Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Խալի մոգական հատկանիշը

Իրէք  քըսան ու տաս խալըն էրէսիդ բոլորքըն շար ա.

Վունցոր Սայաթ-Նովու լիզուն եօթանասուն բառ բացարած:

Նախ վերծանենք.
 
Դեմքդ համակ զարդարված է  (3 . 20 + 10 = 70 )  յոթանասուն խալերով,
Ասես դրանցից յուրաքանչյուրի համար Սայաթ-Նովան խոսք ունի ասելու:

Հին Արեւելքում  «յոթանասուն» թիվը  7  եւ  40  թվերի շարքում իր ուրույն տեղն է ունեցել. Համաձայն որոշ պատկերացումների, 70-ը օժտված է եղել մոգական հատկանիշներով:  70-ը   առատության ու լիության խորհրդանիշն է: Հաճախ  70-ը փոխարինել է «մեծաթիվ» եւ  «շատ»  ածականներին:  Ըստ իսլամի՝  կան այնպիսի մեղքեր, որ նույնիսկ  70 անգամ թողություն հայցելու դեպքում  հանցավորը Աստծո ներմանը չի արժանանում:

Այսպիսով, «յոթանասուն խալը» համարժեք է «մեծաթիվ  խալեր» արտահայտությանը:

Բացի այդ, պարսկերենում կանանց պճնանքի ու մակիաժի  համար ժամանակին օգտագործվել է «յոթ շպար» արտահայտությունը, որն իր մեջ ներառել է կանանց դեմքի շպարանքի  յոթ գործողություններ,  որոնցից էր նաեւ խալի տեղադրումը դեմքի որեւէ հատվածի վրա: Երբեմն չափազանցության  համար կիրառվում էր նաեւ «յոթանասուն շպարանք» արտահայտությունը՝ նորաձեւությանը հետեւելու կնոջ անընկրկելի ցանկությունն ընդգծելու համար:

Թեեւ  խալերը կոսմետիկական արատներ են, բայց  բնության այդ արատները, ըստ որոշ պատկերացումների, արտահայտել են մարդկային բնավորության որոշակի գծեր:

Օրինակ. Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության եւ պատասխանատվությունից խուսափելու մասին: Ականջների վրայի խալերը մարդու պարծենկոտության եւ սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված ներկայացնելու հատկության  մասին են վկայում: Ծոծրակին  խալ  ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջեւ դրված նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով եւ այլոց օգնության կարիքը չունեն: Քունքի վրայի խալը  մարդու զգացմունքային, երբեմն էլ ծածկամիտ լինելու  մասին է վկայում:

Իրանցի պոետների համար խալը ընդգծում է սիրեցյալի  գեղեցկությունը: Հանրաճանաչ բանաստեղծ Հաֆեզն, օրինակ, գեղեցկուհու  խալի դիմաց պատրաստ էր  նվիրաբերել Սամարղանդն ու Բուխարան:  Իսկ անվանի պոետ Սաադին գեղեցկուհու խալը տեսնելով բացականչել է.

Ես քո խալը տեսնելուն պես ասացի,

Վախենում եմ թակարդն ընկնեմ  դրանից:

«Յոթանասուն խալ»  արտահայտությունն  օգտագործվել է նաեւ կաջարների շրջանի ոչ այնքան ճանաչված  բանաստեղծ  Ալիաքբար Ֆեյզ Ղոմիի  հեղինակած տողերում:  

Սակայն իրանցի մեկ այլ բանաստեղծ Մասուդ Սաադի հետեւյալ բանաստեղծությունն  իր լեզվամտածողության առումով շատ ավելի  մոտ է Սայաթ-նովայի խնդրո առարկա տողերին:

Դեմքդ համակ զարդարված  է խալերով,

Ամեն մի խալ իր խոսքն ունի ասելու:

Համեմատենք  Սայաթ-Նովայի խնդրո առարկա տողերի հետ.

Դեմքդ համակ զարդարված է յոթանասուն խալերով,

Ասես դրանցից  յուրաքանչյուրի դիմաց Սայաթ-Նովան  խոսք  ունի ասելու:  

Վերջում նշենք, որ  հայերեն  «խալ» բառի թվային արժեքը, որ կազմում է 71, պատահականության արգասիք է:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ