Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինչպես են գործերդ, սահմանամերձ գյուղի դպրոց

Բագարան գյուղի առօրյան

Այցելությունս ՀՀ Արմավիրի մարզի  Բագարան գյուղ պատահական չէր: Գյուղի դպրոցում սովորում են  մոտ 100 աշակերտ: Դպրոցի շենքը  երկհարկանի է եւ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից:   Դպրոցը կենտրոնական ջեռուցում չունի: Աշակերտները   լավ են սովորում:   Նրանց հայրենասիրական ոգին շատ բարձր է: Դպրոցում գործում  է նաեւ թանգարան, որտեղ ցուցադրվում են հիմնականում գյուղում դարեր շարունակ օգտագործված հնամենի իրեր` կճուճներ, լամպեր, թել մանելու սարքեր, թոնիր եւ նրա համար անհրաժեշտ պարագաներ, լուսանկարներ:   Ուրախալին այն է,որ թանգարանի մասին հանգամանալի ներկայացրեցին դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Ցանկալի կլիներ, որ մյուս դպրոցները նույնպես ունենային իրենց թանգարանները: 

Անհրաժեշտ է նշել, որ Բագարան գյուղը գտնվում է  ՀՀ Արմավիրի մարզում:   Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 39 կմ հարավ-արեւմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ, ծովի մակերեւույթից 990 մ բարձրության վրա:  Բնակչությունը 2011թ. դրությամբ կազմում է 622 մարդ:  Սահմանամերձ գյուղ է: 

«Մենք ուրախ ենք, որ ստացանք մեծ քանակությամբ գրքեր:  Շնորհակալ ենք, որ մեր սահմանամերձ գյուղին ցանկանում եք օգնել գրքերով, որովհետեւ մեր երեխաները շատ ընթերցասեր են: Դասերից հետո կկազմակերպենք քննարկումներ: Գրադարանի առկայության պարագայում նրանից կօգտվեն ոչ միայն երեխաները, այլ նաեւ համայնքի բնակչությունը»,- զրույցի ընթացքում ասաց դպրոցի տնօրեն  Գ. Ավետիսյանը: 

«Դպրոցի երեխաները ցանկանում էին կահավորել ընթերցասրահ:   Առաջին գրքերը դուք բերեցիք:  Այն կնպաստի համայնքի զարգացմանը»,- ասաց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուցուցչուհի Արմինե Ավոյանը: 

Առաջիկայում սպասվում է դպրոցի վերանորգում:   Գյուղը գազիֆիկացված չէ,հետեւաբար դպրոցի ջեռուցման հարցի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ արեւային վահանակների տեղադրումը: Առնվազն 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայան ունենալու դեպքում տարեկան կարող է արտադրվել  մոտ 150 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա: Ցանկալի կլիներ նաեւ դպրոցի տանիքին տեղադրել արեւային ջրատաքացուցիչ տաք ջուր ունենալու համար: Հարկ է նշել,որ գյուղի մի շարք բնակելի տների տանիքներին կարելի էր տեսնել արեւային ջրատաքացուցիչներ: Համայնքի էներգետիկ անվտանգության տեսակետից անչափ կարեւոր հարց է եւ պետք լուրջ ուշադրության առարկա դառնա: 
Մնում է հուսալ, որ կգտնվեն բարեգործական կազմակերպություններ եւ գործարարներ,որոնք կցանկանան օգնել դպրոցին, ինչու չէ՝ նաեւ գյուղին՝ ցանկալի նպատակին հասնելու համար: 
Հարկ է նշել,որ միջոցառման կազմակերպման հեղինակը Էջմիածին քաղաքի բնակիչ, ինժեներ Վլադիկ Մուսոյանն էր: 

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր