Պատրաստվեք կազմավորել Թուրքիայի «Ճշմարտություն եւ Հաշտեցում» կոմիտեն: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը պետք է վերջ դնի Մ. Նահանգների պետքարտուղարությունում այն թյուր կարծիքին, որ Թուրքիան ժողովրդավարական պետություն է, եւ կամ Էրդողանը պատրաստ է իր նախագահական ժամկետի տեսականորեն ավարտին պաշտոնաթող լինել: Ո՛չ, Էրդողանը իշխելու է մինչեւ վերջ:
Իմամօղլուն այժմ միացել է քաղաքագետներ Սելահադդին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուկսեկդաղին, որոնց քրդական կուսակցությունը մերժում է կատարել Էրդողանի թելադրանքները եւ հանդգնում է քննադատել գազազած Էրդողանի վարքագիծը: Ինչպես բոլոր բռնապետները, Էրդողանը նույնպես արմատախիլ է անելու բոլոր մարտահրավերները, որոնք հանդգնում են իր դեմ գնալ կամ մրցակից դառնալ: Նա մտադիր է իշխել մինչեւ իր կյանքի վերջը եւ ակնկալում է, որ կա՛մ որդին եւ կա՛մ փեսան կգրավի իր տեղը, եւ Թուրքիան կվերածի իր երազած սուլթանության:
Անշուշտ նա սխալվում է: Թուրքիայի հաջորդ նախագահը դուրս է գալու հազարավոր քաղբանտարկյալների շարքերից, որոնք ներկայիս Թուրքիայի բանտերում են գտնվում:
Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Լոնդոնում հավատացած են, որ նույնիսկ եթե Էրդողանը այժմ խնդիրներ է առաջացնում, ապա Թուրքիան կկարողանա ի վերջո շրջադարձ կատարել դեպի բնականոնը` նախագահի մահվանից հետո, լինի այն բնական պատճառների հետեւանքում, վարձու մարդասպանի արձակած գնդակից, թե կախաղանի միջոցով` հանրային ասպտամբության ժամանակ:
Նման շրջադարձը, անշուշտ, հեշտ չի լինելու: Ավելի քան 35 միլիոն թուրքեր կրթություն են ստացել Էրդողանի համակարգի ներքո: Նա իր պատկերացումներով է վերակազմավորել երկրի բանակը եւ պետական բյուրոկրատիայի մեծ մասը: Թուրքիայի երբեմնի արհեստավարժ հակահետախուզությունը այսօր գլխացավանք է դարձել, թուրքական բանկերը խրված են կոռուպցիոն մեքենայությունների մեջ, բիզնեսով զբաղվողները կաշառոմ են Էրդողանին, նրա ընտանիքի անդամներին, կամ էլ նրանց ընկերություններին: Թուրքիայի արհեստավարժ լրագրողները կա՛մ բանտերում են, կա՛մ աքսորում, կա՛մ էլ հանգստյան կոչված:
Էրդողանը չէր կարող մենակ եւ այդքան վճռականորեն վերափոխել Թուրքիան: Այդ պատճառով էլ, եթե Թուրքիան «ապաքինվելու» է, ապա անհրաժեշտ է լիելու կազմավորել «Ճշմարտություն եւ Հաշտեցում» կոմիտեն, որը կբացահայտի սուտը, կաշառակերությունը, անազնվությունն ու ճնշումները եւ կվերականգնի բոլոր նրանց իրավունքները, որոնց կյանքը Էրդողանը քանդել է: Կարճ ասած, Էրդողանն ավելի շատ բան է արել ոտնահարելու ժողովրդավարությունը Թուրքիայում, քան գնդապետ Ալփարսլան Թուրքեշը կամ գեներալ Քենաան Էվրենը, որոնք համապատասխանաբար ղեկավարել էին 1960-ի եւ 1980-ի հեղաշրջումները:
Էրդողանն իր կարիերայի կարեւորագույն պահերին միշտ էլ ունեցել է կամեցող համագործակիցներ, որոնցից ոմանք հանուն գաղափարախոսության, իսկ մեծամասնությունը հանուն փողի է միացել նրան: Եվ անշուշտ բոլորն էլ թուրքեր չեն եղել: Իր վարչապետության առաջին տարիներին, մինչ Արեւմուտքը որպես «տեխնոգրադ» առաջնորդի դեռեւս ողջունում էր նրան եւ հավատում, որ գաղափարախոսությունից կառչած չի մնա, Էրդողանը, ըստ այդ ժամանակների պաշտոնական անձերի, մեծապես օգտվել է Քաթարի ֆինանսական ներհոսքից:
Կային նաեւ այլ համագործակցողներ: Նախքան հանգուցյալ աստվածաբան Ֆեթուլահ Գյուլենի հետ թշնամանալը, Էրդողանը սերտորեն աշխատել էր նրա հետ: Նա նույնիսկ գրկաբաց ընդունել էր գյուլենիստ արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին: Ուրիշ անծանոթներ էլ կան:
2007-ին, ենթադրվում է, որ Էրդողանը գաղտնի առանձնազրույց է ունեցել թուրք գեներալ Յաշար Բոյուքանիթի հետ, որն անցել է շանտաժի եւ բռնության մթնոլորտում: Էրդողանի կամ Բոյուքանիթի ընտանիքի անդամները գուցե կարողանա՞ն լույս սփռել տեղի ունեցած գաղտնի գործարքի վերաբերյալ եւ բացատրել, թե ինչու Բոյուքանիթի հրամանով բանակն այդպես էլ չմիջամտեց, թույլ տալով, որ Էրդողանը շրջանցի սահմանադրության դրույթները:
Կան նաեւ այլ հարցեր, որոնց պետք է պատասխանի «Ճշմարտություն եւ Հաշտեցում» կոմիտեն:
Ո՞վ կաշառեց Գերագույն դատարանին, որպեսզի կանխի Էրդողանի քաղաքական կուսակցության կազմալուծումը: Ո՞վ էր պատասխանատու քոլեջից նրա ստացած գիտական աստիճանը կեղծելու մեջ: Եվ ի վերջո մեծագույն հեգնանքն այն է, որ նա Իմամօղլուին որակազրկել է նախագահական ընտրարշավին մասնակցելու իրավունքից՝ չեղյալ համարելով նրա քոլեջի գիտական աստիճանը, այն դեպքում, երբ իր գիտական աստիճանը տրված է քոլեջի այն ֆակուլտետի կողմից, որը գոյություն չի ունեցել իր շրջանավարտ դառնալու տարիներին:
Գոյություն ունի նաեւ 2016-ի «Reichstag Fire» (Ռայխստագի հրդեհ) անունով ծանոթ հեղաշրջումը: Ո՞րն էր իրական պատմությունը այդ դեպքի, որն Էրդողանը «Աստվածատուր ընծա» էր կոչել եւ որի օգնությամբ ամրապնդել էր իր իշխանությունը եւ բանտարկել հարյուր հազարավոր ընդդիմադիրների:
Պետք է նկատի առնենք նաեւ, որ ոչ բոլոր բանտարկյալներն են իրենց ազնիվ պահել: Որոշներ, օրինակ, մեղմ վերաբերմունքի արժանանալու համար ուրիշներին մատնել են ճիշտ կամ հնարովի տեղեկություններով: Իսկ ի՞նչ գույքեր են բռնագրավել Էրդողանն ու իր շրջապատի բարեկամները այդ կեղծ մեղադրանքների հետեւանքում: Ի՞նչ միջոցներով են ի վերջո փոխհատուցվելու մաֆիոզ մարտավարությանը զոհ գնացած այդ մարդկանց վնասները: Նման անարդարությունների արժանացել են նաեւ այլազգիներ: Ինչպե՞ս Թուրքիան կարողացավ փոխզիջումներ կորզել ամերիկացի դեսպաններից եւ առնվազն մեկ պաշտպանության նախկին կցորդից: Ի՞նչ նվիրատվությունների դիմաց են գործել ամերիկացի որոշ «ուղեղների շտեմարաններ»: Ինչպիսի՞ կուլիսային գործարքներ փչացրել են քաղաքականության գործընթացը Վաշինգտոնում: Որտե՞ղ են յուրացված միլիարդավոր դոլարները: Դրանք այլեւս Էրդողանի որդու նկուղում չեն:
Էրդողանի բռնապետության այլ ասպեկտներ նույնպես պետք է բացահայտվեն: Ինչպիսի՞ որոշումներ հիմք հանդիսացան մեկ տասնամյակ առաջ ավերելու Մերտինի նման քրդական քաղաքներն ու ձերբակալելու քուրդ ավագագույն առաջնորդներին: Ո՞վ կեղծեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դոսյեները եւ ինչպե՞ս ցինիկ ռասիզմը վերափոխեց Թուրքիայի քաղաքականությունը: Ովքե՞ր էին կանգնած Փարիզում PKK-ի անդամների սպանության ետեւում:
Առկա է նաեւ իսլամական պետության հարցը: Թուրքական հետախուզական ծառայություններում ովքե՞ր էին զինում Ալ-Ղաիդայի խմբավորումներին: Էրդողանի անմիջական շրջանակից ո՞վ օգտվեց ԻՊ-ից, մինչ Թուրքիայի հովանավորած զորամիավորումները ողջակիզում էին թուրք բանտարկյալներին:
Իշխանության փոփոխությունը թակում է Թուրքիայի դուռը: Եվրոպացիները պարտավոր են անել այն, ինչ Թուրքիան այսօր չի կարող անել, իսկ Թրամփի ներկա վարչակազմն էլ շահագրգռված չէ անելու: Նրանք պետք է օգնեն թուրքերին կառուցելու հետ-էրդողանյան Թուրքիան: Էրդողանիզմի երկու տասնամյակները տրավմատիկ իրավիճակի մեջ են պահել բոլոր այն թուրքերին, որոնք դեռ չեն կոռումպացվել: Սոցիալական լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, հենց որ թուրքերն ու քուրդերը սկսեն իրար հետ հաշտ՝ վրեժ լուծել իրենց տանջողներից:
Խաղաղությունն արդարության կարիքն ունի: Իսկ խաղաղությունն ու արդարությունը միասին կարիք ունեն ճշմարտության:
Մայքլ Ռուբին
«Middle East Forum»-ում քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն եւ «American Enterprise Institute»-ի ավագ գիտաշխատող
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ