Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Գլխարկն ու խաբեությունը

Գլխարկը հայերի համար պատկառանքի ու արժանապատվության խորհրդանիշ է: Հնում, արբունքի շեմին ոտք դնող պատանուն պատկերացնում էին ԳԼԽԱՐԿՈՎ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՎԱԾ: Պատվարժան տղամարդուն սազական էր հանրությանը ներկայանալ ԳԼԽԱՐԿԸ ԳԼԽԻՆ, որին հակադրվում էր «լաչակ կապած» պատվազուրկ տղամարդը:

Ինչ-որ իմաստով «գլխարկն» ու «պատիվը» հոմանիշներ են, քանի որ «Գլխարկը գետնով տալ» նշնակում է «պատիվը վիրավորել»: Իսկ «ծանր գլխարկ դնել» նշանակում էր դժվար պատասխանատվություն ստանձնել: Հավելենք նաեւ, որ խրոխտ կեցվածքով տղամարդը ՓԱՓԱԽԸ ԳԼԽԻՆ ԾՈՒՌ ԷՐ ԴՆՈՒՄ եւ այլն: (Ի դեպ, պարսկերենով kaj-kolah «ծուռ գլխարկավոր»  նույնպես նշանակում է գոռոզամիտ մարդ):

Սակայն դրական հատկանիշներով ներկայացվող ԳԼԽԱՐԿ բառը հայերեն դարձվածքներում ունի նաեւ բացասական կիրառություն: Օրինակ, «մեկի գլխին փափախ կամ գլխարկ դնել» նշանակում է «սուտ խոստումներով խաբել»: Բայց ԽԱԲԵԼ իմաստով այդ արտահայտությունը մեզ մոտ կկորցներ իր կիրառության ոլորտը, եթե չլինեին հետանկախացման շրջանում հայրենիքի հետ կապը վերահաստատած իրանահայերը եւ նրանց Հայաստան բերած նոր շունչը:
Նշենք, որ «ԽԱԲԵԼ»  նշանակությամբ այդ արտահայտությունը ներմուծվել է մեր հարեւան Իրանից, որի պարսկերեն հոմանիշը՝ «գլխարկ դնել» kolah gozashtan դարձվածքը, մեծ տարածում ունի իրանցիների մոտ:

Սակայն զարմանալի է պարսկերեն լեզվում ԳԼԽԱՐԿ բառով կազմված մեկ այլ արտահայտության՝ «գլխարկ հանելը» kolah-bardari դարձվածքի գոյությունը, որը նույնպես օգտագործվում է «ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ»  եւ «ՇՈՐԹՈՒՄ»  իմաստներով: Այս դարձվածքն այնքան է տարածված Իրանում, որ նույնիսկ այն դիտվում է որպես հանցագործություն, եւ քրեական օրենսգրքով հատուկ հոդված է նախատեսված դրա համար:

Ստացվում է, եթե դիպչում ես ինչ-որ մեկի գլխարկին՝ գլխարկը վերցնում կամ դնում, ուրեմն խաբում ես նրան: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել նշված երկու հականիշ բառերի նույնանիշությունը:

Հայտնի է մի ավանդապատում, համաձայն որի՝ Հնդկաստան արշաված Նադիր շահը Հնդկաստանի պարտված տիրակալին հյուրընկալվելիս, նկատում է վերջինիս հասարակ գլխարկի տակ փայլատակող 37,21 գրամանոց հայտնի ՔՈՒՀ-Է ՆՈՒՐ ադամանդը եւ հաղթանակած զորավարի վճռականությամբ առաջարկում, որպես բարեկամության դրսեւորում, փոխանակել գլխարկները: Հնդկաստանի տիրակալը հարկադրաբար տալիս է իր համաձայնությունը եւ հանձնում քողարկված ադամանդով իր հասարակ, բայց անգին գլխարկը, փոխարենը գլխին դնելով Նադիր շահին պատկանող անպաճույճ գլխարկը: Այսպիսով, Պարսից շահը երկու դեպքում էլ, թե՛ Հնդկաստանի տիրակալի գլխարկը հանելիս, եւ թե՛ գլխարկ դնելիս,  խաբում է նրան:

Հայտնի չէ, թե ի՞նչ ճանապարհով եւ ինչ խաբեությամբ հետագայում այս եզակի ադամանդը հայտնվել է Մեծ Բրիտանիայում:  Հայտնի չէ, թե ով, ում գլխին է «գլխարկ դրել»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ