Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ

Մարդու մարմնի ամենապինդ ու  դիմացկուն մասը համարվող  ճակատը մեզ  համար առաջին հերթին մատյանի դեր է  կատարում: Չէ՞ որ հենց դրա վրա է գրի առնվում  մեր  կյանքի ողջ «սցենարը»՝ ճակատագիրը:

Ճակատը նաեւ մարդու ջերմակարգավորման կենտրոնը խախտվելու դեպքում, մինչեւ ջերմաչափը թեւի տակ դնելը,  հիվանդի  ջերմության մասին նախնական պատկերացում կազմելու համար է օգտագործվում:

Չքողարկված վիճակում ճակատն էլ, կամ պարզապես «բաց ճակատը»,  հանրությանը պատվով  ներկայանալու  այցեքարտ է:

Ճակատը նաեւ մարդու չտեսության  աստիճանն է ցույց տալիս: Լսե՞լ եք «չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ» ասացվածքը: Հաստատ լսել եք, բայց չգիտեք այդ թեւավոր խոսքին ծնունդ տվող  ժամանակների  ու  ձեւավորման միջավայրի մասին բացատրությունը:

Այդ ասացվածքի  ակունքները պարզելու  համար  երեւակայությանս թեւերին նստելու փոխարեն, գերադասեցի դիմել մեր մատենագրությանը: Եվ պարզեցի, որ զեյթունցիները, լինելով ավանդապաշտ հայեր, դարերի ընթացքում մշակել են կենցաղային առօրյային վերաբերող ծիսական արարողություններ ու սովորույթներ, որոնք իրենց առանձնահատկություններով  տարբերվում են հարեւան շրջապատից: Զեյթունցիները, ընդունված կարգի համաձայն, երկու ընտանիքների միջեւ փոխադարձ համակրանքի դեպքում կապն ավելի սերտացնելու  նպատակով, դեռեւս օրորոցի մեջ նշանում էին իրենց երեխաներին: Եվ այդ կապն օրինականացնելու համար, տղայի հայրը քահանայի միջոցով, որպես հարսնախոսության նշան, աղջկա ծնողներին ոսկի մատանի էր ուղարկում, որից հետո տարբեր առիթներով նվիրաբերվում էին նաեւ ոսկե կամ արծաթե դրամներ: Տարիների ընթացքում կուտակված այդ մետաղադրամները ցուցադրվում էին պատից կախված զարդակտավի վրա, որպեսզի հետագայում՝ հարսանիքի ժամանակ հարսի ճակատի զարդը դառնան:

Իսկ  օրորոցում բախտը չբացված զեյթունցի հարսնացուները, զրկված լինելով իրենց ընտրյալների  պարգեւներից, հարսանյաց հանդեսից առաջ դեսից-դենից հայթայթում  էին  մետաղադրամներ  ու   զարդարում  սեփական ճակատները՝ արժանանալով ավանդապաշտ դրացիների  թեւավոր խոսքի արժեք ստացած «ՉՏԵՍԱՎ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՎ  ՃԱԿԱՏԻՑ ԿԱԽ» կշտամբանքին:

Անցել են հայի չտեսությունն ու աչքածակությունը բնորոշող այս  ասացվածքին ծնունդ տված ժամանակներն, ու փոխվել է դրա  ձեւավորման միջավայրը: Բայց այսօր զարմանալիորեն արդիական է դարձել  դրա կիրառելիությունը՝ մանավանդ ջերմակարգավորման կենտրոնը խախտված որոշ  մարդկանց համար, որոնք մինչ այդ չէին տեսել պատից կախ, բայց հիմա շռայլորեն  տեսնում են  ճակատից կախ: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ