Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ուտելու եւ խմելու մշակույթը

Ուտելու եւ խմելու մշակույթը հայերի մոտ փոքր-ինչ  տարբերվում է կենսապահովման համար բնությունից ուրիշներին տրված նմանօրինակ հատկությունից:

Օրինակ, Հայաստանում  հատուկ «հարգանքի» են արժանի «ուտող», հետն էլ «խմող» մարդիկ:  Թեեւ վաղուց մենք դասվում ենք հոմինիդների ընտանիքին ու վաստակել ենք բանական մարդ՝ Homo sapiens կոչվելու պատիվը,  բայց երբեմն «ուտել-խմելը» (ուտուշ-խմուշ) շփոթում ենք «լափելու» եւ «լակելու» հետ,  «ճաշելն» ու «սնվելը՝»   «խժռելու» եւ «հոշոտելու» հետ: 

Դասակարգման առումով, Հայաստանում կարելի է հանդիպել երեք կարգի մարդկանց՝ կաթն  առանց եռացնելու  խմողի  (հում կաթնակեր), արդար ճանապարհով վաստակած կաթը վայելողի, (հալալ կաթնակեր) եւ վերջապես, կոռուպցիայից գոյացած միջոցներով կաթը մսխողի, (հարամ  կաթնակեր): Ընդ որում, կոռուպցիոներները, կամ դրանց շարքին դասվող «կաշառակերները», մարսողության համար խիստ օգտակար են համարում ավարը մսխելուց հետո «վրայից ջուր խմելը»:

Մեր սիրելիների նկատմամբ զգացմունքներն արտահայտելիս, չգիտես ինչու, ի հայտ ենք բերում նախամարդու գազանային հակումներն, ու հաշվի առնելով «ճաշակին ընկեր չկա» ասացվածքը, բացականչում՝ «ջիգյարդ ոտեմ», «սրտիկդ ուտեմ» կամ «մռութդ ուտեմ» փաղաքշական խոսքերը: 

Սակայն նշված օրգանները ճաշակելու ցանկությունն այնքան էլ սարսափելի չէ: Այլ բան է, երբ տեղեկանում ես մեր օրերի համար սովորական դարձած մեկի «գլուխն ուտելու» մասին:

Զարմանալիորեն մեզ մոտ տարածված է նաեւ վիրավորական խոսքերով միմյանց «կերցնելու» հատկությունը, որի արտահայտչաձեւերից է բազմիմաստ  «կերա՞ր» հարցականը: 

Եվ վերջապես, կաննիբալիզմը, իբրեւ սնվելու ամենախորշելի միջոց առաջինը մերժած ժողովուրդների շարքում դասվելով հանդերձ, մենք մեր վիրավոր հայրենիքի համար այս դժվար օրերին հաճախ ենք իրար «միս ուտում»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ