Ֆիզիկայի օրենքներից մեկը նշում է, որ ամեն ազդեցություն ունի իր հակազդեցությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող քառասունչորսօրյա պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված 2020 թվի նոյեմբերի 9-ի հրադադարով: Այդ ժամանակ Մոսկվան հապճեպ մի հայտարարություն կազմեց, որը պետք է ստորագրեին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Համաձայնագիրը հօգուտ Ադրբեջանի էր, որը վերագրավել էր Արցախի մեծ մասը եւ ադրբեջանական այն տարածքները, որ հայկական կողմը իր վերահսկողության տակ էր վերցրել որպես անվտանգության երաշխիք 1990-ական թվականների պատերազմում: Համաձայնագիրը նաեւ հօգուտ Ռուսաստանի էր, որը 2000 ռուս խաղաղապահ զորքեր տեղակայելով վերականգնել էր իր ներկայությունը հակամարտության գոտում:
Բայց տեղային այս կարգադրությունը համաշխարհային հանրության կողմից ընկալվեց որպես տարածաշրջանի իրադրության վերահսկողություն Ռուսաստանի կողմից, եւ մեկուսացում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության եւ ընդհանրապես Արեւմուտքի, որը կնախընտրեր միջազգային, մասնավորապես Սկանդինավյան երկրներից, խաղաղապահների տեղակայումը այնտեղ:
Այժմ, երբ Ռուսաստանը խրված է Ուկրաինայում պատերազմի մեջ, հակազդեցության հնարավորություն է ստեղծվել Արեւմուտքի համար: Եվրոմիությունը իր ձեռքն է վերցրել խաղաղության հաստատման գործը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այս անգամ ինքը մեկուսացնելով Ռուսաստանին:
Այսպես, ապրիլի 6-7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեցին Բրյուսելում Եվրոխորհրդի եւ նրա նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո: Տեղանքի ընտրությունն անգամ խորհրդանշական էր եւ անշուշտ մտահոգիչ Կրեմլի համար, քանի որ Բրյուսելը Եվրոմիության մայրաքաղաքն է եւ ՆԱՏՕ-ի գլխավոր վարչության կենտրոնավայրը:
Չնայած Շառլ Միշելը դրական գնահատեց հանդիպումը, սակայն հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը գտնվում է աշխարհառազմավարական ծուղակի մեջ:
Գագաթաժողովի ավարտին երեք կողմերն էլ դրական առաջընթաց արձանագրեցին Կովկասում սպասվող խաղաղության գործընթացին, սակայն քննարկված հարցերց ոչ մեկն էլ չանդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցին, ինչը մտահոգության առիթ է տալիս:
2020 թվի նոյեմբերի 9-ից ի վեր նախագահ Ալիեւը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդիր չկա այլեւս, քանի որ ինքն արդեն ռազմական ուժով լուծել է այդ խնդիրը: Նրա համար Լեռնային Ղարաբաղ անունով աշխարհագրական տարածք անգամ գոյություն չունի եւ այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք չունի այսուհետեւ:
Այնպես է թվում, թե Փաշինյանն ու Միշելը խուսափել են որեւէ ակնարկ անել Ղարաբաղի վերաբերյալ, որպեսզի տհաճություն չպատճառեն Ալիեւին եւ հորդորեն նրան շարունակել բանակցությունները, փոխանակ դարձյալ պատերազմ մղելու:
Նախքան խաղաղություն հաստատելու բանակցությունների բուն օրակարգին անդրադառնալը, անհրաժեշտ է քննարկել այդ քայլի ավելի լայն, քաղաքական ենթատեքստերը: Այսպես, Ռուսաստանը, որ հաստատապես մտահոգված էր, դժգոհ էր: Պատճառը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցն էր Մոսկվա: Հաշվի առնենք նաեւ, որ նախքան Փաշինյանի այցը Բրյուսել, նախագահ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել երկու երկրների ղեկավարների հետ եւ քննարկել էր ակնկալվող բանակցությունները: Այնուհետեւ նա դարձյալ զրուցել էր Փաշինյանի հետ՝ հավանաբար հիշեցնելու համար, որ նա չպետք է անցներ որոշ կարմիր գծերի սահմանը:
Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա էր այցելել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Բայց այցելությունն ընթացավ շատ ավելի լուրջ թեմաների շուրջ քննարկումներով՝ ինչպես հրապարակային, այնպես էլ առանձին զրույցների ժամանակ: Երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը առիթն օգտագործելով որոշ նշումներ կատարեց, ասելով. «Որպես Հայաստանի գլխավոր դաշնակիցը, մենք շարունակելու ենք ուժեղացնել ձեր պաշտպանողական կարողությունները՝ ապահովելու համար սահմանային անվտանգությունը եւ որպես գլխավոր առեւտրատնտեսական գործընկեր ու օտար ներդնող՝ շարունակելու ենք որոնել նոր հեռանկարներ՝ խթանելու համար առեւտրաշրջանառության կայուն ընթացքը, որպեսզի հնարավոր լինի ստեղծել արդյունաբերության նոր ոլորտներ եւ գործատեղեր»:
Այս խոսքերով նա իր պաշտոնակցին հավաստիացնում էր, որ Հայաստանի ակնկալիքները հաշվի առնվելու էին: Միրզոյանը, վստահաբար, դժգոհել էր ռուս խաղաղապահների թույլ գործողություններից Արցախում, որի արդյունքում իրենց վերահսկողության տակ գտնվող Փառուխի մոտ մարտավարական բարձունքը անցել էր ադրբեջանցիներին: Այդ ընթացքում երեք հայ զինվոր էր սպանվել եւ մեկ տասնյակ ուրիշներ էլ՝ վիրավորվել: Կատարվածը բնութագրվել էր որպես «սահմանային փոքր միջադեպ» եւ արդեն մոտ մեկ ամիս է ինչ հետաքննվում է:
Հայկական կողմի վրդովմունքին Լավրովը անդրադարձել էր, ասելով. «Մեզ համար հանգամանքներն ամբողջապես դեռ պարզ չեն: Ես առաջ չեմ անցնի եւ վերջնական եզրակացություններ չեմ հնչեցնի: Համոզված եմ, մեր հայ բարեկամները լիովին վստահում են ռուս խաղաղապահներին»:
Դժբախտաբար, ռուս խաղաղապահները շատ անգամ են պարտազանց եղել իրենց գործողություններում՝ փորձելով հանգստացնել ադրբեջանական կողմին, երբ որ հայկական կողմի գյուղացիներն, օրինակ, անհանգստացած են եղել իրենց հողերի մշակման հարցերով:
Նման պարտազանցություն գրանցվեց, երբ ադրբեջանցիները պայթեցրին դեպի Արցախ գազամուղը՝ թողնելով, որ անկլավի բնակիչները երկու շաբաթ սառչեն սաստիկ ցուրտ եղանակի պայմաններում: Մինչ խաղաղապահների գործողությունները այնքան էլ փայլուն կամ կատարյալ չեն, Ռուսաստանն ամեն առիթով ցանկանում է գովասանական խոսքեր կորզել հայերից այն առումով, որ ռուս զինվորները հիանալի են կատարում իրենց պարտականությունները, եւ Հայաստանը ընդմիշտ երախտապարտ կլինի նրանց:
Մամուլի ասուլիսն իր գագաթնակետին հասավ, երբ Լավրովն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերատակատարությանը: «Մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները (նկատի ունեմ Մինսկի խմբի գործընկերները) հակառուսական մոլուցքով տարված եւ ջանք չխնայելով ջնջելու ամեն ինչ` որ Ռուսաստանի Դաշնության հետ է կապված, նշեցին, որ այդ ձեւաչափով չեն համագործակցելու մեզ հետ: Դա իրենց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհել իրենց շահերը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում մասնավորապես եւ անդրկովկասում ընդհանրապես, ապա դա նրանց ընտրած գործելակերպն է»:
Երբ արտգործնախարար Լավրովը կասկածելի համարեց ԵԱՀԿ-ի ապագա գործունեությունը, Միրզոյանն անմիջապես հակադարձեց, որ միջազգային հասարակությունը հավատացած է, որ Մինսկի խումբը կարեւոր դերակատարություն ունի Արցախում խաղաղություն հաստատելու գործում: Սա անսովոր նկատողություն էր, հաշվի առնելով, որ հայկական կողմի ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չէին տվել հրապարակայնորեն հակառակվել ռուսական կողմին, ինչքան էլ վրդովեցուցիչ լինեին նրանց խոսքերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործունեության վերաբերյալ Լավրովի ակնարկներին որպես անուղղակի պատասխան, այդ խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյը Երեւան ժամանեց հավաստիացնելու համար, որ խումբը գործուն է եւ շարունակելու է իր առաքելությունը Ղարաբաղում: Ֆրանսիական եւ հայկական կողմերն, այդուհանդերձ, ավելացրին, որ այցը վաղուց էր ծրագրված եւ Լավրովի հայտարարության պատասխանը չէր:
Այսպիսով, Կրեմլը համոզված է, որ Արեւմուտքը Ռուսաստանից խլում է կովկասյան «շուն», եւ Հայաստանն էլ գաղտնի համագործակցում է արեւմտյան գերտերությունների հետ:
Իշխանություն բանեցնելու ուժեղ պայքար է գնում երկու ճամբարների գերտերությունների միջեւ, եւ Հայաստանը հայտնվել է այդ պայքարի արանքում: Հուսով ենք, որ Հայաստանի նորափթիթ դիվանագիտությունը կկարողանա գլուխ հանել այս բարդ իրավիճակից:
Չնայած Փաշինյանն ու Ալիեւը առանձին հեռախոսազանգերով ՌԴ նախագահ Պուտինին տեղեկացրել են բրյուսելյան հանդիպման մասին, ակնկալվում է, որ Հայաստանի վարչապետը Կրեմլ այցելի` ապրիլի 19-ին եւ հանդիպի Ռուսաստանի ղեկավարին, որ անկասկած հանդիմանելու է նրան եւ իրեն ուղեկցողներին Հայաստանը դեպի Արեւմուտք շրջելու համար:
Մինչ Արեւելք-Արեւմուտք հակամարտությունը շարունակվում է հատկապես Ուկրաինայում ծավալված պատերազմի դրդումով, Հայաստան-Արդբեջան բանակցությունները շարունակվելու են իրենց առանձին ընթացքով:
Փաշինյանն ու Ալիեւը համաձայնել են իրագործել իրենց կազմած օրակարգը, համաձայն որի երկու երկրների արտգործնախարարները միասին նախագծելու են խաղաղության մի ծրագիր: Ալիեւը վստահեցրել է, որ Հայաստանը համաձայն է իր 5 կետից բաղկացած առաջարկներին, եւ երկու կողմերը շուտով կսկսեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որոնք վերջ կդնեն սահմանային հետագա հակամարտություններին: Արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են սկսել բանակցությունները:
Չնայած կողմերից որեւէ այլ մեկնաբանություն չի եղել Արցախի հարցի վերաբերյալ, Հայաստան վերադառնալիս Փաշինյանը զեկուցել է, որ արցախյան խնդիրը առաջնահերթություն է Հայաստանի համար եւ այդ հարցը ընդգրկված կլինի խաղաղության գործընթացի օրակարգում:
Շառլ Միշելը վստահեցրել է հանրությանը, որ «բոլոր առկախ հարցերը ներառված կլինեն օրակարգում»: Երբ հիմնախնդրի վերաբերյալ որեւէ ակնարկություն չկա, հայկական կողմը պետք է մտահոգվելու պատճառ ունենա, մանավանդ որ Ալիեւը խանդավառված է շուտափույթ առաջ տանելու խաղաղության բանակցությունները նախքան Հայաստանը հնարավորություն կունենար վերազինելու իր բանակը եւ ձեռք բերելու որոշակի քաղաքական հեղինակություն:
Բանակցությունների ձեւավորմանը զուգընթաց, խորհրդարանական ընդդիմությունը տպավորիչ հանրահավաք էր կազմակերպել բողոքելով հնարավոր երկրորդ «կապիտուլացիայի» դեմ: Չանդրադառնալով նվաստացուցիչ ակնարկներին, նշենք, որ բողոքի ակցիան կարող է ամրապնդել Փաշինյանի դիրքերը բանակցություններում:
Նույնիսկ եթե ղարաբաղյան հիմնահարցը քննարկման նյութ դառնա, ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ ձեւաչափ է ընդունելու այն: Որոշ հոռետեսներ արդեն իսկ խորհուրդ են տալիս անկլավից դուրս բերել հայ բնակչությանը: Ուրիշներ, Հարավային Օսեթիային ընդօրինակելով, պատրաստվում են Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվե անցկացնել: Փաշինյանի եւ Միրզոյանի արտահայտությունները առ այն, որ Արցախը տարածքային խնդիր չէ, այլ «իրավունքի», ցույց է տալիս, որ ներկա վարչակազմը Արցախը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում, գուցե որոշ կոսմետիկ «իրավունքներով», որ Ադրբեջանը կարող է ներկայիս համաձայնվել պարգեւել, հետագայում դարձյալ կիրառելու համար էթնիկական զտումների իր քաղաքականությունը:
Միանմարի զինվորական կառավարությունն, օրինակ, նման քաղաքականություն վարում է իր Ռոհինյան փոքրամասնության նկատմամբ եւ բացի մամուլի որոշ խիզախ աշխատողներից, միջազգային ուժերը անտեսում են այդ փաստը:
Ղարաբաղը շատ լավ հնարավորություն ունի իրականացնելու «ամոքիչ անջատման» (Remedial Secession) սկզբունքը, որովհետեւ Ադրբեջանը հաճախ է բարձրաձայնել ատելության եւ ցեղասպանական միտումների իր պետական քաղաքականության մասին:
Գոյություն ունի իրավական մեկ այլ գործընթաց եւս, որը կարելի է կիրառել: Ադրբեջանը համաշխարհային հանրությանը համոզել է, որ Ղարաբաղը իր տարածքի մի մասն է կազմում, բայց խորհրդային տարիների ամբողջ ժամանակաշրջանում Ղարաբաղը ունեցել է հատուկ կարգավիճակ` «ինքնավար մարզ» կամ «օբլաստ» անվան տակ, որը նշանակում էր, որ այդ անկլավում ապրող քաղաքացիները որոշակիորեն տարբերվող ինքնություն ունեն, ոչ նման ադրբեջանցիներին: Այդ մարզը նաեւ ուներ իր առանձին օրենսդիր մարմինը, որ ինքնավարության իրավունք էր վերապահում: Ադրբեջանը փորձում է քանդել խորհրդային սահմանադրությամբ եւ միջազգային օրենքով հաստատված այդ համակարգը, եւ միջազգային հանրությունը օժանդակում է Ադրբեջանին այդ հարցում, խախտելով միջազգային օրենքները: Նախիջեւանը նույնպես ուներ ինքնավար հանրապետության կարգավիճակ, որը չէր կարելի քանդել եւ դարձնել Ադրբեջանի մի մասը, քանի որ վերջինիս օրինական կարգավիճակը այլ էր:
Հայաստանի կառավարությունն, ի պատիվ իրեն, սկսել է ակտիվ դիվանագիտությամբ զբաղվել: Հույս հայտնենք, որ դա օգնելու է փրկելու Արցախը եւ ամենակարեւորը` խաղաղություն է պարգեւելու Հայաստանին:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)