Պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի բարի կամքի, բացառիկ աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է ստացել ավելի քան 350 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձան: Տասնամյակների իր գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանն առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետ: Թե ուրախ եւ թե հիշատակի առիթներով ավարտուն գործերը տեսնելով՝ մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զգացմունքները՝ երբեմն հուզվել են, արտասվել, հնչել են նաեւ ուրախության, անկեղծ հիացմունքի եւ երախտիքի խոսքեր, որոնցից մեծապես քաջալերվել եւ ներշնչվել է բարեգործը:
Ներկայացվող պատմությունը, նույնպես չափազանց հուզիչ է: Իսկ պատմության ակունքներում Մեծ Հայրենականի տարիների դրամատիկ էջերից մեկն է, որին իր բարեգործական ծրագրով առիթ ունեցավ առնչվելու նաեւ մեր հայրենակիցը:
Նախ այն մասին, թե ինչն էր միավորում Սանկտ Պետերբուրգը եւ Հյուսիսային Կովկասում գտնվող ՌԴ Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության Բեսլենեյ փոքրիկ գյուղը: Այս իրարից հեռու բնակավայրերի ճակատագրերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անսպասելիորեն կապվեցին միմյանց: Իսկ պատճառը երեխաներն էին:
1942 թվականին չերքեզաբնակ Բեսլենեյ գյուղը ապաստան տրամադրեց պաշարված Լենինգրադից տարհանված 32 որբ ու հյուծված երեխաների, որոնց տեղացիները փրկեցին ֆաշիստական հալածանքներից, ապաստանեցին իրենց տներում եւ անգամ գրանցեցին տնային գրքերում:
Տեղի բնակիչների արարքը իսկական սխրանք էր: Ինչպես պարզվեց հետագայում՝ մարդիկ վտանգել էին իրենց կյանքը, քանի որ երեխաներին ապաստանելուց մի քանի օր անց նույն այդ Բեսլենեյ գյուղը գրավեցին գերմանական զորքերը: Նացիստները կասկածներ ունենալով՝ խուզարկեցին յուրաքանչյուր տուն՝ փնտրելով թաքնվածների, սակայն հաստատակամ գյուղացիները, որ արդեն գրանցել էին երեխաներին՝ չհրաժարվեցին եւ ոչ մի փոքրիկից:
Հետագայում փրկված երեխաները մնացին նոր ընտանիքներում եւ իրենց կյանքը կապեցին Բեսլենեյի հետ:
Ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել: Օրերս Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով, ինչպես նաեւ Օրենսդիր ժողովի եւ գործադիր իշխանությունների նախաձեռնությամբ՝ Մեծ Հայրենականում ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի օրվա կապակցությամբ Սանկտ Պետերբուրգ այցելեցին Կարաչայ-Չերքեզիայի հիշյալ գյուղի մի խումբ դպրոցականներ:
Երեխաները Բեսլենեյ գյուղի բնակիչների ժառանգներն էին:
«Մեր՝ Լենինգրադ քաղաքի բախտը բերեց այն առումով, որ շրջափակման ժամանակ նախկին Խորհրդային Միության շատ հանրապետություններ ընդունեցին այստեղից տարհանված երեխաներին»,- հուզված ասաց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Նիկոլաեւիչ Ռժանենկովը:
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ այս անչափ կարեւոր՝ երեխաների եւ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների հետ երկկողմանի կապն ապահովելու եւ հանդիպումը կայացնելու ուղղությամբ իր անգնահատելի ավանդն է ունեցել Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար Հրաչյա Միսակի Պողոսյանը, որը, ասես, սրտերը կապող կամրջի դեր խաղաց:
«Լսելով հուզիչ պատմությունը՝ Հրաչյա Միսակովիչն անմիջապես արձագանքեց եւ ցանկություն հայտնեց ֆինանսական օգնություն ցուցաբերել, որպեսզի այս հանդիպումը կայանա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունները գյուղի երեխաների համար մշակութային հարուստ ծրագիր են կազմել: Նրանք այցելեցին Սմոլնի, Էրմիտաժ եւ Հաղթանակի օրվա պատվին՝ շքերթի: Բացի այդ, երեխաները ներկա գտնվեցին ֆուտբոլային հանդիպման, որտեղ «Զենիթը» դարձավ չեմպիոն:
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ռժանենկովը նաեւ նշեց, որ Սանկտ Պետերբուրգում կան բազմաթիվ հովանավորներ, ովքեր տարբեր տեսակի օգնություններ են ցուցաբերում, բայց Հրաչյա Պողոսյանը շատ շատերից տարբերվում է նրանով, որ ինչ անում է, անում է մեծագույն սիրով, ջերմությամբ ու նվիրումով, այնպես՝ ինչպես կաներ հարազատ բարեկամին, ընտանիքին, երեխային…
«Ուստի եւս մեկ անգամ ուզում եմ նահանգապետի, Օրենսդիր ժողովի եւ պատգամավորների անունից շնորհակալություն հայտնել Հրաչյա Պողոսյանին՝ Սանկտ Պետերբուրգի համակարգված եւ մշտական աջակցության համար: Նա, անշուշտ, բազում անելիքներ եւ հոգսեր ունեցող անձնավորություն է, բայց այդ ամենը նրան չեն խանգարում լինել ուշադիր եւ պատրաստակամ: Կարծում եմ, որ բոլորը զգացին նրա բարությունն ու աջակցությունը»,- եզրափակեց պատգամավորը:
Հրաչյա Պողոսյանը կարծում է, որ նմանօրինակ միջոցառումների ընթացքում է հաստատվում իրական, ամուր բարեկամությունը:
– Այս միջոցառմանը ներկա էին ոչ միայն լենինգրադցի տեղահանված երեխաների ժառանգները, որոնց ժամանակին ապաստան էին տվել գյուղի բնակիչները, այլեւ եղբայրական հանրապետություններից մարդիկ,- տեղեկացրեց Հրաչյա Պողոսյանը: – Այսպես, Ալմաթիի «Lakeview school» մասնավոր դպրոցի տնօրեն Գուլնարա Կարամետդինովան եւ անգլերենի ուսուցչուհի Գայանե Պետրոսյանը մեզ մոտ եկան Ղազախստանից, իսկ Ժաննա Սիդակովան՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունից: Նա Խաբեզի մունիցիպալ շրջանի վարչակազմի կրթության վարչության պետն է: Հրավիրված էր նաեւ Սանկտ Պետերբուրգի թիվ 209 գիմնազիայի տնօրեն Դմիտրի Եֆիմովը: Հուսով եմ, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա հետագա համագործակցության համար: Գուցե ապագայում երեխաները ցանկանան տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ եւ օգտակար լինել մեր քաղաքին»,- ասաց պատվավոր բարերարը՝ հավելելով, որ եթե Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության մարզային իշխանությունները քննարկեն դպրոցներից մեկը ճանաչված գրող Ֆյոդորի Դոստոեւսկու պատվին անվանակոչելու հնարավորությունը, ապա ինքը սիրով այդ դպրոցում կֆինանսավորի հայտնի գրողի կիսանդրին տեղադրելու աշխատանքները:
Արժե հիշեցնել, որ Ֆյոդոր Դոստոեւսկու կերպարը, նրա բարդ ու դժվարին կյանքը առանձնահատուկ տեղ է գրավել նաեւ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ: Դոստոեւսկին մեծ դեր է ունեցել համաշխարհային գրականության եւ մարդու հոգեւոր զարգացման գործում, եւ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ վերականգնվել է Ալեքսանդր Նեւսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը գտնվող գրողի տապանաքարը եւ իրականացվել են գրողի մասին հիշողության պահպանման լայնածավալ նախագծեր, ինչպես Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ Ղազախստանի Սեմեյ քաղաքում: Այդ մասին առավել մանրամասն եւ ամբողջական տեղեկատվությունը ընթերցողները կարող են ծանոթանալ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ հրատարակված Ֆ. Մ. Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ծավալուն գրքում:
Մեր հայրենակիցը ֆինանսավորել է նաեւ անվանի գրողի 200-ամյակին նվիրված հուշամեդալների տպագրությունը:
Բեսլենեյից ժամանած երեխաների պատվիրակությունն այդ օրը այցելեց նաեւ Ալեքսանդր Նեւսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատուն, որտեղ գտնվող մեծ գրողի տապանաքարը վերականգնվել է Հրաչյա Պողոսյանի միջոցներով:
Նախատեսում եմ նաեւ հետագա համագործակցության մասին խոսել նրանց հետ, միգուցե ինչ-որ նախագիծ ունենանք: Օրինակ՝ մեր երեխաները կայցելեն այնտեղ, իսկ նրանց դպրոցների երեխաները կգան մեր ուսումնական հաստատությունը տեսնելու»,- ասաց նա՝ հիշելով նաեւ, որ Հրաչյա Պողոսյանը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել իրենց ուսումնական հաստատության պատերի ներսում:
ՌԴ Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության Խաբեզսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի կրթության բաժնի ղեկավար Ժաննա Ալեկովնա Սիդակովան էլ հավելեց. «Կցանկանայի շատ բարի խոսքեր ասել կազմակերպիչներին, ովքեր արժանի ուշադրություն դարձրին մեր պատվիրակությանը: Շատ շնորհակալություն Արտաքին հարաբերությունների կոմիտեին եւ Հրաչյա Պողոսյանին, ովքեր այդքան հետաքրքիր անակնկալներ էին կազմակերպել մեզ համար»:
Հավելենք նաեւ, որ Հրաչյա Պողոսյանի միջոցներով հրատարակվել են Սանկտ Պետերբուրգի պատմությանը նվիրված եզակի գրքեր՝ «Պաշարման մանկավարժություն», «Թիկունքն ապահովեց հաղթանակը», «Կորուսյալ կայազորը», «Սեղանին վառված մոմ»: Տպագրվել է նաեւ Սանկտ Պետերբուրգ քաղաքի գունավոր լուսանկարներով ալբոմ:
Հարկ է նշել, որ պատվիրակությունը բացի նվերներ ընդունելուց, նաեւ նվիրել է: Ի նշան իրենց երախտագիտության, նրանք Հրաչյա Պողոսյանին նվիրեցին 1942 թվականի հայտնի իրադարձություններին նվիրված ֆիլմ:
Հրաչյա Պողոսյանը սփյուռքի մեր այն արժանապատիվ հայրենակիցներից է, ով արդեն երեք տասնամյակից ավելի ապրելով եւ աշխատելով Հայրենիքից հեռու՝ ոչ միայն նշանակալի ձեռքբերումների է հասել ու բարձր է պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է: Մեծ եռանդի, աշխատասիրության եւ նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում է՝ պատրաստ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը նա արել եւ անում է երկար տարիներ:
Շուրջ 350 բարեգործական ծրագրերից, որոնք Հրաչյա Պողոսյանն իրականացրել է 14 երկրում, ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:
Նորանոր հաջողություններ ցանկանանք մեր հայրենակցին՝ իր բոլոր ծրագրերում եւ ձեռնարկումներում:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից