Խալի մոգական հատկանիշը
Իրէք քըսան ու տաս խալըն էրէսիդ բոլորքըն շար ա.
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն եօթանասուն բառ բացարած:
Նախ վերծանենք.
Դեմքդ համակ զարդարված է (3 . 20 + 10 = 70 ) յոթանասուն խալերով,
Ասես դրանցից յուրաքանչյուրի համար Սայաթ-Նովան խոսք ունի ասելու:
Հին Արեւելքում «յոթանասուն» թիվը 7 եւ 40 թվերի շարքում իր ուրույն տեղն է ունեցել. Համաձայն որոշ պատկերացումների, 70-ը օժտված է եղել մոգական հատկանիշներով: 70-ը առատության ու լիության խորհրդանիշն է: Հաճախ 70-ը փոխարինել է «մեծաթիվ» եւ «շատ» ածականներին: Ըստ իսլամի՝ կան այնպիսի մեղքեր, որ նույնիսկ 70 անգամ թողություն հայցելու դեպքում հանցավորը Աստծո ներմանը չի արժանանում:
Այսպիսով, «յոթանասուն խալը» համարժեք է «մեծաթիվ խալեր» արտահայտությանը:
Բացի այդ, պարսկերենում կանանց պճնանքի ու մակիաժի համար ժամանակին օգտագործվել է «յոթ շպար» արտահայտությունը, որն իր մեջ ներառել է կանանց դեմքի շպարանքի յոթ գործողություններ, որոնցից էր նաեւ խալի տեղադրումը դեմքի որեւէ հատվածի վրա: Երբեմն չափազանցության համար կիրառվում էր նաեւ «յոթանասուն շպարանք» արտահայտությունը՝ նորաձեւությանը հետեւելու կնոջ անընկրկելի ցանկությունն ընդգծելու համար:
Թեեւ խալերը կոսմետիկական արատներ են, բայց բնության այդ արատները, ըստ որոշ պատկերացումների, արտահայտել են մարդկային բնավորության որոշակի գծեր:
Օրինակ. Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության եւ պատասխանատվությունից խուսափելու մասին: Ականջների վրայի խալերը մարդու պարծենկոտության եւ սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված ներկայացնելու հատկության մասին են վկայում: Ծոծրակին խալ ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջեւ դրված նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով եւ այլոց օգնության կարիքը չունեն: Քունքի վրայի խալը մարդու զգացմունքային, երբեմն էլ ծածկամիտ լինելու մասին է վկայում:
Իրանցի պոետների համար խալը ընդգծում է սիրեցյալի գեղեցկությունը: Հանրաճանաչ բանաստեղծ Հաֆեզն, օրինակ, գեղեցկուհու խալի դիմաց պատրաստ էր նվիրաբերել Սամարղանդն ու Բուխարան: Իսկ անվանի պոետ Սաադին գեղեցկուհու խալը տեսնելով բացականչել է.
Ես քո խալը տեսնելուն պես ասացի,
Վախենում եմ թակարդն ընկնեմ դրանից:
«Յոթանասուն խալ» արտահայտությունն օգտագործվել է նաեւ կաջարների շրջանի ոչ այնքան ճանաչված բանաստեղծ Ալիաքբար Ֆեյզ Ղոմիի հեղինակած տողերում:
Սակայն իրանցի մեկ այլ բանաստեղծ Մասուդ Սաադի հետեւյալ բանաստեղծությունն իր լեզվամտածողության առումով շատ ավելի մոտ է Սայաթ-նովայի խնդրո առարկա տողերին:
Դեմքդ համակ զարդարված է խալերով,
Ամեն մի խալ իր խոսքն ունի ասելու:
Համեմատենք Սայաթ-Նովայի խնդրո առարկա տողերի հետ.
Դեմքդ համակ զարդարված է յոթանասուն խալերով,
Ասես դրանցից յուրաքանչյուրի դիմաց Սայաթ-Նովան խոսք ունի ասելու:
Վերջում նշենք, որ հայերեն «խալ» բառի թվային արժեքը, որ կազմում է 71, պատահականության արգասիք է:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ