Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Նախիջեւան, շնորհավորելու օդակայայանում իրեն դիմավորող Ալիեւին «սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողություններում ձեռք բերած հաջողության, իսկ ադրբեջանական բանակին՝ ռազմաճակատում տարած փայլուն հաղթանակի եւ խաղաղ հայ բնակչության հանդեպ ցուցաբերած մարդասիրական մոտեցման» համար: Թուրքական հանրայինը՝ «TRT-Haber»-ը, բնութագրելով էրդողանի այցը որպես պատմական, ուշադրություն է հրավիրել վերջինի Հայաստանին հասցեագրած խոսքերի վրա, թե թող սեղմի խաղաղությամբ իրեն մեկնած ձեռքը եւ անկեղծ քայլեր կատարի:
Որքան էլ վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս բացառի Հայաստանի ինքնիշխան տարածքում միջանցքի տրամադրումը, սովորության համաձայն Էրդողանը նորից է բարձրացրել «Զանգեզուրի» միջանցքի հարցը, իսկ Ալիեւին ասել է, որ դրա բացումը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ապա Թուրքիային որպես թուրքական աշխարհին կապող օղակ՝ կարեւորել է Նախիջեւանի ռազմավարական նշանակությունը: Թուրքիայի նախագահը չի կարող չիմանալ, որ ռազմավարական նշանակություն Նախիջեւանը կունենա միայն «Զանգեզուրի» միջանցքի գործարկման դեպքում: Նա, ըստ երեւույթին, դրա բացումը հավանական չի համրում, որ ասել է. «Եթե Հայաստանը չհամաձայնի, ապա գործի կդնենք իրանական միջանցքը, որն արդեն գործում է»:
Կարծես Էրդողանն այս ելույթն ունեցել էր ինքնաթիռում, Նախիջեւանից Անկարա վերադառնալիս, լրագրողների հետ հանդիպմանը: Դրանից մեկ օր հետո նա նույն հարցերը նորից քննության է առել , որն այս անգամ «Հայաստանը Խոջալուի ջարդերի գինն է վճարում» խորագրով լուսաբանել է վաղուց արդեն պաշտոնական դարձած «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած պատմական հաջողության առթիվ կրկին շնորհավորել է Ադրբեջանին, ասել է, որ ադրբեջանական բանակն ահաբեկիչների հանդեպ եղել է անզիջում, իսկ խաղաղ բնակիչներին՝ վերաբերվել չափազանց խղճահարությամբ:
Ապա նա շարունակել է. «Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին: Ես մեր աջակցությունն անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եմ ընդգծել: Այդ գործողություններով Ադրբեջանն ամրապնդեց իր գերիշխանությունը ողջ Ղարաբաղում: Ավելի կարեւորը 44-օրյա պաշտպանական գործողություններն էին, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար նոր պատուհան բացեցին: Սպասում ենք, որ Հայաստանը գործընթացը երկարաձգելու փոխարեն հզոր կամք դրսեւորի: Մենք մեր այս ակնկալիքը սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում հայտնել ենք Հայաստանի վարչապետ, մեծարգո Նիկոլ Փաշինյանին»:
Այնուհետեւ Էրդողանը, ինչպես «Անադոլու» գործակալությունն է նշում, վերստին արծարծել է «Զանգեզուրի» միջանցքի հարցը, մասնավորապես ասելով՝ «Այս միջանցքի օր առաջ բացումն ապահովելու համար ամեն ջանք գործադրելու ենք: Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսանկյունից խիստ կարեւոր այս միջանցքի բացումը ռազմավարական խնդիր է, ուստի բացումը պարտադիր պիտի ապահովվի: Դրանով Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կհզորանա: Ողջունելի են միջանցքի առնչությամբ Իրանից մեր ստացած ազդակները»:
Վերջում Էրդողանը եզրակցրել է. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի, ի վերջո Խոջալուից եւ այլ քաղաքներից մեկ մլն. ադրբեջանցի է վտարվել: Ո՞ւր, Ադրբեջան: Ադրբեջանը դրա համար տասնամյակներ անց կարողացավ հաշիվ է պահանջել: Տարբեր ձեւերով է պահանջել եւ ետ է վերցրել իր հողերը: Ինչպես հայտնի է Մինսկի խմբի եռանախագահ կոչվող Ամերիկան, Ռուսաստանն ու Ֆրանսիան տասնամյակներ շարունակ Ադրբեջանի այդ իրավունքր չէին ճանաչում: Վերջապես Ադրբեջանը գործի անցավ եւ այդ հարցը հիմնովին լուծեց»:
Միջանցքի առնչությամբ մի քանի դիտարկում էլ «Անադոլու» գործակալությունն է արել, կարծում եմ պետք է հետաքրքրի ընթերցողին: Ըստ դիտարկման, Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի» միջանցքի հարցը բարձրացրել են 2020-ի «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը հակադրվում է իր տարածքով անցնող այս միջանցքի բացմանը, քանի որ դա ինքը չի վերահսկելու: «Անկախ դրանից,- գրում է «Անադոլու» գործակալությունը-, Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցության ուղիները: Միջանցքի բացմանը դեմ է նաեւ իրանը, մատնանշելով , որ չի ընդունելու սահմանների որեւէ փոփոխություն: Եթե «Զանգեզուրի» միջանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանն այլեւս ընդհանուր սահման Իրանի հետ չի ունենա»:
Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ 1993-ից ի վեր աշխարհով մեկ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» շուրջը վայնասուն բարձրացնող թուրքական պետության նախագահը, ի դեմս Էրդողանի, մտացածին այդ ցեղապանությունը 30 տարի հետո ի՛նչո՞ւ հանկարծ ջարդ կամ կոտորած անվանի:
Խմբ. կողմից.- Այազ Մութալիբովը եթե ողջ լիներ, իրեն կրկին պատմել կտայինք Խոջալուի՝ այսպես կոչված օպերացիան, որի հրահրիչ-կազմակերպիչը հենց Ալիեւ ընտանիքն էր:
Հ. ՉԱՔՐՅԱՆ