Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ժաննա Անդրեասյանին հուշել են՝ հանդիպել պատմաբաններին

Եթե չլինեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ պատմության դասագրքի մասին ավելի վաղ արված հայտարարությունները, ապա տպավորություն կարող էր ստեղծվել, որ նա մինչեւ երեկ տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվում «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջը: Տիկին նախարարը միայն երեկ, դեկտեմբերի 13-ին է հանդիպել ամիսներ շարունակ դասագրքի փաստական եւ պատմական անճշտությունների մասին բարձրաձայնող պատմաբանների եւ գիտնականների հետ: Դասագիրքը, հիշեցնենք, հանրակրթական դպրոց էր մտել այս տարվա սեպտեմբերի կեսերին՝ ուշացումով:

Թե ինչ անճշտություններ կամ անհամաձայնություններ են առանձնացրել պատմաբանները, խոսվել ու քննարկվել է բազմիցս, ավելի քան 3 ամիս շարունակ: Երեկ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ասել է, որ բարձրաձայնված հարցերից որոշները հաշվի է առել, եւ դրանք առաջիկայում խմբագրվելու են:

«Ազգ»-ի տեղեկություններով՝ Ժաննա Անդրեասյանին հորդորել են հանդիպել ու հարցը քննարկել նեղ մասնագետների հետ՝ ոչ միայն մեծ աղմուկը փոքրիշատե մեղմելու, այլեւ խնդիրը լուծողի դերում հանդես գալու համար: «Դե պատկերացրեք, գրքում խմբագրումներ կլինեն, որոշ բաներ կփոփոխվեն, տիկին նախարարն էլ վաղը, մյուս օրը, կասի՝ հենց ես խառնվեցի, հարցն անմիջապես լուծվեց,- նշեց մեր զրուցակիցն՝ ավելացնելով,- Եթե կհիշեք, ամիսներ առաջ  նույն նախարարուհին մոտավորապես այսպիսի միտք էր ասում, թե թող հաշտվեն դասագրքի բովանդակության հետ ու դադարեցնեն աղմուկը: Այսօր փաստորեն նրա մոտ իրավիճակ է փոխվել»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ