Այս պահին, երբ Իրանում իրավիճակն անհասկանալի է, հազարավոր զոհեր կան, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ը, Մադուրոյին կուլ տալուց հետո, եւ այլ պետություններ կհարվածեն Իրանին, առհասարակ` մեր տարածաշրջանը վերաձեւելու հին ծրագրերը գործի կդրվեն, շատ կուզեինք, որ Հայաստանը աշխարհաքաղաքական ներկա թակարդներից դուրս գար քիչ կորուստներով, հաշվարկված ծրագրերի մասնագիտական պաշտպանվածությամբ:Եւ որ` մեր ղեկավարներն ընտրական շրջանի սուտն ու քարոզչությունը ժողովրդի վզին փաթաթելու փոխարեն` նրան ճշմարտությունն ասեին:
Բայց վկա է Աստված, որ դա վեց ամիս հնարավոր չի լինելու, դուք միայն սոցիալական ցանցերով մեզ խեղդող քաղաքական թոզփչոցի գովազդների չափերն ու հաճախականությունը նայեք, որ ամեն վայրկյան միջատի պես սողում են աչքուականջ: Մանավանդ ըստ որոշ լուրերի` ապագա խորհրդարանի պատկերի գծագրության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, իսկ ընտրական աժիոտաժը քողածածկույթ է լինելու սոսկ: Ինչպես, ի դեպ, միշտ` անցյալում ու ներկայում: Հայաստանում իշխանափոխությունները, կուզեք դրանց ասեք հեղաշրջում, կուզեք` հեղափոխություն, կուզեք` ընտրություն, անձերն անձերով փոխարինելու վարչարարների նոր խմբերի մեջտեղ բերելու մասին են սոսկ, իսկ նույն մի խումբ օլիգարխների գլխից մազ անգամ չի ընկնում, ընդհանուր գծագիրն է խմբի մի քիչ կոնտուրները փոխում:
Ու այս տեսակետից եթե նայենք ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան- ԱՄՆ պետքարտուղար Ռուբիո հանդիպման արդյունքում հրապարակված ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի համատեղ հայտարարության քաղաքական մեկնաբանություններին, ապա դրանց մեջ քարոզն ու հակաքարոզն այնքան շատ են, որ ամեն մեկիս մնում է ինքնուրույն կարդալ ու հասկանալ, թե ինչ տեսք է ունենալու Հայաստանը Թրամփի ուղին գործարկելով, մանավանդ, որ մեր տնտեսագետները առայժմ խուսափում են համապարփակ որեւէ կարծիք հայտնելուց:
Մենք աչքի առաջ ունենք իշխանական բազմաթիվ ոգեւորված գնահատականներ` Հայաստանի իրավազորության արձանագրման, խաղաղության հաստատման համոզմունքի, ներդրումների մեծ հոսքի, ԱՄՆ-ի հետ լայն համագործակցության, ստանալիք օգուտների, գործընթացի հանդեպ մաքսային, անվտանգային վերահսկողությունը պահպանելու վերաբերյալ: Նաեւ ընդդիմադիրների առաջին գնահատականները` մտահոգություններով:
Օրինակ` խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի կարծիքով, Հայաստանի ապաշրջափակման մասին այդ հայտարարության մեջ խոսք չկա, իսկ նկատվող տրանզիտ բեռնափոխադրումներն Ադրբեջանով ապաշրջափակում չեն նշանակում, ասենք` մենք Նախիջեւանով Արարատի մարզ անխոչընդոտ անցում չենք ստանում: Եւ Իրանի հետ կապված իրավիճակի սրումով Հայաստանին կարող են որոշումներ պարտադրվել:
Իսկ որ ավելի կարեւոր է` հայտարարությունը ոչ միայն մի շարք անհանգստություններ չի փարատում, այլեւ ուրվագծում է նորերը: Հատկապես որ կարծես ամեն բան արագանում է, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին խոսում էր հնարավորինս արագ հայտարարությունից բխող գործնական աշխատանքի մեկնարկից` դե յուրե համաձայնագրեր, իրավական որոշումներ, ԹՐԻՓՓ անունով ընկերության ստեղծում, երթուղիների որոշում, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների եւ այլ թույլտվությունների ուրվագծում, անգամ ռուսական ուղղությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղիների վերականգնման վերաբերյալ էր բան հասկացնում:Իսկ Հայաստանում Իրանի դեսպանի բարձրաձայնած մտահոգություններն էլ փորձում էր ցրել:
Բայց տեսեք` ծրագրի գործնական մասը երբ սկսվի իրագործվել, ստեղծվի այն ընկերությունը, որն իրագործելու է ծրագիրը, ուրվագծվեն ընկերության ողջ իրավական բազան եւ լիազորությունների շրջանակը, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ի՞նչ է վրա հասել, իսկ այժմ առկա հայտարարությունն ընդամենը հռչակագրային բնույթ ունի եւ գործնական նշանակության (օրինակ` ներքոնշյալ մի շարք հարցերի առումով, որ այդպես դրած լուրջ-լուրջ քննարկում են) ոչ մի առարկայաական պատկեր չի ուրվագծում:
Ակնհայտն այն է, որ ԹՐԻՓՓ-ով Նախիջեւանը կապվում է Ադրբեջանի հետ, եւ ծրագիրը Տրանս-Կասպյան առետրային երթուղու կարեւոր օղակ է` ինչ-որ միջազգային առավելություններ թղթի վրա նախատեսած Հայաստանի համար:
Բայց անգամ կողմերն են ընդունել, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումից (շատ թեական թեզ, եթե նկատի ունենանք Ադրբեջանի մշտական հռետորաբանությունը), Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման գործընթացից (էլի թեական թեզ` տարածաշրջանային անկայունության ֆոնին), ԱՄՆ կայուն ներգրավվածությունից (էլի մշուշոտ թեզ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի եւ Իրանի չկամեցողությունն ու հնարավոր դիմակայությունն այս հարցում):
Հայտարարության` ԹՐԻՓՓ ընկերության հիմնման բանաձեւն է անորոշ` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, այս հարցում կսպասենք ընկերության ստեղծման կանոնադրությանն ու պարտավորություններին, հասկանալու համար, թե այդ ո՞ր միջազգային ու տեղական կանոնակարգերով վերահսկիչ փաթեթ ունեցողին կարող է վերահսկել նրանից երեք անգամ պակաս բաժնեմաս ունեցողը: Մի ընկերություն, որը կես դար պատասխանատու է լինելու ծրագրի զարգացման, ասել է թե ` Հայաստանի այդ հատվածում կատարվողի համար, իրեն տրված կառուցապատման իրավունքով,74 տոկոս բաժնեմասով (Հայաստանինը` 26 տոկոս), անհասկանալի, թե ե՞րբ եւ ո՞ւմ կվաճառի իր բաժնեմասի ինչ-որ հատվածներ: Թե զգայուն խնդիրների վերաբերյալ ի՞նչ համատեղ որոշումների կայացում է նախատեսված Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով` չի հասկացվում (իսկ այդ կոմիտեում, բնականաբար` ըստ բաժնեմասի ղեկավար կազմ է լինելու, որոշումներն էլ կարող են կայացվել «Ինչո՞ւ գլխարկ չես դրել» առյուծ-նապաստակ ձեւաչափով):
Ո՞ր երկրների կառուցապատող, սպասարկող ընկերությունների հետ են կնքվելու պայմանագրերը` պարզ չէ, ինչպես նաեւ այն, թե մաքսային, սահմանային վերահսկողության իրավազորությունը (ֆիզիկական ներկայությունը) Հայաստանը միայնակ, թե՞ զուգահեռ է իրացնելու: Հատուկ նշանակության կազմակերպություններն ո՞վ է հիմնելու` ամերիկյա՞ն, թե՞ հայկական կողմը, մասնավոր ներդրումներ կարո՞ղ են կատարվել ոչ բարեկամ երկրներից, ի՞նչ է ծածկված ֆրոնտ օֆիս (երրորդ կողմ օպերատորների ներգրավում) ու բեք օֆիս գործառնական մոդելի տակ, որը կիրառվելու է, եւ թվային վերահսկողությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ ադրբեջանցիները ուղուց օգտվելիս չեն տեսնելու հայ սահմանապահի դեմքը, ինչպես Ալիեւն էր պահանջում:
Հարցերը շատ են, շատ մեկնաբանություններ, որ արվել են, այդ թվում` Արարատ Միրզոյանինը, լիաժեք պատասխաններ չեն տալիս այդ հարցերին: Գումարած` տարածաշրջանային հեղհեղուկ վիճակը Իրանի շուրջ:
Սպասենք, այդ թվում` ԹՐԻՓՓ ընկերության ստեղծմանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.





