Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Ներկայում մեծ ծավալի գիտական աշխատանքներ են կատարում ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտնականները:

Գիտնականների կողմից հետազոտվել է միկրոալիքային մագնիսական դաշտի փոխազդեցությունը կենսաբանական հյուսվածքների եւ իոնային ջրային լուծույթների հետ:Այդ նպատակով մշակվել է հատուկ ռեզոնանսային էլեկտրադինամիկական կառուցվածք,որն ապահովում է միկրոալիքային դաշտի մագնիսական եւ էլեկտրական բաղադրիչների տարածական խիստ տեղայնացումը:

Հայտնաբերվել է կենսաբանական հյուսվածքների եւ լուծույթների  կողմից միկրոալիքային մագնիսական դաշտի խիստ  կլանման երեւույթ:Այն կախված չէ արտաքին մագնիսական դաշտից  եւ ունի էական ջերմաստիճանային կախ-վածություն: Հայտնաբերված երեւույթը կարող է կիրառվել բժշկության մեջ` ոչ ինվազիվ հետազոտություններ կատարելիս:

Մասնագետների կողմից ուսումնասիրվել է լույսի բեւեռացման պտույտը, երբ այն անցնում է  աջ եւ ձախ տեսակի թաղանթներով եւ բազմաշերտ միջավայրերով: Օգտվելով պտտման անկյան՝ որպես կոմպլեքս թիվ ներկայացումից, վերլուծվել են  ինչպես անցման, այնպես էլ անդրադարձման դեպքերը: Ցույց է տրվել, որ կոմպլեքս անկյան իրական եւ կեղծ մասերը  բեկման ցուցիչի համապատասխանաբար կենտ եւ զույգ ֆունկցիաներ են: Բացասական ցուցիչ ունեցող թաղանթի դեպքում  կա Կեռի  անկյան ռեզոնանսային աճ,որը կարող է դիտվել  փորձնականորեն: Ուսումնասիրվել են բեկման ինդեքսի հատուկ պրոֆիլների լրացուցիչ համաչափությունները, որոնք օգտագործվում են կատարյալ պատկերապատման եւ թաքցնելու հայտնի երեւույթների մեջ: Գիտական  հետազոտությունները ներկայում շարունակվում են:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Տեխնիկական  գիտությունների  թեկնածու