որն իր կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին եւ արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:
Իսկ հայկական թեմային պարբերաբար անդրադարձող Ալեքսանդր Լապշինը հույս է հայտնել, թե (այս քաղաքների) նախաձեռնությունը կպաշտպանեն Իսրայելի նաեւ այլ քաղաքներ, ապա եւ երկրի խորհրդարանը…
Ի դեպ, հայտնի բլոգերն իր էջում նաեւ պատմել է մանրամասներ 2013 թվականի իր առեւանգման, Բաքվի բանտ տեղափոխման, այնտեղ իր նկատմամբ կտտանքների, մահափորձի եւ ապա Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի դատական որոշման, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի բանաձեւի մասին, որոնցով Բաքուն դատապարտվել էր եւ նա՝ ազատվել: Որովհետեւ իր թիկունքին կանգնել էին Ռուսաստանը, Իսրայելը, Եվրոմիությունը, միջազգային սկանդալ էր եղել:
Իսկ ո՞վ պիտի կանգնի սեփական հայրենիքում, աշխարհի աչքի առաջ արդեն չորրորդ ամիսը խիստ շրջափակմամբ ցեղասպանության ենթարկվող արցախահայ ոչ թե մեկ, այլ 120 հազար մարդու թիկունքին…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ