Մեր ազգային խեղճության ամենավառ, ուղղակի ճչացող վկայություններից մեկը մեր դասական հեղինակների այսպես կոչված գիտական ակադեմիական հրատարակություններն են: Խղճալի են դրանք թե՛ գիտական որակի ու մակարդակի եւ թե՛ հրատարակչական առումով: Երբ դու հրատարակչական գործի եւ արվեստի գոնե նվազագույն պատկերացում ունես, եւ երբ դու գիտես, թե ինչ է պատշաճ մակարդակով հրատարակությունը, բնականաբար սրտի մեծ ցավով պետք է ձեռքդ առնես մեր դասական գրողների այսպես կոչված գիտական ակադեմիական հրատարակությունները: Այդ գործերի հրատարակիչները եւ այն մարդիկ, որոնք տնօրինել են այդ հրատարակությունները, երեւում է, որ գաղափար ու պատկերացում չունեն ոչ գրի ու տառի, ոչ տառատեսակի, ոչ էջի ձեւավորման, ոչ գրքի ձեւավորման ու նկարազարդման արվեստի եւ գեղագիտության մասին:
Հիմա դառնամ հրատարակությունների որակին եւ մակարդակին: Եվ որպեսզի խոսքս որոշակի եւ առարկայական լինի, կխոսեմ Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության մասին:
Արեւմտահայ բանաստեղծության ամենահզոր դեմքի` Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի գիտական ակադեմիական հրատարակությունը երեք հատորով լույս տեսավ 1986-87 թվականներին (առաջին եւ երկրորդ հատորները 1986-ին, երրորդը` 1987-ին): Սա երկար, շատ երկար սպասված հրատարակություն էր: Այս երեք հատորը հրատարակության է պատրաստել Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, այսինքն, ավելի ճիշտ, պատրաստել են ինստիտուտի գիտական աշխատակիցները: Հատորների ճակատները «զարդարում են» նշանավոր դոկտորների եւ պրոֆեսորների անուններ: Չեմ ուզում նրանց անունները նույնիսկ հիշատակել: Երբ հատորները լույս տեսան, պարզվեց, որ դա պարզապես խայտառակ հրատարակություն է:
Արեւմտահայ գրականության, հատկապես բանաստեղծության անգերազանցելի գիտակ Աբրահամ Ալիքյանը գրեց ընդարձակ քննական տեսություն այս հրատարակության եւ, ինչպես ասում են, քարը քարի վրա չթողեց:
Աբրահամ Ալիքյանի քննադատական հոդվածը Երեւանում հրաժարվեցին տպագրելուց. այդ գրությամբ կասկածի տակ էր դրվում հայտնի գրական կոչված հիմնարկի եւ զանազան ակադեմիկոսների եւ գիտության դոկտորների հարգն ու վարկը: Ի վերջո, երկար բանակցություններից հետո Աբրահամ Ալիքյանի քննությունը չափազանց կրճատված եւ աղճատված ձեւով տպագրվեց «Գրական թերթ»ում «Ակադեմիական հրատարակության փորձից. Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուն» խորագրով (27 հունվարի 1989): Ի պատասխան դրա, գրականության ինստիտուտը եւ Գրողների միությունը կազմակերպեցին փառաբանական հոդվածներ: Հիշեմ դրանցից մեկը: «Սովետական Հայաստան» թերթում տպագրվեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կիրակոսյանի փառաբանական հոդվածը` «Մշակութային իրադարձություն» ճչացող-կանչող խորագրով եւ «Իրականացվեց Դանիել Վարուժանի երկերի լիակատար գիտական ժողովածուն» ենթավերնագրով: Թե ինչպիսին էր այդ հոդվածը եւ որքանով էր գիտական, երեւում է հենց առաջին նախադասությունից. «Վերակառուցման հզոր շունչը, որ թարմ ու կենսանորոգ հոսանքներ է առաջ բերել մեր կեցության բոլոր բնագավառներում, հիմնովին փոխել է նաեւ հոգեւոր կյանքի լարվածքը»: Գորբաչյովը եւ Դանիել Վարուժանը… Թե ինչ կապ ուներ Դանիել Վարուժանը Գորբաչյովի հետ կամ թե Գորբաչյովը ի՞նչ կապ ուներ Վարուժանի հետ, մնաց գաղտնի: Մնացածը դուք պատկերացրեք… Քննական ոչ մի տող, ոչ մի դիտողություն, միայն եւ միայն վերացական գովաբանություն:
Աբրահամ Ալիքյանի քննական տեսությունը ամբողջությամբ տպագրվեց «Հասկ» հայագիտական տարեգրքում (Բեյրութ, Է-Ը տարի, 1995-96), վերահրատարակվեց Երեւանում 2009 թվականին Ալիքյանի «Հանդիպակաց ափեր» գրքում:
Եվ այնուամենայնիվ Ալիքյանը տասնյակ էջերով թվարկելով «ակադեմիական գիտական» հրատարակության «արժանիքներն» ու «նվաճումները», չի սպառել դրանք: Դրանք շատ շատ են: Ես կթվարկեմ եւս մի քանիսը:
Դանիել Վարուժանը լեհ մեծ բանաստեղծ Ադամ Միցկեւիչից (1798-1885) թարգմանել է երեք գործ` «Ղրիմի սոնետներ» շարքից «Հարեմի շիրիմները» սոնետը, «Բուդրիսն ու իր որդիները» բալլադը` «Լիթվանական գեղոն» վերնագրով եւ «Կոնրադ Վալլենրոդ» պոեմից «Ալպուխարյան բալլադ»ը` «Ալպուխարա» խորագրով: Վարուժանը թարգմանել է հավանաբար ֆրանսերենից: Ահա թե ինչպես են ծանոթագրված դրանք:
«Հարեմի շիրիմները
Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրվել է «Նաւասարդ», 1914, էջ 204: Տպագրվում է «Նաւասարդից»:
Ատամ Միցքիեւիչ (Ադամ Միցկեւիչ, 1798-1855)- Լեհ մեծ բանաստեղծ: Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել եւ տպագրվել են հայ պարբերական մամուլում»:
Ինչպես տեսնում եք, ոչ մի խոսք այն մասին, թե դա ի՞նչ բանաստեղծություն է, որտեղի՞ց է առնված: Բնագիրը ենթախորագիր ունի` «Միրզան` ուխտավորին»: Միցկեւիչը բանաստեղծությանը բացատրություն է կցել: Դա էլ չկա: Ինչո՞ւ չկան. միգուցե ֆրանսերենում չեն եղել: Ո՞վ է Միրզան, ի՞նչ խոսակցություն է Միրզայի եւ ուխտավորի միջեւ: Եթե այս բոլրոը ֆրանսերենում չեն եղել, միեւնույն է, այս ամենի մասին պետք է ասվեր ընթերցողին: Եվ վերջապես Վարուժանը Միցկեւիչի սոնետներից ինչո՞ւ է այս մեկը ընտրել:
Վերջին նախադասությունը բացարձակ սուտ է եւ կեղծիք, հայ պարբերական մամուլի էջերում Միցկեւիչի որեւէ բանաստեղծություն, որեւէ ստեղծագործություն մինչեւ 1921 թվականը չի տպագրվել: 1893 թվականին Բաքվում առանձին հրատարակությամբ տպագրվել է Միցկեւիչի «Կոնրադ Վալլենրոդ» պոեմը արձակ թարգմանությամբ, համառոտված (թարգմ.` Պ. Մարգարյան, 56 էջ): Մեկ բանաստեղծության գրաբար թարգմանություն տպագրվել է 1904 թվականին Վենետիկում հրատարակված «Առակք» ժողովածուի մեջ:
«Լիթվանական գեղոն
Ինքնագիրը չի պահպանվել: Առաջին անգամ տպագրել է` «Նաւասարդ», 1914, էջ 205-206: Տպագրվում է «Նաւասարդից»»:
Սա Միցկեւիչի «Բուդրիսն ու իր որդիները» բալլադն է: Ինչպես տեսնում եք, ոչ մի խոսք այդ մասին, բալլադի գրության թվականի եւ այլ անհրաժեշտ բաների մասին:
«Ալպուխարա
Ինքնագիրը չի պահպանվել: Տպագրվել է` Դ. Վարուժան, Երկեր, 1946, էջ 379:
Մեզ չհաջողվեց գտնել թարգմանության սկզբնաղբյուրը, իսկ վերոհիշյալ գրքում էլ չի նշված այն, ուստի տպագրվում է «Երկերի» 1946 թ. հրատարակությունից»:
Այստեղ սկսվում են երգիծանքն ու սատիրան:
Մարդիկ որոնել են ու չեն գտել «թարգմանության սկզբնաղբյուրը»: Ինչպե՞ս են որոնել: Ըստ երեւույթին, վերցրել են Միցկեւիչի ռուսերեն հրատարակությունները, հավանաբար ռուսերեն առավել ամբողջական` հինգ ծավալուն հատորից բաղկացած հրատարակությունը եւ «Ալպուխարա» վերնագրով բանաստեղծություն չեն գտել: Իհարկե, չէին գտնի: Դա նույնն է, թե Թումանյանի գրքում ցանկով որոնեն «Անուշ»ի «Համբարձում յայլա»ն կամ «Թմկաբերդի առում»ի «Աշուղի երգը»: Վարուժանը գիտականորեն ծանոթագրող դոկտոր-պրոֆեսորները գոնե պետք է կարդային Վարուժանի կարդացածները: Նրանք իրենց նեղություն չեն տվել կարդալու նույնիսկ 1955 թվականին Երեւանում հրատարակված Միցկեւիչի «Ընտիր երկեր» ժողովածուն, որ կազմել, խմբագրել եւ առաջաբանը գրել է Միցկեւիչի մի քանի բանաստեղծությունների եւ «Կոնրադ Վալլենրոդ» պոեմի ընտիր թարգմանիչ Պարույր Սեւակը: Գոնե կարդային առաջաբանը: «Ալպուխարա»ն «Կոնրադ Վալլենրոդ»ի մի հատվածն է. ծերուկ երգչի` Վայդելոտի պատմածի շարունակությունը «Ալպուխարյան բալլադ» վերնագրով: Եվ ահա, թե ինչ է գրում Պարույր Սեւակը իր առաջաբանում Միցկեւիչի հայերեն թարգմանությունների մասին.
«Միցկեւիչի երկերը առանձին գրքով առաջին անգամ են լույս տեսնում հայերեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նա անծանոթ է եղել հայ ընթերցողին: Հայ բանաստեղծներն ու գրողները, անշուշտ իմացել են նրան, սովորել նրանից: Հայտնի է, որ մեծագույն բանաստեղծ Հ. Թումանյանը փոխադրել է նրա «Ակերմանի դաշտերում» սոնետը: Դանիել Վարուժանը, հավանաբար ֆրանսերենից, արձակ թարգմանել է նրա «Բուդրիսն ու իր որդիները» բալլադը, «Հարեմի շիրիմները» սոնետը եւ «Ալպուխարա» բալլադը` «Կոնրադ Վալլենրոդ» պոեմից»:
Բայց ահա եւս մեկ «գիտական» ծանոթագրություն, այս անգամ «Ջարդը» պոեմի առաջին տողի.
«Հրամանը օ՜ն: Քարոզին մէջ Պիլալի»– նկատի ունի թաթար ջարդարար Պելալին»:
Սրա պատասխանը եւ ճիշտ բացատրությունը տվել է Աբրահամ Ալիքյանը:
«Հրամա՛նը, օ՜ն: Քարոզին մէջ Պիլալի»- Պիլալը անունն է այն ստրուկի, որ մարգարեն` Մուհամմեդը, ազատ արձակեց եւ տանիքների վրայից ժողովուրդը աղոթքի հրավիրող կարգեց, երբ այն ընդունեց իսլամությունը, այնպես որ Վարուժանը ո՛չ «թաթար ջարդարար Պիլալ» նկատի ունի, ո՛չ էլ Բելիար-Բելիալ-դեւը, այլ Մուեզզինը, գլխագրված:
Բայց սրա պատասխանը նույնպես արդեն կար Երեւանում տպագրված գրքերում: Այսպես, օրինակ.
«Քանի որ սահմանադրության տարիներին նա (Վարուժանը– Ե. Տ.-Խ.) «Ջարդով» էր հռչակվել, խոսեցի այդ բանաստեղծության մասին: Հիշեցի այնտեղ գործածված մի բառ, որ չէի հասկացել:
– Պիլալի բառը չեմ հասկացել,- ասացի,- Վարուժանը գրում է.
«Հրամա՜նը օ՜, քարոզին մէջ պիլալի
Կը ցցէ ոխն ահա ցուլի եղջիւրներ»:
[Վահրամ Փափազյանը] ժպտաց. շեշտակի նայեց ինձ եւ տվեց ուշագրավ պատասխան: Բացատրեց, թե պիլալին Ղուրանի այն գլուխն է, որը Մուհամմեդը գրել է Եմենից Մեքքա գնալիս, գրել` ոգեւորելու համար փոքրաթիվ զորքին:
– Վարուժանը դրանով ուզում է ասել` Աբդուլ Համիդի 1895-1896 թթ. ջարդերի հրամանը հրահանգվել է մոլեռանդ ամբոխին` մզկիթներում արտասանված Ղուրանի այդ հատվածներով:
Բանաստեղծության հաջորդ երկու տողերը բացատրում են այդ միտքը: Կարդա, կտեսնես:
Տանը կարդացի: Այդպես էր»:
(Գառնիկ Ստեփանյան, «Վահրամ Փափազյանի հետ», Երեւան, 1979):
Բավական է, վրիպումները, սխալներն ու անհեթեթություններն այնքան շատ են, որ պատմելով չի վերջանա: Ցավն այն է, որ Ալիքյանի հրապարակումից հետո էլ այսպես կոչված «վարուժանագետ» դոկտոր-պրոֆեսորները շարունակում են հրատարակել Վարուժանի երկերը նույն սխալներով ու վրեպներով: Այս ձախավեր ու խոտան ակադեմիական հրատարակությունը, ցավոք սրտի, փաստորեն դառնում է գիտական սկզբնաղբյուր:
Առավել մեծ ցավն այն է, որ Գրականության ինստիտուտի այսպես կոչված գիտական հրատարակությունները այսօր էլ շարունակվում են նույն եւ երբեմն էլ շատ ավելի վատ որակով ու մակարդակով: Հրատարակիչ-գիտնականները Հովհ. Թումանյանի ակադեմիական հատորի տիտղոսաթերթի վրա էջի թվահամար են դնում: Եվ եթե համարձակվում ես որեւէ բան մատնացույց անելու, փոխանակ շնորհակալություն հայտնելու, իրենց տգիտությունը վահան եւ սուր դարձրած, հարձակվում են վրադ իրենց սուր ճանկերով, ժանիքներով ու մագիլներով: Սա մեր համատարած տգիտության եւ խեղճության արդյունքն է ու վառ վկայությունը:
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ–ԽԱՉԱՏՐՅԱՆ