Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբը` նախորդ համարներում

Զ.

Հակառակորդներս զիս կը մեղադրեն Էջմիածին ուխտի երթալով զէնքերս «Կաթողիկոս Զօրավարին յանձնած» եւ «Երեւանի վրայ արշաւած» ըլլալուս համար:

Այո՛, ինձ համար Էջմիածին ուխտատեղի մըն է եւ Ս. Կաթողիկոսն ալ քսան զօրավարէն բարձր էր. այս պատճառով յարմար դատեցի անոր յանձնել զէնքերս:

Երբ Էջմիածին կը գտնուէի, ձիաւորներ մութ գիշերով մը լուր բերին ինձ, թէ զինաթափ եղած մեր զինուորներէն եօթը հոգի սպաննուած են եւ թէ հրացանաձգութիւնը կը շարունակուի:

Նախապէս գրած էի Երեւանի հրամանատար Շահխաթունիի, որ առանց իմ արտօնագրիս, զինուորներէս ոչ մէկուն թոյլ չտայ Երեւան մտնելու եւ հակառակ պարագային, ձերբակալէ զանոնք: Անկէ ետք սկսանք զինուորական ծառայութեան թուղթ տալ եւ ազատ արձակել զինուորները, որոնցմէ մօտ չորս հարիւր հոգի գացած էին Երեւան: Ամերիկացի միսիոնար Տոքդ. Ըշըր խոստացած էր օգնել, հագուստ եւ սնունդ տալով անոնց:

Մեր այդ զինուորներէն էմկը Զանգուի կամուրջէն անցած ատեն հայ մավզէրիստ ոստիկան մը զինուորական թուղթը կը հարցնէ, յետոյ կ ըսէ.

– Ատրճանակ ունի՞ս:

– Ոչ, կը պատասխանէ զինուորը:

– Վրադ պէտք է նայիմ:

Եւ ատրճանակ փնտռելու պատրուակով մավզէրիստը կ առնէ զինուորին քսակը եւ կը սկսի փախչիլ: Զինուորին ծանօթ եղող մը օգնութեան կը հասնի եւ միասին կը բռնեն ոստիկանը: Նոյն պահուն վրայ կը հասնի հայ սպայ մը: Զինուորները յարգական բարեւ մը տալէ ետք կը պատմեն եղելութիւնը եւ դրամին տէրը կ ըսէ դրամապանակին պարունակութիւնը: Հայ սպան փոխանակ քննելու եւ ճշդելու խնդիրը, կը փորձէ կերպով մը փախցնել գողը: Զինուորները կը բողոքեն: Ասոր վրայ սպան հայհոյելով ատրճանակը կը քաշէ անոնց դէմ: Ուրիշ զինուորներ կը հասնին եւ կռիւ մըն է կը սկսի քարերով:

Զինուորական նախարարի օգնական Դրօ յիսունեակով մը կը հասնի միջադէպին վայրը եւ կը հրամայէ զարնել: Յիսունեակը, որ վանեցիներէ կազմուած էր, կը պատասխանէ. «Մենք մեր եղբայրներուն վրայ չենք կրակեր»: Դրօ կ երթայ եւ կը բերէ հարիւրեակ մը ուրիշ զինուորներ, որոնք կը սկսին համազարկի: Մեր զինուորները կը յաջողին քարերով անոնցմէ ձեռք անցընել երեք հրացան: Տոքդոր Ըշըր անձամբ ներկայ եղած է այս դէպքերուն: Պէօյիւք Վէտիի հերոսը կ ուզէր իր քաջութեան ապացոյցը տալ հայ զինուորներ կոտորել տալով:

Ահա այս լուրն էր, որ ինձ կը բերէին ձիաւորները:

Անմիջապէս տեղւոյն վրայ գտնուող ոստիկան թէ զինուոր թիւով հինգ հարիւր հոգին զինաթափ կ ընեմ, թէլէֆոնի գործիքները կը վերցնեմ, սպաները կը տանիմ սենեակս եւ Էջմիածնի մէջ կարգը պահելու համար հարիւր ձիաւոր թողլով` կէս գիշերէն ետք կը մեկնիմ քովս գտնուող զօրամասով, որպէսզի Երեւան երթալով պահանջեմ զինուորներուս դիակները, վիրաւորները եւ բանտարկեալները:

Նոյն միջոցին Տիրայր Եպս. եւ ուրիշ եպիսկոպոս մը ինձմէ կը խնդրեն, որ նախապէս իրենք երթան եւ հասկնան խնդիրը: Ըսի, թէ Զանգուի կամուրջին գլուխը հասնելէս յետոյ ժամ մը միջոց կուտամ զինուորներուս դիակները, վիրաւորները եւ բանտարկեալները ինձ վերադարձնելու համար: «Հակառակ պարագային, կ ըսեմ, պատասխանատու չեմ այն կռիւին համար, որ պիտի մղուի քաղաքէն դուրս»:

Երբ կը մօտենամ Զանգուի կամուրջին, ինձ մօտ կուգան անգլիացի սպայ մը եւ սպայ Մարտիկ Պալեոզեան, որ անգլիացիներուն մօտ կը ծառայէր: Ասոնք ալ ինձ կը խոստանան բերել սպաննուած, վիրաւոր եւ բանտարկեալ զինուորներս: Կ ըսեն նաեւ, թէ քիչ մը ետք կը հասնի նաեւ անգլիացի զօր. Տէվի: Կը հասնիմ կամուրջին գլուխը եւ կը սպասեմ ժամ մը: Շատ չանցած կը բերեն ծունկէն վիրաւորուած զինուոր մը, զոր փոխադրել կուտամ Էջմիածին: Իսկ սպաննուածներուն դիակները կորսնցուցին, ըսելով թէ սպաննուած չկայ:

Եկան զօր. Տէվի եւ Շահխաթունի եւ խոստովանեցան, թէ այս բանին մէջ յանցաւորը Դրօն էր, խոստացան պատժել յանցաւորները:

Եկաւ նաեւ բանտարկուած զինուորներէն մէկը, որ միջամտած է կռիւին: Այս զինուորը պատմեց, թէ ինչպէս իր դրամը, սուրը եւ ատրճանակը առած են նախապէս եւ բանտ մտնելէ ետք ալ ոտքէն հանած են կօշիկները եւ տարած: Կը պահանջեմ այս զինուորին գոյքերը, որոնք ետ կը վերադարձուին:

Էջմիածին հասնելէս առաջ արդէն մավզէրիստները սպաննած էին 150 հոգի: Օր չէր անցած որ մարդ մը չսպաննուի կամ չխեղդուի: Էջմիածին ինձ մօտ եկան գիւղացիներ եւ գանգատեցան, թէ կառավարութիւնը զիրենք թալլած էր, ձեռքերնէն առնելով բամպակը ոչինչ գինով (փութ մը բամպակը 50 ռուպլիի, որ նոյն օրուան հաշուով կ ընէր 2 ֆրանք):

Գիւղացիներուն տուած տեղեկութեան նայելով, գրաւուած այս բամպակին արժէքը 300,000 անգլիական ոսկի էր: Այս բամպակն էր, որ Պ. Ահարոնեան ուզեց ծախել Լիվըրփուլի կամ Մանչեստըրի մէջ, բայց ելեւմտական նախարար Սարգիս Արարատեան անկէ աւելի ճարպիկ ելլելով՝ ծախած էր Պաթումի մէջ, ինք ստանալով գոմիսիոնը:

Ես պատասխանեցի գիւղացիներուն, թէ որեւէ կապ չունիմ Երեւանի կառավարութեան հետ եւ կրնան երթալ ու աղերսագիր մը տալ ներքին գործերու նախարարին իրենց բամպակի խնդրին համար: Գիւղացիները ըսին, թէ արդէն դիմած են եւ արդիւնք մը չեն կրցած ստանալ:

Է.

Ես հեռացայ Հանրապետութենէն, որպէսզի մասնակից չլինիմ այն բոլոր անպատուաբեր, անմիտ, սնանկ եւ ազգակործան գործունէութեան, որուն նուիրուեցան հանրապետութեան վարիչները առաջին օրէն:

Իւրաքանչիւր զինուորականի քով դաշնակցական լրտես մը դրուեցաւ:

Խորհրդարան մը կազմուեցաւ զուտ դաշնակցականներէ, որոնց մէջ կային քանի մը ընկերուհիներ ալ:

Ներքին պայքար մղուեցաւ միւս հայ կուսակցութեանց դէմ երկրին մէջ թէ դուրսը: Իսկ հայ պոլշեւիկներուն դէմ յայտարարեցին եղբայրասպան կռիւ:

Պատերազմ ըրին Վրաստանի դէմ երեք հոգիի որոշումով եւ Հայաստան մատնուեցաւ սովի:

Շքախումբեր կը ղրկուէին Տրապիզոն եւ Կ. Պոլիս ոճրագործ Էնվէրներու եւ Թալէաթներու մօտ:

Թիֆլիսի մէջ երեք ամիս կը վիճէին թէ մեր բանակը պէտք է կազմել դեմոկրատիկ սկզբունքներով, ինչ որ կը նշանակէր տիսիբլինը վերցնել:

Զինադադարէն ետք հանրապետութեան վարիչները ցոյց չտուին իմաստութեան որեւէ նշոյլ:

Պաշտօնատունները լեցուեցան դաշնակցական պաշտօնէութեամբ, որոնց թիւը կը հասնէր 16 հազարի: Ճակատ ղրկուեցան դաշնակցութեան չպատկանող եւ հակառակորդ տարրեր միայն:

Պ. Խատիսեան Պաթումի դաշնագիրը ստորագրելէն ետք Թիֆլիսի մէջ կը յայտարարէր, թէ թուրքերը զարգացած եւ ճենթըլմէն մարդիկ են, եւ Թուրքիոյ հայերը չեն կրցած անոնց վարուելակերպ ունենալ:

Երեւանի մէջ կը հագուեցնէին մեր սիրուն աղջիկները, որպէսզի կայարանին մէջ ծաղկեփունջերով դիմաւորեն Խալիլ եւ Նուրի փաշաները, որոնք հարիւր հազարաւոր հայուհիներ բռնաբարել եւ կոտորել տուած էին: Երեւանի մէջ զինուորական նուագախումբերով ճաշկերոյթներ կը տրուէր այդ մարդոց:

Չկրցան հետեւիլ շրջահայեաց ներքին քաղաքականութեան մը եւ առաջ բերին ապստամբութիւններ թաթարական շրջաններու մէջ:

Մերժուեցան Ազգ. Պատուիրակութեան առաջարկները համաձայնութեան մասին:

Այս բոլորը արդիւնք էին մտայնութեան մը, որ չէր զանազանուեր Ռուսիոյ արդի վարիչներուն մտայնութենէն:

Ես կը նախատեսէի, թէ բոլոր այն աթոռները, զորս գրաւած էին Երեւանի ղեկավարները, խարխուլ էին, քանի Ռուսաստան իր վերջին խօսքը չէր ըսած դեռ:

Դժբախտաբար այսօր իրականութիւն մըն է, ինչ որ նախատեսած էի:

Այն մարդիկ, որոնք կը հիանային թուրքերու ճենթլմէնութեան վրայ, ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ցեխի մէջ թաթխելով այն ոսկէ գրիչը, որով ստորագրուած էր Սեւրի դաշնագիրը:

Անցեալ տարի, երբ Ամերիկա կը գտնուէի, Գ. Փաստրմաճեան աղմուկ մը փրցուց, թէ Պօղոս Նուպար Հայաստանի հարաւային մասը քիւրտերուն կը յանձնէ:

Սակայն չլսեցի տակաւին, թէ ի՞նչ կը խորհի միեւնոյն Փաստրմաճեանը, եւ ինչո՞ւ շշուկ մը իսկ չի հաներ ամբողջ Թրքահայաստանը մեր թշնամիներուն ծախողներուն դէմ:

Հայկական Հանրապետութիւնը վիժեցաւ, որովհետեւ շէնք մը շինելու համար լաւ ճարտարապետներ պէտք էին. մինչդեռ անոր ղեկավարները հիմը դրին օդին մէջ, փոխանակ հաստատուն գետնին վրայ դնելու:

Ուրիշին հոր փորողները իրենք մէջը ինկան:

Իմ խիղճս եւ հոգիս հանդարտ է այս բոլորին մէջ:

Մնացածը կը թողում անաչառ պատմագրին, որպէսզի երեւան հանէ բոլոր անոնք, որոնք պատճառ եղան այսքան անմեղ արիւններուն թափուելուն:

ԱՆԴՐԱՆԻԿ

Զորավարի նորահայտ դիմանկարը

Վերջերս  Մշակույթի հայկական ֆոնդում պատեհություն ունեցա մասնակցելու «Ծիր-կաթին» գիտամշակութային կենտրոնի ցերեկույթին: Ուշադրությունս գրավեց գրասեղանին դրված մեր պանծալի Զորավար Անդրանիկի շրջանակված նկարը: Փոքրիշատե ծանոթ լինելով Անդրանիկ Օզանյանի լուսանկարներին և գեղանկարիչների ստեղծագործական պատկերումներին ՝ սույն նկարը, գոնե ինձ համար, պարզապես նորություն էր

Եվ երբ նկարի դարձերեսին փակցված նամակն ընթերցեցի, պարզվեց, որ այն Բուլղարիայից ֆոնդին է ընծայել մեր հայրենակից Թորգոմ Տյուլկերյանը:

Ահավասիկ նամակի բովանդակությունը՝ մասնակի խմբագրական միջամտությամբ.

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՂԵԿԱՎԱՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՆԿԱՐԻՉ  ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ

Զորավար Անդրանիկի այս նկարը 1919 թվականին պատկերագրել է բուլղարացի գեղանկարիչ Դմիտր Ռադոյկովը (1879-1940թթ.):

   Ձեզ եմ նվիրում յուղաներկ դիմանկարի գունավոր վերատպությունը՝ ի նշան Հայրենիքի և Մշակույթի հայկական ֆոնդի հանդեպ իմ մեծ սիրո: Դիմանկարի բնօրինակը (օրիգինալը) ժամանակին ձեռք է բերել Ռուսեի մեր հայրենակից Մկրտիչ Հարությունյանը , որը Անդրանիկ Օզանյանի ձիավոր հարյուրյակի հրամանատար Արամ Թությանի թոռն է: Իմ՝ Թորգոմ Տյուլկերյանի նախաձեռնությամբ և  աջակցությամբ, նկարի սեփականատերը այն նվիրեց « Զորավար Անդրանիկի տուն-թանգարան»-ին  (Գալաթա, Վառնա):

  Զորավար Անդրանիկի այս նկարը նունպես թող հավերժ հիշատակեցնե ու վառ պահե մեր քաջ հերոսի անմահ հիշատակը և ներշնչանքի աղբյուր դառնա ապագա սերունդներու համար:

Սիրով՝ Թորգոմ Տյուլկերյան

25.02.2019թ., Վառնա, Բուլղարիա»:

…Փոքրիկ դիտարկում. ինձ ուրախացնում ու միաժամանակ զարմացնում է այն իրողությունը, որ բուլղար գեղանկարչին հաջողվել է ըմբոստ , անհանգիստ բնավորություն ունեցող Զորավարին համոզել՝ նկարվելու համար ժամերով կեցվածք ընդունել… Հարգանք ու պատիվ թե՛ գեղանկարչին, թե՛ երախտավորներ Մկրտիչ Հարությունյանին և Թորգոմ Տյուլկերյանին, քանզի նրանց շնորհիվ մենք հարստացանք հայ ժողովրդի սիրված զավակի ևս մեկ նկարով: Իսկ նկարից արծվենի հայացքով մեզ է նայում ժողովրդական հերոսը, հայրենյաց ու ազգի պաշտպան մեր վաստակաբեռ, քաջահմուտ զորական այրը՝ գեներալ Անդրանիկը:

 ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակին

Հաջորդ գրառումը

Հայերը ի պաշտպանություն Լենինգրադի

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայերը ի պաշտպանություն Լենինգրադի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական