Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գրախոսականի փոխարեն

Դանդաղ քայերով բարձրանում ենք Բաղրամյան պողոտայով վեր՝ դեպի ՝ Կիեւյան: Ես զրուցակցիս աչքերով  նայում եմ  իմ սիրելի քաղաքին:  Փողոցի աջ կողմում, ծառերի սաղարթների հետեւից երեւացող  շինությունները, որոնք 50-60 ականների քաղաքացիական կառույցներ են, նորովի են ընկալվում ուղեկցիս հույժ հետաքրքիր մասնագիտական մեկնաբանություններից հետո: Այդ շրջանի ճարտարապետներն ու շինարարները, հարկավ, սիրել են Երեւանը, սրտի բաբախյունով կառուցել այն՝ սերունդների համար: Շենքերի այս շարքում նրա ամենասիրելի բազմաբնակարան «կոթողն» է, որն դասական համաչափության օրինակ է եւ, իրոք, հին հռոմեական կատարյալ կառույցների արձագանքն ունի: Ես ուշադիր եմ լսում նրան. միշտ եմ առիթ որոնել քայլելու նրա հետ Երեւանի փողոցներում, ինչպես կքայլես որեւէ նշանավոր պատկերասրահում, որտեղ ոչինչ չի սպրդում աչքիցդ հմուտ ուղեվարի բացատրությունների շնորհիվ: Ուղեկից- ուղեվարի դերում իմ վաղեմի բարեկամ, Ջիմ Թորոսյանի աշակերտ, ճարտարապետ Պետրոս Աբաջյանն է: Նա սոսկ ճարտարապետ չէ: Պետրոսը գրականության, երաժշտության, կերպարվեստի, պատմության, ԿՅԱՆՔԻ գիտակ է : Ու շատ համակրելի զրուցակից: Թվում է,  ոչ մի դժվարություն  չի «շեղել» նրան իր կենսասիրությունից, իսկ տարիքը, Աբաջյանի խոսքերով՝ առավել եւս,   խոչընդոտ չէ նորը սովորելու ու ձեռնարկելու: Ինչպե՞ս հասակն առնել ու միշտ երիտասարդ մնալ. այս բարդ «հիմնահարցի» իմ ուսուցիչը Պետրոս Աբաջյանն է:

–  Ես միշտ աշակերտ եմ, որը միշտ սովորելու կարիք ունի: Աննպատակ ապրած տարիներն են ծերացնում մարդուն,- ասում է Պետրոսը, ու ես նրա հետ համամիտ եմ:

 – Միշտ մտածել եմ, թե այն ամենագլխավորը, ինչ պիտի անեմ, դեռ առջեւում է: Դա յուրօրինակ զգացողություն ու ազդակ  է՝ աշխատելու ու կատարելագործվելու՝ ոչ միայն մասնագիտության մեջ: Վերամբարձ է հնչում, բայց այդպես է, – շարունակում է նա:

-Իմ ստեղծագործական  ամենաբեղուն շրջանը համընկավ ԽՍՀՄ-ի փլուզման տարիների հետ, որի պատճառով ի չիք դարձան շատ հնարավորություններ: Գիտեի, որ մեծ պատվերներ չէի ստանալու: Չունեի ո՛չ մեծ բարեկամական կապեր, ո՛չ էլ՝ ցանկություն՝ պատկանելու որեւէ քաղաքական կուսակցության: Պատճառն նաեւ այն էր, որ երբեք չեմ սիրել հրամայել եւ հրամաններին անվերապահ ենթարկվել: 1995 թվականն էր, ու այդ շրջանում շատ պարսկահայեր էին տեղափոխվել Հայաստան: Նրանք առանձնատների նախագծեր էին պատվիում: Իհարկե, դրանք այն պատվերները չէին, որ կուզեի, այնուամենայնիվ, ընտրություն չունենալու պայմաններում ստեղծագործական առումով այս աշխատանքը, իհարկե, բավարարում էր ինձ : Ես երբեք իմ կատարումների վրա անվերապահ վստահ չեմ եղել, ամբիցիաներ չեմ ունեցել, բայց  նորը ճանաչելու, այն աշխատանքիս մեջ կիրառելու  մեծ հակումս  տարել են ինձ հետաքրքրական միջավայրեր, մթնոլորտ, որտեղ  իրականացվում էին մտահղացումներ: Այսպես եղավ նաեւ Մոսկվայում, որտեղից մասնագիտական հրավեր ստացա այն պահին, երբ  թվում էր, թե, որպես գործող ճարտարապետ, մայրամուտին եմ հասել, բայց արի ու տես՝ այդպես չէր:  Իհարկե, ֆինանսներով ապահովող պատվիրատուն հաճախ թելադրում էր իր կարծիքն ու ճաշակը: Նույնիսկ այդպիսի պայմաններում կարելի էր ստեղծագործական խնդիրներ լուծել՝  քո հայեցողությամբ, ի տարբերություն՝ խորհրդային ժամանակների, երբ ճարտարապետը հնարավորություն չուներ նախագծի մեջ մանրամասները մինչեւ վերջ հասցնելու, ու դրանք թողնում էին  շինարարներին:

  Իմ, ավելի քան՝ 50 տարիների, որպես՝ ճարտարապետ աշխատելու ընթացքում, ունեցել եմ անհատական 150-ից  ավելի իրականացրած նախագիծ, որոնց համար երբեք չեմ ամաչում: Մոսկվայում սովորեցի ինքս անել ամեն ինչ, սկզբից մինչեւ վերջին պտուտակը: Այստեղ էր նաեւ, որ պատիվ ունեցա ծանոթանալու քեզ հետ,- ժպիտով ավելացրեց Պետրոսը:

   – Սակայն ամեն սկիզբ  ունենում է նաեւ իր վերջը: 2013 թվականին ավարտվեց մոսկովյան իմ էպոպեան, ու ես հայտնվեցի վակուումի մեջ: 63 տարեկան էի, շատերի համար հիմնավորված «անգործության»՝ թոշակի անցնելու երանելի  ժամանակ, բայց դա իսկապես՝ ինձ համար չէր: Տանել չեմ կարողանում անգործությունը: Հայաստան էի վերադարձել.  սկսեցի մարդկանց առաջարկել իմ ձրի օգնությունը: Մի քանի առանձնատներ եւ վերակառուցումների նախագծեր արեցի բարեկամներիս եւ ծանոթներիս համար: Լինում  էի գործող ճարտարապետ ընկերներիս մոտ: Նրանց հետ շփումներում փնտրում ինձ անհրաժեշտ ստեղծագործական պահեր, բայց ես այլեւս նրանցից մեկը չէի:

  -Մի օր արթմնի երազ տեսա՝ հորս ու մորս: Այնքան կենդանի էին, իրական: Կարոտից սիրտս ճմլվեց, ու ես որոշեցի գրել իմ հուշերը՝ մանկությունիցս մինչեւ մեր օրերը: Վառ օրինակ ունեի.  իմ սիրելի մաեստրոն՝ 90- ամյա քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը,  երբ արդեն չուներ բազկի ամրությունը, իր ստեղծագործական պահանջները բավարարում էր վրձնանկարներով: Այսպես, գործելու ծարավս գտավ իր նոր հունը: Ես միշտ ունեցել  մտքերս շարադրելու բավարար կարողություն, բայց երեւի բնածին երկչոտությունս խոչընդոտում էր կուտակված հիշողություններս  թղթին հանձնելով հրամցնել ուրիշներին: Այնուամենայնիվ, որոշեցի, որ հիշողություններս հետաքրքիր կլինեն զավակներիս, հարազատներիս եւ իմ հայրենակից մուսալեռցիներին: Հիշատակածս  դեպքերն ու վայրերը կարող էին ծանոթ լինել նրանց: Այդպես, հայտնվեցի ինձ համար բոլորովին նոր բնագավառում: Պարզվեց, որ գրականությունը լուրջ աշխատանք է, որը եւ  ինձ համար կենսական անհրաժեշտություն դարձավ: Ամենածավալուն աշխատանքս, որը գրականություն լինելու՝ մտավախում եմ՝  անհիմն  հավակնություն ունի՝ վերնագրել եմ՝ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՄԻ ՄՈՒՍԱ ԼԵՌՑԻ ՀԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»: Այն լույս տեսավ 2020 թվականին: Ասացին՝ կարդացվում է մի շնչով.  հաճելի է այդպիսի գնահատականի արժանանալը : Աշխատել էի լինել ծայրահեղ անկեղծ ու հնարավոր օբյեկտիվ: Իհարկե, զգացվում է, իմ կարծիքով՝  տղամարդու համար անսովոր համարվող հուզիչ եւ ռոմանտիկ մոտեցումս՝ վաղուց տեղի ունեցած դեպքերի,  եղելությունների եւ մարդկանց մասին: Միգուցե այս հատկություններս օգնու՞մ են ինձ ճկուն մնալ  եւ չչարանալ՝ կյանքում հանդիպող ամեն տեսակի անարդարությունների հանդիպելիս:

   Հաջորդ,  առայժմ միակ, ոչ մեմուարային գործս եղավ մեր վաղամեռիկ ընկերուհուն նվիրված «Լորա» նովելը: Հետո թղթին հանձնեցի ինձ համար ծայրագույն հարազատ մարդկանց՝ իմ ուսուցիչ Ջիմ Թորոսյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մասին հուշերը: Դրանք լույս տեսան առանձին գրքով: Այնտեղ տեղադրված , իմ կարծիքով՝ զվարճալի եւ ուսանելի փոքրիկ ակնարկը՝  «ՀՈՒՇԵՐ ԻՄ ՄԱՍԻՆ» լրացումը հակիրճ պատմություն է  թոռներիս մասին:

Կարծում եմ  անցյալն ինձ համար հետաքրքրության աղբյուր ու միջոց է՝  նաեւ հասկանալու, թե ինչպե՞ս կազմավորվեցի ես, դարձա այնպիսին, ինչպիսին կամ:  Ես փորձում եմ ինքս ինձ թույլ չտալ անգործ մնալ: Որոշել եմ գրել մի շատ տաղանդավոր , բայց հակասական կյանք ապրած մարդու՝ ճարտարապետ Ֆրիդոն Ասլանյանի մասին: Սկզբում կարծում էի նովել պիտի լինի,  հետո հասկացա, որ ունեցածս նյութը վեպ կլրացնի: Ուժերիցս վեր կլինի, բայց, փորձելու եմ:

-Իմ ուսուցիչները ինձ սեր են ներշնչել դեպի արվեստի պատմությունը, մասնավորապես՝ դեպի իտալական Վերածննդի ճարտարապետությունը, գեղանկարչությունն ու քանդակը: Սիրում եմ կարդալ այն ամենը,  ինչ գրվել է Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի, Բոտիչելլիի, Բրունելեսկիի, Ալբերտիի եւ մյուսների մասին: Դրան նպաստել են տարիներ առաջ Իտալիայում  ապրածս հիշողությունները: 

-Չեմ թողել նաեւ գործնական ճարտարապետությունը: Մխիթարյան մի վարդապետի խնդրանքով ձեռնարկել եմ  վանքային մեծ համալիրի նախագծման աշխատանքները, թեեւ դեռեւս ֆինանսավորման աղբյուրը հայտնի չէ: Կյանքումս առաջին անգամ եկեղեցի եմ նախագծում:

   -Նախընտրություններիս մեկն էլ դասական երաժշտությունն է: Ես գիտեմ, որ երաժշտությամբ հրապուրված անհատի աշխարհընկալումը անսահման ծավալուն ու բազմագույն է: Փորձում եմ մտնել այնտեղ: Դա նաեւ զավակներիս ու մտերիմներիս հետ հոգեւոր կապի միջոց է: Ի՜նչ արժե, երբ որդիդ քեզ է ուղարկում Բախի՝ Վիվալդիի դաշնամուրային կոնցերտի երեք տարբեր երաժիշտների եւ նվագախմբերի կողմից կատարումներ, ու դու կարողանում ես ընկալել այդ կատարումների իրարից տարբերվող հրաշալի  նրբերանգները: Սա ինձ անսահման հաճույք եւ երանություն է պատճառում: Մի խոսքով՝ ձանձրանալու ժամանակ չունեմ: Թեեւ գիտեմ՝ գնացքը գնում է, բայց  շարունակելու եմ վազել ետեւից:

Գրառեց՝ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ