Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխություն

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Ամերիկահայ գիտնականների եւ ճարտարագետների ընկերակցության (AESA) 2023 թվականի ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Օլիմպիադայի նպատակն էր սովորողների շրջանում խթանել հետաքրքրությունը ճարտարագիտության եւ ընդհանրապես գիտությունների նկատմամբ, մենթորության, ուսուցման տարբեր հնարավորությունների, այդ թվում նաեւ կրթաթոշակների միջոցով նպաստել նրանց գիտելիքների ձեռք բերմանը դասի սահմաններից դուրս:

Նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը եւ Կենտրոնի տնօրեն Հ. Մարգարյանը կարեւորեցին նախագծերի իրականացման դերը, սովորողների հետազոտական կարողությունների զարգացումը: Այն կարող է նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, գյուտերի առեւտրայնացման հնարավորությունների մեծացմանը:

Օլիմպիադան տեղի ունեցավ ապրիլի 15-16-ին, որին մասնակցեցին 133 սովորող Երեւանի եւ ՀՀ մարզերի 37 դպրոցներից: Ներկայացվել էր 66 թիմային եւ անհատական նախագիծ ուսուցիչների ղեկավարմամբ: Հաղթող ճանաչվեցին 55 սովորող:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 250 սովորող եւ ուսուցիչ: Հաղթողներին եւ նախագծերի ղեկավար ուսուցիչներին հանձնվեցին մրցանակներ եւ կրթաթոշակներ, իսկ մյուսներին՝ մասնակցության վկայականներ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ