Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թվերն են խոսում. տնտեսական աճն ու գնաճը 2022-ի առաջին կիսամյակում

«Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչեւ տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի: Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,- իր ֆեյսբուէյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

2022 թվականի հունվար-հունիսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ գրանցվել են հետեւյալ ցուցանիշները. տեւական ժամանակ աճի նվազ դինամիկա գրանցած արդյունաբերության ոլորտը (հիմնականում Թեղուտի հանքավայրի չաշխատելու պատճառով) կտրուկ աշխուժացել է` հունիսին գրանցելով 19% աճ, իսկ կիսամյակի տվյալներով հասել է շուրջ 6% աճի: Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության 19% աճը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ պայմանավորված է մշակող արդյունաբերության զգալի աճով:

Կիսամյակի կտրվածքով երկնիշ աճ են գրանցել հետեւյալ ոլորտները` շինարարություն (12,7%), առեւտրի շրջանառություն (10,7%), ծառայությունների ոլորտ (26,9%), էլեկտրաէներգիայի արտադրություն (14,8%) եւ արտաքին առեւտրաշրջանառություն (44%): Ընդ որում, արտահանումն աճել է 36,3%-ով, իսկ ներմուծումը` 48,7%-ով:

Չնայած արտահանման ծավալների տպավորիչ աճին, որը միայն հունիսին կազմել է 68,1%, գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է բացասական դինամիկա. անկումը` 5,5%:

Պղնձի խտանյութի արտահանումը 5 ամսում նույնպես զգալիորեն կրճատվել է: Հումքի փոխադրման հետ կապված բարդության պատճառով մի փոքր նվազել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը: Հիմնականում արդյունաբերությունը աճել է երկաթ-մոլիբդենի ձուլման հաշվին: Նույն պատկերը, ամենայն հավանականությամբ, պահպանվել է նաև հունիսին:

Շինարարության ծավալները շարունակում են աճել ինչպես բյուջետային ծրագրերի (դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն), այնպես էլ բնակելի տների մասնավոր շինարարության հաշվին, քանի որ հուլիսի 1-ից աստիճանաբար կրճատվում է հիփոթեքի գնորդներին եկամտային հարկի վերադարձման ծրագիրը, կառուցապատողները ցանկանում են մինչ այդ առավելագույն մետրաժ կառուցել, որպեսզի հետո վաճառեն:

Աճում են առեւտրի եւ ծառայությունների ցուցանիշները՝ ինչպես հետճգնաժամային վերականգնման հաշվին, այնպես էլ ռելոկանտների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանից, ինչպես նաեւ Բելառուսից եւ Ուկրաինայից:

Աճել են արտաքին առեւտրի ծավալները (այդ թվում՝ սեզոնային մրգերի եւ բանջարեղենի արտահանման հաշվին):

Գնաճը հունիսին կազմել է 10,3%` կիսամյակի կտրվածքով հասնելով 8,1%-ի:

Ընդ որում, գնաճը շարունակում է արագանալ. հունիսին 12-ամսյա ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսը:

Արդյունաբերությունը զարգանում է, գնաճը՝ ավելանում, իսկ այս ամենի մասին շարունակում են խոսել թվերը:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ