Բարեւն Աստծունն է
Բարեւը բնիկ հայկական բառ է եւ Հր. Աճառյանի կարծիքով՝ կազմված է բար («բնություն», «բնավորություն») արմատից՝ ածականակերտ «ի» մասնիկի հավելումով:
Թուրքերը բարեւելու համար արաբերենի բառապաշարից անվերադարձ վերցրել են merhaba բառը եւ սեփականաշնորհել այն:
Բարեւելու համար ադրբեջանցիներն էլ պարսկերենի միջնորդությամբ արաբերենից վերցրել են salam-ը եւ գլուխ են գովում, թե իրենց լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուն է եւ փոխառությունների կարիք չունի:
Մեր դավանակից վրացի հարեւանները ողջունելու համար ընտրել են gamarjoba բառը, որը բառացիորեն նշանակում է «հաղթանակ», «հաջողություն»: Ի դեպ, դրա marj արմատը բնիկ վրացերեն՝ քարտվելական բառ է:
Մեր դրացի պարսիկներն էլ ողջունելու համար նույնպես օգտագործում են արաբերենից վերցրած salam բառը, որը, ինչպես գիտեք, նշանակում է «խաղաղություն»:
Բայց հարեւան Իրանում արաբերեն salam-ից բացի՝ բարեւելու համար հին պարսկերենից իբրեւ ժառանգություն պարսիկներին է հասել նաեւ dorud բառը, որի նախնական իմաստն է «առողջություն»: Իսկ մենք, փոխելով այդ բառի իմաստն ու արտասանությունը, այն դարձրել ենք «դրվատ» եւ ծանրաբեռնել բազմաթիվ իմաստներով՝ գովեստ, գովք, գովաբանություն, ներբող, ներբողաբանություն, փառաբանություն, բարեբանություն եւ խնկարկություն՝ շարունակելով ողջունելու համար օգտագործել հայերեն «բարեւ» բառը: (Չնայած երբեմն շեղվում ենք եւ բարեւի փոխարեն օգտագործում ռուսերեն պրիվետ բառը):
Մենք ասում ենք՝ «բարեւն Աստծունն է», ու բարեւում բոլորին: Մեկը մյուսի ձեռքն է սեղմում, մեկն էլ երեսն է համբուրում, մեկ ուրիշն էլ, եթե դիմացինը ուխտադրուժ հոգեւորական չէ,՝ աջն է համբուրում:
Կա նաեւ բարեւի մի տեսակ, երբ մտերիմ մարդիկ, հիմնականում երկրի ղեկավարները, գրկախառնվում են ու միմյանց մեջքն են թփթփացնում:
Այս օրերին նորաձեւ է նաեւ մոտավորապես «թխի գա» շարժումը հիշեցնող՝ վեր բարձրացրած ափերի հպումով բարեւելու սովորույթը:
Եթե բարեւելու ցանկություն ունեցող անձը զլանում է փողոցն անցնել ու ձեռքով բարեւել, հեռվից մի ձեռքն է բարձրացնում ու թափահարում: Նույն հեռավորությունից կարելի է նաեւ բարեւի հետ մեկտեղ՝ ձեռքի ճկուն շարժումով համբույր փոխանցել:
Եթե բարեւել ցանկացող անձը որոշում է զանգվածներին ողջունել, երկու ձեռքն է բարձրացնում ու թափահարում՝ ընդօրինակելով Սուրբ Պետրոսի հրապարակին հարող պատշգամբից հավատացյալներին ողջույնի խոսք ասող Հռոմի պապին:
Բարեւը կարող է նաեւ գրավոր տեսք ունենալ, որը հայերեն կոչվում է «բարեւագիր»:
Օրվա տարբեր ժամերին արտասանվող «բարեւը» կարող է հնչել «բարի լույս», «բարի կեսօր» եւ «բարի երեկո» ձեւերով: Բայց գիշերվա բարեւն իր մեջ մի փոքր շեղում ունի եւ հուշում է, որ օրն ավարտվել է, ու պետք է քնել:
Բարեւը կարող է, նեղացածության պատճառով, չընդունվել եւ հետ վերադարձվել: Հիշենք թեկուզ իր յարի անտարբեր վերաբերմունքի դառնությունը ճաշակած Գուսան Շահենի տրտունջը.
Այսօր ես իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր,
Բարեւ տվի, բարեւս չառավ, գուցե ինձնից խռովա՞ծ էր…
Բարեւը կարող է նաեւ քաղաքականացվել եւ ընտրազանգվածներին համախմբող միջոց դառնալ:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարեւ» նախընտրական արշավը դրա վկայությունն է:
Պարույր Սեւակն էլ երազում էր, որ բարեւի շնորհիվ սահմանները դառնան թափանցիկ, եւ վիզա ստանալու պատճառով դեսպանատներում կուտակումներ չառաջանան.
…Եվ կուզենայի,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք (խոսքը բարեւի մասին է) դառնար անձնագիր
Աշխարհում համայն,
Ամենքի համար…
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





