ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ – Գիորգոս Թոսիկյանը ժամանակակից հույն ամենից տաղանդավոր կիթառահարներից է: Ծնվել է 1981-ին, Պիրեայում, հայ հոր եւ պոնտացի հույն մոր ընտանիքում: Աթենքի Ժամանակակից երաժշտական կրթության կոնսերվատորիայում կիթառ է ուսանել Յակովոս Քոլանյանի հետ: 2005-ից հանդես է գալիս համերգներով, մասնակցում է փառատոների Հունաստանում եւ արտերկրում: 2008-ից երգահան Գիորգոս Վարսամակիսի նվագախմբի մշտական գործակիցն ու անդամն է: Նրա սկավառակագրությունը ներառում է «Հույն կոմպոզիտորների կիթառային երաժշտություն» (2010), «Խճանկար» (2013), «Սյուիտ կիթառի եւ լարային անսամբլի համար» (2015), «Չորս Արգենտինա» (2023) եւ այլ գործեր: 2010-2022 թթ. համագործակցել է անվանի կիթառահար, երգահան եւ կոմպոզիտոր Նոտիս Մավրուդիսի հետ: Թոսիկյանը դասական կիթառ է դասավանդում Ժամանակակից երաժշտական կրթության կոնսերվատորիայում եւ Ֆիլիպոս Նակաս կոնսերվատորիայում:
«Վառվռուն նոր տաղանդ, անշուշտ՝ իր սերնդի լավագույններից մեկը, անհանգիստ միտք» (Կոստաս Գրիգորեաս, կիթառահար-կոմպոզիտոր): «Ամուր տեխնիկա, որը թույլ է տալիս նրա բնածին եւ լավ զարգացած երաժշտականությունն արտահայտվել բացարձակ ճշգրտությամբ» (Կոռնիլիոս Դիամանտոպուլոս, «Ջազ եւ »): «Գիորգոս Թոսիկյանն ապացուցում է, որ արդարացիորեն համարվում է մեր ամենանշանավոր երիտասարդ կիթառահարներից մեկը» (Լիանա Մալանդրենիոտի, «Դիֆոնո»): «Նոր ժամանակների ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը բերում է մենակատարի հասուն հնչողություն՝ զգացմունքների եւ տեխնիկայի բարակ սահմանագծին» (Նիկոս Վատոպուլոս, Kathimerini): «Առավելագույն մակարդակում հասնելով տեխնիկայի՝ Գիորգոս Թոսիկյանը բնական եւ վստահ ձեւով ներթափանցեց իր մեկնաբանած ստեղծագործությունների յուրաքանչյուր գեղագիտական առանձնահատկությունների մեջ» (Գիորգոս Վ. Մոնեմվասիտիս, «Էլեֆտերոտիպիար»): «Թոսիկյանը, վստահ տեխնիկայով ու երաժշտականության զգացումով, «աղի» ու անհավակնոտ, անմիջական ու սուր, ապա՝ թավշյա ու քաղցր, կարողանում է աշխուժացնել երաժշտությունը» («Ամերիքան րիքորդ գայդ»):
–Սիրելի՛ Գիորգոս, շատ երաժիշտներ եւ բանաստեղծներ են փորձել բնութագրել կիթառի վեց լարերի կախարդանքը: Եվ ինչպիսի՞ն է քո՛ բնութագրումը:
-Չեմ կարող չհիշել իսպանացի մեծանուն կիթառահար Անդրես Սեգովիայի հայտնի խոսքը, թե կիթառը փոքր նվագախումբ է: Դա ինձ հիշեցնում է Օդիսեաս Էլիտիսի բանաստեղծության «Այս փոքր, բայց մեծ աշխարհը» տողը: Իսկապես, կիթառի կարողությունները՝ նրա բազմաձայնությունն ու տոնային գույները, այն նմանեցնում են փոքր նվագախմբի, որն ունակ է որպես մենակատար բարդ ստեղծագործություններ կատարել: Ավելին, նրա դինամիկ տիրույթն ու տեմբրն այն իդեալական են դարձնում մարդու ձայնին ուղեկցելու համար: Այս հատկություններն ընդամենը պատճառներից մի քանիսն են, որպեսզի կիթառը համարվի աշխարհի ամենասիրված գործիքներից մեկը, որն ընդգրկում է երաժշտության բոլոր ժանրերը: Ինձ համար այդ նվագարանը մարդկանց հետ շփվելու, ժամանակի միջով ճանապարհորդելու, խորը հույզեր ապրելու եւ գուցե նույնիսկ Աստծո հետ կապ զգալու միջոց է:
–Հունաստանում քեզնից առաջ եղել են հայկական ծագումով երկու կիթառահար՝ հանգուցյալ Հրաչ Ղուկասյանը, որը կատարել է հավայան կիթառ եւ քո ուսուցիչ Յակովոս Քոլանյանը: Ի՞նչ են նրանք բերել հունական կիթառ նվագելու մշակույթին:
-Խոստովանեմ, որ Հրաչ Ղուկասյանի մասին չգիտեմ, բայց անմիջապես կջանամ իմանալ նրա մասին: Իմ ուսուցիչ Յակովոս Քոլանյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել: Նա ինձ լայն գիտելիքներ փոխանցեց կիթառի տեխնիկայի վերաբերյալ եւ իմ մեջ երաժշտության հանդեպ սեր եւ հարգանք սերմանեց: Անկասկած, նա ինձ համար ազնվության, էթիկայի եւ սեփական արվեստի հանդեպ խորապես լուրջ մոտեցման օրինակ է: Բացի այդ, նա մեզ նվիրեց հայկական ավանդական երաժշտության իր հրաշալի մշակումները կիթառի համար: Նաեւ վերջերս առիթ ունեցա հանդիպելու կիթառահար Սամսոն Խաչատրյանին՝ մի շատ բարի, երաժշտական մեծ գիտելիքներ ունեցող մարդու: Հաճելի էր նաեւ ծանոթանալ նրա դստեր՝ Անահիտի հետ, որը նույնպես շատ տաղանդավոր երիտասարդ կիթառահար է:
–Իսկ ինչպիսի՞ն են քո՛ կապերը հայ երաժշտության հետ:
-Փոքր տարիքից ինձ հաճախ են հարցրել՝ ո՞րտեղից ես: Այդ հարցն ինձ ոգեշնչեց բացահայտելու իմ արմատները պատմության եւ մշակույթի ոսպնյակի միջոցով: Հայ երաժշտությունն ինձ խորապես հուզում է. Իմ վերջին նախագիծը կենտրոնացած է Գեորգի Գուրջիեւի երաժշտության վրա: Ես գործիքավորել եմ նրա 13 ստեղծագործությունները, որոնք շուտով կթողարկվեն: Գուրջիեւի երաժշտությունն այնքան հարուստ է, որ հաճախ ինձ ստիպում է մտածել դրա ծագման մասին: Դրա խորությունը գրեթե անհասկանալի է, բայց ես դա խորապես զգում եմ զգացմունքային մակարդակում: Նրանից բացի, ինձ ստիպում է արտասվել Կոմիտասը, հարգում եմ Արամ Խաչատրյանին, սիրում եմ Տիգրան Համասյանին:
–Կապ ունե՞ք պոլսահայ երաժիշտ Մաժակ Թոշիկյանի հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց են հայ նախնիներդ:
-Ցավոք, Մաժակ Թոշիկյանի հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել եւ չգիտեմ, թե ազգակցական կապ ունենք: Պապս՝ Դանիել Թոսիկյանը, որպես անչափահաս որբ, մեն-մենակ Պիրեա է հասել 1922 թվականին: Նա ծնվել է Յոզղաթում եւ Հայոց ցեղասպանության ժամանակ ականատես է եղել իր ողջ ընտանիքի դաժան ոչնչացմանը… Ես հաճախ եմ մտածում, թե ինչպես է հնարավոր, որ նման աներեւակայելի դժվարություններ կրած մեկի թոռը կարող է լիարժեք կյանքով ապրել որպես երաժիշտ: Իհարկե, կապը հայ մշակույթի հետ՝ երաժշտության, գրականության եւ խոհանոցի միջոցով, պահպանվել եւ ամուր է մնացել իմ ընտանիքում: Այնուամենայնիվ, ես նաեւ հավատում եմ, որ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, նվիրվածությունը եւ կիրքը երաժշտության եւ արվեստի հանդեպ, խորապես արմատավորված են իմ հայկական ժառանգության մեջ:
–Տարիներ առաջ Հայաստանի Միջազգային Վերածննդի երաժշտական փառատոնում դու արժանացար առաջին մրցանակին…
-Հայաստան այցելելը խորունկ փորձառություն էր: Եղա Գյումրիում ու Երեւանում, սիրահարվեցի այդ քաղաքների մթնոլորտին ու մարդկանց ջերմությանը: Ինձ խորապես հուզում են Սերգեյ Փարաջանովի կյանքն ու արվեստը: Նրա ֆիլմերն իսկական գլուխգործոցներ են:
Ես կապեր եմ պահպանում աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ կիթառահարների հետ եւ անհամբերությամբ սպասում եմ շուտով կրկին Հայաստան այցելելու առիթի…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ