Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ինչպես դիմել կանանց

Իրան այցելող հայ տղամարդի՛կ, խորհուրդ եմ տալիս ավանդապաշտ իրանցի տղամարդկանց հետ հանդիպումներին նրանց կանանց մասին հարցեր չտալ: Նրանք (ավանդապաշտ իրանցի տղամարդիկ) ահավոր չեն սիրում, երբ իրենց կանանցով եք հետաքրքրվում: Եթե, այնուամենայնիվ,  շատ եք ցանկանում ձեր ծանոթ իրանցու կնոջ որպիսությունն իմանալ, գոնե ասեք՝  ինչպես է ձեր որդու մայրը:

Անցյալում, ինչպես նաեւ այսօր, շատ ավանդապաշտ ընտանիքներում իրանցի տղամարդիկ իրենց  կանանց դիմելիս, կամ նրանց մասին խոսելիս,  օգտագործում էին ավագագույն որդու անունը: Օրինակ, եթե կնոջ անունը Ֆաթիմա է, իսկ ավագ որդունը՝ Հասան, ամուսինն իր կնոջը դիմելիս  «Հասանի մայր», կամ պարզապես «Հասանի»  է անվանում:  Ի դեպ, այս ավանդույթն այսօր էլ է տարածված Իրանում:  

Աֆղանստանում էլ կանանց իրենց անուններով կոչելը անարգանքի նշան է: Նույնիսկ գերեզմանաքարերի վրա կանանց անունները չեն գրվում: Փոխարենը գրվում են հանգուցյալ կանանց  հոր կամ  ամուսնու անունները: Երբեմն էլ գերեզմանաքարի վրա փորագրվում  է կնոջ ավագ որդու անունը:

Իրանում սեֆեւիների տիրապետության ժամանակ բանակի հրամանատարներին մեծարելու համար  «սուլթան» էին անվանում, որի կիրառության  մակարդակն աստիճանաբար  նվազում էր ու օգտագործվում ավելի ցածրաստիճան զինվորականներին դիմելիս: Հետագայում իրանցիները, ընդօրինակելով օսմանցիներին,  սկսեցին իրենց թագավորների կանանց ու քույրերին սուլթան անվանել: Սուլթան բառիմաստի արժեզրկումը շարունակվեց այնքան, որ իրանցիներն սկսեցին աղախիններին ու սպասուհիներին  սուլթան անվանել: Իսկ սուլթանի հնչյունափոխված եւ  իգականացված  «սալիթե»  բառն այսօր  պարսկերենով նշանակում է   զավզակ՝  շատախոս կին:

Եթե տղամարդը ձեր ներկայությամբ իր կնոջ անունը տալու փոխարեն օգտագործում է «ՈՒՄ ԵՆ ԱՍՈՒՄ» արտահայտությունը, համոզված եղեք, որ նա իրանական Չհարմահալի հայկական համայնքից  է, քանի որ 17-րդ դարի սկզբինշահ Աբբաս առաջինի կազմակերպած բռնագաղթի ժամանակ  կենտրոնական Իրանի Չհարմահալում բնակեցված ավանդապաշտ հայ տղամարդը խորշում է այլոց ներկայությամբ հոլովել իր կնոջ անունը: 

Ուշագրավն այն է, որ մի ժամանակ Հայաստանում նույնպես  պարկեշտ ընտանիքներում անվայել էր գործածել «կնիկս» բառը, եւ նրա փոխարեն ասում էին տղոցս մայրը, քույրդ, մեր ընտանիքը: (Հր. Աճառյան, «Լիակատար քերականություն հայոց լեզվի»):

Այսօրվա  Հայաստանում որոշ ավանդապաշտ հայեր գերադասում են իրենց կնոջ անունը չտալ, ու դրա փոխարեն հազար ու մի հնարքի են դիմում: Օրինակ, ոմանք  իրենց կնոջ մասին խոսելիս, անկախ տարիքից,  ասում են՝ «պառավս», ոմանք էլ՝ «նշանածս»:

Սեփական կնոջը դիմելիս հայ տղամարդու շուրթերից արտաբերվող «աղջիկ ջան» արտահայտության  մեջ մի քիչ վիրավորանք, մի քիչ էլ արհամարհանք կա:

Ավելի ժամանակակից հայերն էլ, նույնիսկ օտարների ներկայությամբ, սեփական կնոջը  ծիտիկս, եղնիկս, թռչնակս, ձուկիկս… բառերով են դիմում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ