Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Անդրադարձ՝ ճշտումով

Մեր թերթի նախորդ՝ մարտի 21-27 համարում, մեր հեղինակներից Հասմիկ Սարգսյանի «Հիսուս, խնդրում եմ՝ բաց թողնես ցավով լի իմ թշվառությունը» վերնագրի ներքո Բախի նշանավոր կանտատի օրերս կայացած համերգի մասին գրած հոդվածին ստորեւ արձագանքում է երգչուհի Գոհար Ազիզյանը, հիշեցնելով բոլորիս, այդ թվում՝ համերգը կազմակերպողներին ու լրատվամիջոցներին, նաեւ մեզ, որ հիշյալ համերգը պետք չէ համարվի Երեւանում առաջին կատարում, քանզի առաջինը կատարվել է 12 տարի առաջ, ականավոր մաեստրո, մեր թերթի բարեկամ, հանգուցյալ Զավեն Վարդանյանի նախաձեռնությամբ:
Ճշտում ենք՝ ապավինելով ընթերցողների ներողամտությանը:

«Ազգ»

Ինչպես հայտնի է, վերջերս հայ երաժշտասեր  հանրությnւնը  կրկին  առիթ  ունեցավ  առնչվելու  համաշխարհային  դասական  երաժշտարվեստը  ներկայացնող  մի գեղեցիկ ստեղծագործության: Երեւանի Կոմիտասի  անվան  Կամերային  Երաժշտության Տանը  եւս  մեկ անգամ  հնչեց  մեծն  Յոհան Սեբաստյան  Բախի  հեղինակած  200-ից ավելի  հոգեւոր  եւ աշխարհիկ  կանտատներից  35-րդը՝  գրված  մենակատարող  մեցցո  սոպրանոյի, մենակատարող  երգեհոնի (organ obligato)  եւ  կամերային  նվագախմբի  համար:  Ինչպես  եւ  Յ.Ս. Բախի  բոլոր  հոգեւոր  կանտակները,  այս կանտատի վերնագիրը  եւ  գրական  մասը  նույնպես  վերցված  է  Սուրբ Գրքից  եւ  կոչվում  է «Միտքս  եւ  հոգիս  այլայլված  են» (kantata  BWV 35   Geist und Seele wird  verwirret  ):

Արժանահիշատակ  է,  որ  այս  գողտրիկ,  բայց  անչափ  հմայիչ  կանտատի  երաժշտական  մեկնաբանումը  եւ  բեմական  ԱՌԱՋԻՆ  կատարումը  Հայաստանում  տեղի  է  ունեցել   2013  թվականի  Մայիսի  25-ին, Կոմիտասի  անվան  Կամերային  Երաժշտության  տանը՝  Ազգային  Հոգեւոր  Կենտրոնի  եւ  վերջին  տասնամյակների  հայ  կատարողական  արվեստի  ականավոր  գործիչ՝  դիրիժոր,  երաժշտագետ  եւ  մանկավարժ   Զավեն  Վարդանյանի  գլխավորությամբ  կայացած  համերգի  ընթացքում:

Համերգը  երկու  բաժնից  էր կազմված:  Ազգային  Հոգեւոր  կենտրոնի  ղեկավար  Մհեր  Նավոյանը  եւ  Մաեստրո  Զավեն Վարդանյանը  խիզախել  էին  մեր  երաժշտասերին  ներկայացնել  հոգեւոր  երաժշտության  համերգի  բարդ  ձեւաչափ, երբ  համերգի  երկու  բաժիններից  յուրաքանչյուրն  ընդգրկում  էր  մեկական  երաժշտական  կոթող:
  Այսպիսով,  2013  թվականի  Մայիսի  25-ին ներկայացված  հոգեւոր  երաժշտության   համերգի  առաջին  բաժնում  հնչել  է  Անտոնիո  Վիվալդիի  7  մասից  բաղկացած    Nisi  Dominus    հանրահռչակ  ստեղծագործությունը,  մենակատարող  մեցցո-սոպրանոյի,  մենակատարող  երգեհոնի եւ  կամերային  նվագախմբի  համար,  իսկ  նույն համերգի երկրորդ բաժնում  հնչել  է  Յ.Ս. Բախի  35-րդ կանտատը՝  նույն  կազմով:

Համերգի  կատարողական  կազմն  էր.  դիրիժոր  եւ  երաժշտական  ղեկավար՝  ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ ՝   Զավեն  Վարդանյան,  օպերային  մեներգչուհի՝  Գոհար  Ազիզյան,  երգեհոնահար՝ Հարություն  Թագվորյան,  ջութակահարուհի՝  Ջեմա  Աբրահամյան:  Համերգի  նվագակցող  նվագախումբն  էր «Երեւան» կամերային  նվագախումբը:

Ավարտելով, ավելորդ  չէ  նշել,  որ  մենք՝  մենակատարներս  երջանիկ  ենք,  որ  2013-ին մաս ենք  կազմել  հրաշալի  եւ  շատ  ջերմ, բայց  բավական  բարդ  համերգի  կայացմանը  եւ  անչափ  երախտապարտ  ենք  սիրելի  Մաեստրոյին՝  հայ  եւ  համաշխարհային  երաժշտությունը  ներկայացնող   հոյակերտ  բեմական  կատարումների  բազմամյա  շքերթի  համար:

ԳՈՀԱՐ ԱԶԻԶՅԱՆ