Բոլոր ցուցանիշերով հաստատվում է այն փաստը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են օգտվել հարյուրամյակը մեկ ընձեռված հնարավորությունից` ավարտին հասցնելու համար 107 տարի առաջ սկսած իրենց աղետալի գործը: Նման եզրահանգումը չպետք է չափազանցություն համարել, հաշվի առնելով պատմական որոշ փաստեր:
1914-ին Օսմանյան կայսրությունում ստեղծվել էր մի իրադրություն, որն առաջնորդեց իրականացնել 1878 թվի Բեռլինի դաշնագրի որոշ դրույթները, համաձայն որոնց եվրոպացի կառավարիչներ պետք է լիազորվեին ուղեւորվել դեպի կայսրության ներքին նահանգները, ոչ միայն որպես դիտորդներ, այլեւ հայկական այդ նահանգներում բարեփոխումներ կատարելու առաքելությամբ: Այդ շրջանների բնակիչների հանդեպ կառավարության բարբարոս վերաբերմունքը զայրացրել էր քաղաքացիներին, վախ արթնացնելով իտտիհադիստների սրտերում, թե հայերը անկախանալու ձգտումներով ցանկանում են մասնատել կայսրությունը: Համաշխարհային առաջին պատերազմին մասնակցելու (Գերմանիայի կողքին) Թուրքիայի պատճառներից մեկը այդ մասնատումը բացառելն էր, եւ իրոք, պատերազմը բացառիկ առիթ էր ընդմիշտ ազատվելու հայկական խնդրից` բնաջնջելով ողջ ժողովրդին: Դրան նպաստեց այն փաստը, որ ռուսական զորքերը, որոնք գրավել էին կայսրության արեւելյան նահանգները եւ պաշտպանում էին հայերի ֆիզիկական անվտանգությունը, որոշեցին լքել այդ վայրերը Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով:
Պատմության ամբողջ ընթացքում ռուսները իրենց իսկ շահերից ելնելով պաշտպանել են հայերին եւ տեր կանգնել նրանց իրավունքներին: Բայց այդ դերը մշտական գործոն չի հանդիսացել ռուս-հայկական հարաբերություններում, որպեսզի արդարացնի կույր ռուսամետ քաղաքականության ձեւավորումը Հայաստանում:
Նման սցենար է ներկայիս իրականացվում Կովկասում, որտեղ Ռուսաստանը կորցրել է իր ավանդական տիրապետությունը` Ուկրաինայում ծավալվող պատերազմի պատճառով եւ հնարավորություն ստեղծելով թուրք-ադրբեջանական տանդեմին քայքայիչ հարված հասցնել բուն Հայաստանի գոյատեւմանը: Դա պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայսերապաշտական փառասիրություններով, որոնց նպատակն է հասնել Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններին եւ կառուցել մի նոր թուրանական կայսրություն` անշուշտ իր ղեկավարությամբ:
Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ամբողջությամբ խրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում` անզոր Ռուսաստանի բաց աչքերի առաջ:
Մինչ Ռուսաստանի ազդեցության ոլորտը թուլանում է տարածաշրջանում, Արեւմուտքն է վերանորոգված շահարգռգվածությամբ սողոսկում այնտեղ` Հայաստանը դարձնելով Ռուսաստանի դեմ պայքարելու քաղաքական հարթակ:
Ներկա դրությամբ Հայաստանի պաշտպանական եւ տնտեսական կառույցներն ամբողջովին ինտեգրված են ռուսական համապատասխան կառույցների հետ եւ ռուսական ազդեցությունից դուրս գալը եթե ոչ անհնարին, ապա առնվազն չափազանց ցավոտ է լինելու: Թուլացած Ռուսաստանը կարող է ավելի վրեժխնդիր վերաբերվել Հայաստանին:
Հայաստանն իր պաշտպանվածության հույսերը կապել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ Մոսկվայի հետ կնքած իր երկարամյա պայմանագրի վրա: Բացի դրանցից, Հայաստանը նաեւ անդամակցել է ՀԱՊԿ-ին, որն ստեղծվել էր ի հակակշիռ ՆԱՏՕ-ին: Բայց այդ կառույցներից ոչ մեկը օգնության ձեռք չմեկնեց Հայաստանին 44-օրյա պատերազմի ընթացքում, որը գործնականում շարունակվում է մինչ օրս:
Ազգային ժողովի անդամ Արմեն Խաչատրյանը վերջերս ԱՊՀ պետությունների անվտանգության համաժողովում հայտարարեց, որ Ադրբեջանը այս տարվա սեպտեմբերի դրությամբ 127 քառ.կմ տարածք է գրավել Հայաստանի ինքնիշխան հանրապետությունից եւ պահանջեց, որ ֆորումը դատապարտի Բաքվին որպես ագրեսորի: Տարածքի ճշգրիտ նշումը զարմանք պատճառեց անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք ցարդ հավատացած էին, որ Ադրբեջանը ընդամենը 51 քառ.կմ է գրավել Հայաստանի տարածքից:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենի ուղիղ հեռախոսակապը Ադրբեջանի հետ եւ ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խիստ բնութագրումը վերջինիս գործողությունների, ցարդ որեւէ շոշափելի արդյունք չեն տվել, եւ Ադրբեջանը շարունակում է այդ տարածքները պահել իր ձեռքերում, սպառնալով պահանջել նաեւ ավելին:
Ռուսաստանի թույլ պաշտպանությունը իր դաշնակցին շատերին է մղել ՀԱՊԿ-ն անվանել անողնաշար մի կառույց, որի կարիքը Հայաստանը չունի իր այս նեղ օրերին: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ոչ միայն անվտանգության ոչ մի հույս չի ներշնչում, այլեւ խոչընդոտում է, որ Հայաստանը այլ վայրերից զենք ու անվտանգություն ձեռք բերի:
Նման գաղափարներ Հայաստանում առաջանում են տարածաշրջանի հանդեպ Արեւմուտքի շահագրգռվածության նոր թափի եւ հատկապես նախագահ Մակրոնի` «Ֆրանսիան Հայաստանի կողքին է» կոչի հետեւանքում: Այս ձեւակերպումը զայրացրել է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին, այն տպավորությունը թողնելով, որ Հայաստանը գերտերությունների զորակցությանը արժանի չէ, եւ պետք է ենթակա թողնվի Թուրքիայի եւ Ադրբեջանի քմահաճ վերաբերմունքին:
Ներկայիս ԵՄ-ի 40 դիտորդներ, երկու ամսվա մանդատով, գտնվում են սահմանի հայկական մասում: Ադրբեջանը մերժել է դրանց հյուրընկալել իր տարածքում, վախենալով հավանաբար, որ նրանք կարող են զեկուցագիր ներկայացնել սահմանային շրջաններում իր կատարած վայրագությունների եւ ավերածությունների վերաբերյալ:
«Կացությունը շատ վտանգավոր է: Անկայունությունը` չափազանց բարձր մակարդակի եւ 30 տարվա հակամարտության ցասումը` առավել թեժացած», նշել է Տոյվո Կլաարը` ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամում: «Մեզանից բացի միջազգային այլ դերակատարներ չկան, այդ պատճառով էլ մենք ավելի շատ ներգրավված պետք է լինենք», ավելացրել է նա:
Կարծես այսքանը բավական չէր վրդովեցնելու համար Բաքվին եւ Մոսկվային, այժմ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն է պատրաստվում իր դիտորդներին ուղարկել տարածաշրջան:
Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման մասին որեւէ ակնարկ մտահոգություն է պատճառում Բաքվին, որովհետեւ դա միակ միջազգային կառույցն է, որ դեռեւս պնդում է, որ Արցախի հայերը իրավունք ունեն ինքնորոշման: Մյուս կողմից Կրեմլն է անհանգստացած, որովհետեւ հավատացած է, որ իր սրբազան իրավունքն է տնօրինել տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը:
«ԵԱՀԿ առաքելությունը մանդատ չունի», ասում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ավելացնելով. «Հայաստանում ԵԱՀԿ անվամբ դիտորդական առաքելություն ունեցող որեւէ խմբավորում, որը չունի մանդատ, չի կարող որեւէ ձեւով կապ ունենալ ԵԱՀԿ-ի հետ, եւ նրա կողմից ներկայացված որեւէ արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես փաստաթուղթ»:
Բայց տեխնիկական առաջատար մի խմբավորում արդեն իսկ Հայաստանում է ուսումնասիրելու սահմանները եւ հետագայում դիտորդական առաքելություն ուղարկելու հարցերը մշակելու:
Ռուսաստանը խիստ մտահոգված է, որ իր դերակատարությունը իրենից խլում են օտար ուժեր, որոնց վերջնական նպատակն է տարածաշրջանից դուրս մղել իրեն: Անմիջապես որ դիտորդների տեղակայման լուրը շրջանառության դրվեց, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն նույնպես պատրաստ էր դիտորդների մի խումբ ուղարկել Հայաստան:
Հարցն այն է, որ ի հակադրություն ԵՄ-ի կամ ԵԱՀԿ-ի առաքելություններին, ՀԱՊԿ-ի պատվիրակությունը չի կարող միեւնույն անկախ դերակատարությունը իրականացնել եւ վերահսկել սահմանը, քանի որ Հայաստանը լիիրավ անդամակցության իրավունքով մաս է կազմում այդ վերահսկվող գոտու: ՀԱՊԿ-ն պարտավոր էր ի սկզբանե Հայաստանի տարածքում գտնվել եւ պաշտպանել նրան: Բայց փաստն այն է, որ Հայաստանը կազմակերպության կանոնակարգի N4 հոդվածի դրույթներով օգնություն խնդրեց, սակայն այդ կառույցը ոչ մի ձեւով չարձագանքեց:
Հակառակ ամեն ինչի, կարծես զարգացումները Հայաստանի օգտին են ընթանում, ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի: Մնում է, որ Հայաստանի ղեկավարները կարողանան բավականաչափ դիվանագիտական ունակություններ դրսեւորել օգտվելու համար տարածաշրջանի զարգացումներից:
Ի լրացումն կատարվող իրադարձությունների, Իրանն այս շաբաթ իր հյուպատոսարանը բացեց Կապանում (Սյունիք) շքեղ տոնակատարությամբ եւ ի ներկայություն Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի, որն իր ելույթում նշեց, որ «Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է»: Նա նաեւ հայտնեց, որ Թեհրանը ճակատագրական դեր էր խաղացել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ` խափանելով Ադրբեջանի լայնամասշտաբ պատերազմի ծրագրերը:
Առաջին անգամն է, որ ճեղքեր են առաջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում այն բանից հետո, երբ Բաքուն, անցյալ ամիս հյուրընկալեց Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներին եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին: Ըստ երեւույթին, նրանք Իրանի դեմ դավադրություն էին մշակում:
Հայաստանին սիրաշահելու նպատակով նախագահ Պուտինը, որն արդեն չափազանց զբաղված է Ուկրաինայի դեմ փետրվարին սանձազերծած իր անխոհեմ պատերազմով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Ալիեւին Մոսկվա է հրավիրել հոկտեմբերի վերջերին մշակելու համար խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջեւ:
Անհավանական է, որ Պուտինը ինչ-որ կերպ կարողանա սփոփել Հայաստանին կամ խաղաղության գործարքի միջնորդ հանդիսանա: Նրա քայլը, լավագույն դեպքում, կարելի է համարել տակտիկական մտահղացում` կասեցնելու համար արեւմտյան երկրների ներթափանցումը կովկասյան տարածաշրջան, եւ թյուր ուղերձ հղելու Արեւմուտքին, որ դեռեւս ինքն է վերահսկում այդ տարածքը:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)