Ներկայում մեծ ծավալի գիտական հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում: Մասնավորապես, իրականացվել են Սևանա լճի արևելյան ափի վիշապաքարերի նյութի ապարագիտական ուսումնասիրություններ: Պարզաբանվել են դրանց ծագումնա-բանական հարցերը: Բացահայտվել է, որ Գեղամասարի վիշապի համար որպես հումք օգտագործվել է Փորակ հրաբխի` մինչև Սևանա լիճ հասնող լավաների նյութը (ղեկ.՝ ե.գ.թ. Ա. Հովհաննիսյան):
Շրջակա միջավայրի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության գնահատման ծրագրի շրջանակում կատարվել են Ալավերդու հանքային դաշտի ջրերի, ինչպես նաև Դեբեդ գետի ջրի հիդրոքիմիական հետազոտություններ: Ալավերդու հարստացուցիչ կոմբինատի աշխատանքների ինտենսիվության խիստ նվազումը դրական ազդեցություն է ունեցել Դեբեդ գետի ջրի որակի վրա: Այն ավելի բարելավվել է և կազմի հիդրոքիմիական բնութագրիչների քանակությունները գործող նորմերի սահմաններում են: Նմուշարկման բոլոր կետերում ջուրն ունի հիդրոկարբոնատ-սուլֆատային, կալցիում-մագնեզիում-նատրիումային կազմ՝ առավելագույնը 0.33 գ/լ հանքայնացմամբ: Այլ պատկեր է գրանցվել Շամլուղի հանքավայրից հեռացվող ջրում, որը լցվում է Դեբեդի վտակը: Ջուրն ունի սուլֆատային, կալցիում-մագնեզիում-նատրիումային կազմ, 3.3 գ/լ հանքայնացում և կոշտության 44 արժեք (ղեկ.՝ ե.գ.թ. Հ. Շահինյան):
Ամփոփվել և հրատարակվել են Գեղամի հրաբխային լեռնաշղթայի տարածքում տեղի ունեցած 5 սեյսմիկ պարսերի վերլուծությունները, որոնք գրանցվել են 2014-18թթ. ընթացքում, վերին պլեյստոցեն-հոլոցեն մոնոգեն հրաբուխների ու ակտիվ խզվածքների խիտ կլաստերում: Գրանցված երկրաշարժերի պարսերի ժամանակ որևէ «հիմնական ցնցում» չի առանձնացվել, դրանք բնութագրվել են համեմտաբար կարճ ժամանակահատվածում հաճախակի գրանցվող թույլ ցնցումներով:
Սեյսմիկ կայաններից ստացված տվյալներն օգտագործվել են երկրաշարժերի էպիկենտրոնների տեղադիրքերի ճշտությունը մեծացնելու և այդ գոտում առկա լարվածային դաշտի ներկա վիճակը գնահատելու համար: Խիստ կարևորվում են վերջին տարիներին գրանցված երկրաշարժերի պարսերի և ակտիվ հրաբխային կամ գեոթերմալ պրոցեսների միջև հնարավոր կապի բացահայտմանն ուղղված հետազոտությունները (ղեկ.՝ ե.գ.թ. Լ. Սարգսյան):
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր