Երբ կլինեք Փարիզում, մետրո իջեք, որոշեք 1-ին գիծ ընկնելու ամենահարմար տարբերակը եւ հասեք կա՛մ Շանզ Էլիզե Քլեմանսո, կա՛մ Քոնքորդ կայարններ եւ դուրս եկեք գետնի տակից: Հիմա հարցուփորձ արեք տեղացիներից Ժան Գուժոն փողոցը հեշտությամբ գտնելու համար: Գտա՞ք: Սրանից հետո այս նեղլիկ փողոցն իր թիվ 15 շենքով կդառնա աշխարհի այն հասցեներից մեկը, որտեղ դուք ձեզ կարող եք զգալ հանգիստ եւ ապահով: Այն ճիշտ այդպիսին է 1904 թվականից ի վեր, շնորհիվ Ալեքսանդր Մանթաշյանի:
Մինչ այդ Փարիզը հայկական եկեղեցի չուներ, բայց այստեղ բնակվող հայերն, իսկ համայնքը բավական մեծ էր, ունեին հայ Առաքելական եկեղեցու կարգով մկրտվելու, պսակվելու, ժամերգություններին եւ պատարագներին մասնակցելու մեծ փափագ: Միայն կիրակի օրերը ֆրանսիական բողոքական մատուռի սրահը պատարագ մատուցելու համար տրվում էր հայ եկեղեցականներին, պայմանով, որ ժամը 11:30-ին այն ազատվի: Ուրիշից կախյալ լինելն էլ մի բան չի: Փարիզը պետք է ունենար իր հայկական եկեղեցին այս քաղաքում երբեւէ հայտնված հայերի համար: Եվ ունեցավ: Մանթաշյանը հաճախ էր լինում Փարիզում՝ իջեւանելով Շանզ Էլիզե փողոցի մշտական վարձակալած իր բնակարանում: Եվ իրավիճակը գնահատելով՝ նա հազարավոր փարիզաբնակ հայրենակիցների համար Փարիզի իշխանություններից հող գնեց եկեղեցաշինության նպատակով հենց քաղաքի կենտրոնում եւ ամբողջությամբ հոգաց շինարարության ծախքը: Գործարարն այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացրեց մոտ 1 միլիոն 100 հազար ֆրանկ, որից 450000-ը հողի ձեռք բերման գինն էր: Շուտով այս առատաձեռնության համար Ֆրանսիո նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշյանի կուրծքը զարդարեց Պատվո լեգիոնի շքանշանով:
1902 թ. հուլիսի 14-ին, երբ ֆրանսիացիները նշում էին բազում կյանքեր խլած եւ ազգամիջյան կռիվ բորբոքած հեղափոխության տարեդարձը, Բաստիլից ոչ հեռու, մայրաքաղաքի հանդարտ անկյուններից մեկում, կատարվում էր Հովհաննես-Մկրտիչ առաքելական եկեղեցու հիմնարկեքը՝ իբր խորհուրդ ազգային միասնության եւ պատգամ ինքնության պահպանման: Ինքնության պահպանման հարցը առաջնային էր նաեւ Մանթաշյանի համար: Այդ գերհարուստ մարդը, որ կառուցել էր Այսրկովկասի շատ քաղաքներ, ուներ ուզածին պես ապրելու հնարավորություն, խորապես գիտեր, որ մարդ, մեծ հաշվով, ոչինչ է իր փողերով, եթե չունի ազգային ինքնագիտակցում, որն ձեւավորվում եւ ամրապնդվում է կրթության, մշակույթի մեջ:
Երկու տարի անց, 1904թ. հոկտեմբերի 2-ին, Փարիզում Գեւորգ արքեպիսկոպոս Իվթիճյանի (Իւթիւճեան) ձեռամբ օծվեց Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ եւ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
Հենց այս եկեղեցու խորանի առջեւ է տարիներ հետո Կոմիտաս վարդապետը պսակելու Լոզանի բժշկական համալսարանն ավարտած, հիասքանչ բանաստեղծ Ռուբեն Սեւակին եւ գեղեցկուհի Յաննի Ափելին՝ աստծուց խնդրելով երկար, համերաշխ եւ մինչ ի մահ համատեղ կյանք նորապսակների համար: Հետագային հայոց այս եկեղեցին է դառնում միակ այն հասցեն, որտեղ արտոնված էր հիվանդ Կոմիտաս վարդապետի զբոսանքը Փարիզի հոգեբուժարանից դուրս: 1929, թե 1930 թվականին հենց այս եկեղեցում է տեղի ունեցել ցեղասպանության արհավիրքից ֆիզիկապես փրկված, բայց հոգեկան վայրիվերումների մեջ գտնվող վարդապետի եւ ցեղասպանության նահատակ Ռուբեն Սեւակի այրիի՝ Յաննիի անսպասելի եւ հուզիչ հանդիպումը: Եկեղեցու խորանի առջեւ ճիշտ 20 տարի առաջ նույն Յաննին էր ՝ ճերմակ հարսանյաց զգեստով իր հմայիչ փեսացուի հետ, անսահման երջանիկ, քանի որ կարծում էր, թե կյանքն առջեւում է եւ ճանապարն էլ՝ կանաչ: Կոմիտաս վարդապետն էլ ճոխ հանդերձանքով էր, խաչը ձեռքին՝ պսակադրության ծեսը մատուցելիս: Իսկ հիմա…. Նրանք, չնայած կյանքի հասցրած հարվածներից այլայլված եւ փոխված, ճանաչեցին մեկ-մեկու եւ ոչ մեկ բառ չկարողացան փոխանակել, միայն համր արցունքներ հոսեցին երկուսի աչքերից. այդպիսով ամենն ասվեց:
Այս եկեղեցում են պսակվել նաեւ Անդրանիկ զորավարն ու իր հարսնացուն՝ Նվարդը 1921 թվականին, Պողոս Նուբար փաշայի կնքահայրությամբ: Ժան Գուժոն 15-ը իր հարկի, ավելի ճիշտ իր գմբեթի տակ է հավաքել արդեն քանի-քանի սերունդ փարիզաբնակ հայություն, որոնք գուցե չգիտեն հայերեն կամ գիտեն վատ, որ գուցե կորցրել են կենցաղավարության ազգային գծերը, այնուամենայնիվ կյանքի ամենից պատասխանատու հանգրվանները՝ մկրտությունից մինչեւ հոգեհանգիստ, կատարում են այստեղ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Վերջին բացառիկ հային ի վերին Երուսաղեմ ճանապարհեցին նույնպես այստեղից, որտեղ մկրտվել էր, ապա՝ պսակվել. Շառլ Ազնավուրն էր:
ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ