Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գարնան երեք ակնթարթ մշակութային Երեւանում

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղանկարչական ցուցահանդես՝ «Ի պատիվ Ֆրանսիայի»

Գեղանկարիչ Լեմս Ներսիսյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի ճեմասրահ-ցուցասրահում մարտյան առաջին օրերին ներկայացրել էր ֆրանսիական քաղաքային պեյզաժների, բնանկարների եւ մոնեական արվեստի տպավորությամբ ու շնչով ծաղկանկարների՝ հինգ տասնյակ կտավներ՝ ի երախտագիտություն եւ ի պատիվ Ֆրանսիայի:

Ինչպես վերջին երկու տասնամյակներին ընդունված է Հայաստանում, մարտի 20-ից մեզանում կմեկնարկեն ֆրանկոֆոնիայի օրերը, եւ այս իրադարձության շրջանակներում նախատեսված մշակութային միջոցառումների ոչ պաշտոնական մեկնարկը տրվեց հենց այս՝ «Ի պատիվ Ֆրանսիայի» խորագրով գեղանկարչական ցուցադրությամբ: Ամիսներ առաջ էր, որ նույն հեղինակի ծաղկանկարների փնջանքով ցուցահանդես էր բացվել նույն սրահում՝ ի նվիրում մանկավարժական մայր բուհի ստեղծման 100-ամյա հոբելյանի: Հիմա արդեն գեղանկարչորեն սերն ու երախտագիտությունն էր արտահայտում՝ ի պաշտպանություն հայության իր ձայնը բարձրացրած Ֆրանսիայի:

Վիվալդիի ստեղծագործությունները՝ Հայաստանում առաջին անգամ կատարելիս

Մինչ այս՝ 2004-ից սկսյալ, գեղանկարիչն ութ ցուցահանդեսով էր ներկայացել, նախ՝ Փարիզում, ապա՝ Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների պալատում: Դրանց շարքում էր 2015-ին՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Լեմս Ներսիսյանի գործերի ցուցադրությունը, որում ներկայացված էին հայոց կորուսյալ տեղավայրերում արված կտավները՝ ի նշան ցավի, հիշողության, անհաշտության եւ պահանջատիրության: Դրանք հայոց նշխարքներ էին, որ մատուցվում էին աշխարհին՝ բարձրաձայնելով 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված ամենամեծ հանցագործության փաստի մասին, թեեւ լեզուն, որ ընտրվել էր դա անելու համար, գեղեցկի բարբառն էր. վրձնված էին Կիլիկիայի, Արեւմտյան Հայաստանի բազում տեղավայրերի պատկերներ, որոնք նկարիչն իր աչոք տեսել էր, տեղում կտավին հանձնել:

Ֆրանսիական քաղաքային պեյզաժները, Փարիզի բուսաբանական եւ Ժիվեռնեում գտնվող Կլոդ Մոնեի այգիներում արված բնանկար – ծաղկանկարները, Սեն  գետով համայնապատկերները, Վերսալին կից շինությունները, էլզասյան գեղանկարները, Նոտր-Դամն ու Էյֆելյան աշտարակը, նորմանդական ծովեզրն ու Բարբիզոն մշակութային քաղաքի տարբեր անկյունները, վաղեմի փառքի կնիքը կրող պալատներն ու Հաղթանակի կամարը Լեմս Ներսիսյանի «ֆրանսիական կեցության» շրջանից են: Այս գործերում, որքան էլ պատումը հարուստ մշակույթով եռուն, շքեղ երկրի մասին է, գույները խաղաղ են, հանդարտության շնչով, անդորրավետ: Դրանցում մի ուրիշ Ֆրանսիա է՝ դարավոր անցյալի կնիքով, մոնեական արվեստի շոշափելի տպավորությամբ, ներսիսյանական ընկալումներով եւ ճանաչելի ձեռագրով:

Նկարչի համոզմամբ, «Ի պատիվ Ֆրանսիայի» ստեղծագործությունների ցուցադրությունն իրենը չէ, այլ հայ ժողովրդինը: Նրա դիտարկմամբ՝ Ֆրանսիան աշխարհում առաջին հումանիստական երկիրն է, որը լինելով գեղեցիկի կենտրոն, կփրկի աշխարհը: «Ֆրանսիան այն եզակի երկիրն է,- ասում նա,- որը կարող է չափել հայ ժողովրդի մշակույթի մեծությունը, իսկ ես իմ գեղանկարներով յուրատեսակ էքսկուրս եմ կազմակերպել, որի նպատակն է ծանոթացնել այդ երկրի տեսարժան վայրերին, մշակույթին, առօրյային՝ մղելով դեպի արվեստ»:

Քառասուն ծաղկանկար կտավ՝ ի նշան սիրո եւ զարթոնքի

Երիտասարդ գեղանկարիչ Վահե Բաղումյանի ծաղկանկար-նատյուրմորտների եւ բնանկարների հերթական ցուցահանդեսը կրում էր «Զարթոնք» խորագիրը եւ ընծայում էր գարնանը, սիրուն եւ կանանց: Այն նաեւ քսանյոթամյա նկարչի վերջին շրջանի ստեղծագործությունների համահավաք պատկերն էր: Ցուցահանդեսը բացվեց մարտի ութին Երեւանի կենտրոնում՝ Բուզանդ 3 հասցեում գործող «Փյունիկ» մշակութային կենտրոնի կոկիկ ցուցասրահում: Ցուցահանդեսի գաղափարի, նկարչի՝ իր անցած ուղու, իր ուսուցիչների, իր ուսուցչական պրակտիկայի, արվեստում իր տեսլականի մասին մեր զրույցում խոսում էր խանդավառությամբ, վստահությամբ, արվեստին՝ բոլորանվեր: Մի քանի տարի հեռահար հետեւելով Վահեի արվեստին ու առաջընթացին՝ նկատել եմ իր բացառիկ աշխատասիրությունը, որ գումարվում է բնատուր շնորհին եւ ուսումնառության ընթացքում ձեռք բերվող հմտություններին: Նույնը նշում է իր ուսուցիչը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը: Օր չկա, որ Վահեն չարթնանա նոր նկար անելու ձգտմամբ: Սուր գունազգացողությամբ օժտվածությունն ու ոլորտի վարպետներից դասեր քաղելու ծարավն ու հետեւողականությունն օգնել էին նրան հասնելու գեղարվեստական համոզչականության, եւ իր չորս տասնյակի հասնող ծաղկանկարները դիտելիս չէիր մտածում ազդեցությունների մասին:

Վահե Բաղումյան. «Նատյուրմորտ»
Վահե Բաղումյան

Վահեն ծնվել է Աբովյան քաղաքում. նախնիները հայրենադարձվել են Իրանից եւ հասուն տարիքում լինելով այնտեղ՝ Վահեն խորապես տպավորվել է Արեւելքի արվեստից: Վերադարձին զգացել է դրանից ազդեցության շերտեր իր գեղանկարչությունում: Առայժմ այդ շերտերը բացահայտ նկատելի չեն իր կտավներում, բայց, գուցե թե, միտումները կխորանան հետայսու՝ նոր շնչառություն եւ իմաստ հաղորդելով նրա նկարչական իմաստաբանությանը: Առայժմ իր աշխարհզգացողությունները հաղորդում է հիմնականում ծաղկանկարներով, նաեւ դիմանկարչական փորձերով, որոնցից շատերը կարելի է հաջողված համարել: Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Աբովյանի գեղարվեստի դպրոցում, ապա՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, հաջորդիվ՝ Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: Ժամկետային զինծառայության շրջանին մասնակցել է 2016 թ. քառօրյա պատերազմին, ահա թե ինչու իր որոշ ցուցադրություններ նվիրել է հայոց մարտիկներին եւ նկարների վաճառքից հասույթի մի մասը փոխանցել նրանց աջակցության հաշվին: Ակադեմիայում ուսումնառությանը համընթաց, որպես կերպարվեստի ուսուցիչ, դասավանդել է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի արվեստի դպրոցում: Արդեն երկրորդ տարին է՝ իր հմտություններն է հաղորդում Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: Ինչպես ինքն է խոստովանում, որքան հաղորդում է, նույնչափ վերցնում է իր սաներից՝ առնչվելով նրանց անմիջականությանն ու անբռնազբոսությանը, մանկականորեն գեղանկարչական հայտնություն անելու հրաշքին: «Աստվածաբանության մեջ ասվում է՝ ով ճանաչում է արվեստը, նա ճանաչում է Աստծո արարչությունը»,- իր եղբոր արվեստը ներկայացնելիս՝ ասում է Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր, պատմաբան Ակսել Բաղումյանը: Այդ արարչությունը ճանաչելու ուղով է ընթանում նաեւ Վահեն:

Վահե Բաղումյան. Խատուտիկներ

Վիվալդիի արիաների եւ կոնցերտների հայաստանյան նոր պրեմիերաներ՝ Նիկոլայ Մադոյանի եւ Գայանե Ղամբարյանի մասնակցությամբ

 Բարոկկո շրջանի երաժշտական արվեստի ամենափայլուն դեմքերից մեկի՝ Անտոնիո Վիվալդիի՝ Հայաստանում մինչ այս չհնչած ստեղծագործությունները համերգաշարով ներկայացնելու գաղափարի մարմնացումն էր հանրաճանաչ ջութակահար Նիկոլայ Մադոյանի եւ սոպրանո Գայանե Ղամբարյանի մարտյան բեմելույթը՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ: Ինչպես նույն կազմով մեկուկես ամիս առաջ՝ հունվարյան համերգին, այդպես էլ հիմա հնչեցին բացառապես Վիվալդիի` ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտների հայաստանյան պրեմիերաներ եւ օպերաներից արիաներ:

Հոգեցունց երաժշտության կախարդանքը հաղորդելու վարպետությանը հասնելու համար մեծ ճանապարհ պետք է անցնել, նաեւ ունենալ գիտակցությունը, որ առնչվում ես բուն աստվածայինի հետ: Այդ անհատապես ապրված, բայց եւ միավորող գիտակցությամբ են բեմ բարձրանում թե՛ մենակատարները եւ թե՛ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Լեմս Ներսիսյան

«Ամեն կատարողի հետ չէ, որ, գոնե ես, միաձուլվում եմ կատարման, մեկնաբանման շուրջ,- վիվալդիական համերգաշարի առիթով ասում է մաեստրոն:- Ամեն ստեղծագործություն չէ, որ քեզ կարող է տալ այնպիսի թեւեր, որ տալիս է, ասենք, մենակատարին: Սակայն կան կատարողներ, որոնց հետ բեմ բարձրանալը եւ համերգային կախարդանքին մասնակցելը նոր լիցքեր, նոր ոգեւորություն է տալիս: Ես կարծում եմ, որ շատ դիրիժորների հետ է այդպես: Ի դեպ, ես երբեք իմ ըմբռնումները չեմ պարտադրել որեւէ մենակատարի, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր ընկալման իրավունքը: Այս համերգի պարագային երկու արտիստներ են՝ կայացած անհատականություններ, որոնք իրենց ընկալումների մեջ պետք է ազատ լինեն: Ինչ վերաբերում է Վիվալդիին, մեզանից 250-300 տարի առաջ գործած երաժիշտների ապրած ժամանակաշրջանում, հավանաբար, ընկալումները տարբեր են եղել` թե՛ երաժշտակատարողական, թե՛, առհասարակ, աշխարհայացքային: Բայց ես համոզված եմ, որ այն ժամանակվա՝ ուշ բարոկ շրջանի տիտանների՝ Բախի, Վիվալդիի, Հենդելի երաժշտությունը տիեզերական ալգորիթմների արդյունք է: Որովհետեւ մարդ արարածն ունակ չէ նման աստվածային արարչագործության: Այդ երաժշտական ռիթմերը, որ հասնում են մարդկանց, տիեզերքից են գալիս: Եվ փա՜ռք իրենց եւ շնորհակալություն, որ իրենք առողջ են եղել եւ իրենց «խողովակով» այդ երաժշտական ալգորիթմները եկել, հասել են մեզ: Հիմա՝ եվրոպական աշխարհամասում վերջին 30-40 տարիների ընթացքում մեկնաբանման նոր ուղիներ են փնտրում՝ դեպի բարոկ շրջանի ընկալումներ, հետաքրքրական է դա: Այդ ընթացքում այլ դպրոցի ներկայացուցիչներ շարունակել են ավելի ազատ, ավելի ռոմանտիկ ներկայացնել վերոնշյալ հեղինակներին: Հիմա նման երաժշտակատարողական խնդիրներ կան, եւ ժամանակ է պահանջվում՝ հասկանալու՝ կկարողանա՞ք մենք մոտենալ եւ ի վերջո, կտրվի՞ մեզ, կունենա՞նք այն կախարդանքը, որպեսզի հասկանանք, թե ինքը՝ Բախը, ինչպե՞ս էր մեկնաբանում, ինչպե՞ս էին մեկնաբանում իր աշակերտները, որ հիմնականում, իր զավակներն էին: Նույնը վերաբերում է Վիվալդիին, Հենդելին:

Լեմս Ներսիսյան. Ֆրանսիայում արված քաղաքային պեյզաժ

Այս համերգաշարի պարագային, առաջնությունը տալով մենակատարների ընկալումներին, այդուհանդերձ, ես փորձում եմ ինչ-որ բաներ ներդաշնակել, որպեսզի մեր կատարումները գոհացնեն հեղինակներին՝ արարիչներին: Ես հուսով եմ, որ իրենք ինչ-որ աչքով, ինչ-որ ականջով լսում են իրենց ստեղծագործությունները, իրենց մեկնաբանողներին եւ հետեւություններ են անում: Ես կուզեի, որ այս աղոթքը ընդունելի լիներ իրենց կողմից»:

Մաեստրոյի կողմից «աղոթք» որակված համերգի ծրագիրն առավել քան հագեցած էր՝ երեք կոնցերտներ՝ RV 352, RV 235, RV 212/a: Կոնցերտների ընդմիջեն Գ. Ղամբարյանը երգեց արիաներ Վիվալդիի տարբեր օպերաներից: Համերգային երեկոյի «բարձրակետն» էր ջութակի եւ ձայնի համահնչմամբ «Սոլ դա տե միո դոլչե ամորե» արիան «Օրլանդո Ֆուրիոզո» օպերայից: Հայաստանում առաջին անգամ հնչեց նաեւ սոպրանոյի եւ նվագախմբի համար RV 626 մոտետը: Քառամաս այս ստեղծագործության ամփոփիչ «Ալելուիան» հոգեմաքրման հունչ էր եւ իմովսան առ աստվածային արարչություն… Եվ ես հընթացս ընթերցեցի այն բանաստեղծորեն՝ հայերեն արտաբերմամբ…

Ալելուիա՝ ձայն կհնչե՝

Հողն արթնությամբ գոլ կարձակե,

Գուղձը պատռած ծիլ կըելնի,

Փիրուզ-կանաչ՝ քար ու ծերպին,

Մեղուն օդում կպտտե,

Առէջները կպրպտե,

Երկինք պղտոր կզուլալվի,

Մորս դեմքով ինձ կժպի,

Կասե՝ արցունք էլ բոլ քամես,

Ժամերով եմ քեզ լոկ լքել,

Բայց հսկումս չի դադարել,

Քո քով անտես ներկա եմ ես,

Եվ ննջմանս թե հավատաս,

Արթնացումս հար կհուսաս,

Ցուրտը վանի՛րքո ոսկերքից,

Ամեն շյուղի հետ բողբոջի՛ր,

Փա՜ռք առաջնեկ ամեն ծաղկման

Ալելուիա՜, ալելուիա՜…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լորանս Մխիթարյանը վերջապես լույսի ներքո

Հաջորդ գրառումը

«Հե՛յ, Քիթի». երբ մարմինը խոսում է եւ խնդրարկում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Հե՛յ, Քիթի». երբ մարմինը խոսում է եւ խնդրարկում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական